Ապրիլյան պատերազմ. սցենարն ու արդյունքները

Ապրիլյան պատերազմ. սցենարն ու արդյունքները

«ԼՂՀ անկախության ճանաչումն իմաստ կունենա այն դեպքում, եթե դրան անմիջապես հաջորդի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կոնֆեդերատիվ միության հռչակումը»,- “Голос Армении” թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան և նախկին դիվանագետ Արմեն Այվազյանը:

– Պարոն Այվազյան, մայիսի 9-ին Լոնդոնում բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալով փորձագետների և պատգամավորների առջև՝ ներկայացրել եք ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի իրողությունները, անդրադառնալով վերջին իրադարձությունների լույսի ներքո նաև Հայաստանի ռազմավարական անվտանգությանը վերաբերող հարցերին: Ինչպե՞ս եք գնահատում դրանք որպես ոչ միայն քաղաքագետ, այլև ռազմական պատմաբան:

– Կարծում եմ, առաջին հերթին անհրաժեշտ է տեսականորեն վերլուծել ապրիլյան պատերազմը, ինչպես նաև դրա հետևանքները և ներկայումս ստեղծված իրավիճակը: Դա շատ կարևոր է, քանի համարժեք որոշումների կայացումն անհնար է առանց տեղի ունեցածը խորությամբ հասկանալու: Արդեն 2014 թվականի օգոստոսից կարելի էր խոսել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող սահմանային պատերազմի մասին: Իսկ սույն տարվա ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանը կայծակնային պատերազմի՝ բլիցկրիգի փորձ կատարեց, որի առաջին փուլը դրսևորվեց ղարաբաղյան ճակատի հյուսիսային և հարավային հատվածներում ադրբեջանական հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանումների իրականացրած մարտով հետախուզման մեջ: Ավելին, ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումների գործողություններն ուժեղացվել էին տանկերով և հրետանիով, անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով: Ակնհայտ է, որ թշնամու ձեռնարկած նման ծավալի ռազմական գործողությունների պայմաններում, մարտով հետախուզման նպատակը դուրս էր գալիս մարտավարական շրջանակներից և ձեռք բերում օպերատիվ իմաստ:

-Իսկ ո՞րն էր դրա նպատակը:

– Թշնամին ծրագրել էր ադրբեջանական բանակի գլխավոր ուժերի անցումն ընդհանուր հարձակման: Կասկած չկա, որ եթե նա մեր առաջնագծում ռազմական հաջողություն գրանցեր, ապա կհետևեր այդ հարձակումը: Մարտով հետախուզման անցումն ընդհանուր հարձակման տեղի չի ունեցել՝ մեր պաշտպանության առաջին շարակարգի (էշելոն) թշնամուն ցույց տված կատաղի դիմադրության շնորհիվ: Դա թույլ չի տվել ադրբեջանցիներին գրավել կարևոր նշանակության այնպիսի տեղամասեր, որտեղից արդեն կարելի կլիներ դիմել ճեղքման: Մենք կարող ենք վստահաբար ասել. ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերն իրականացրել են ոչ միայն դիվերսիոն-հետախուզական բնույթի առաջադրանքներ, այլև փորձել են նախապատրաստել իրենց հիմնական ուժերի լայնածավալ հարձակումը: Ի՞նչ է տեղի ունեցել պատերազմի առաջին օրերին: Ինչո՞ւ է ձախողվել ադրբեջանական գործողությունը: Նախ, կրկնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության զորքերը, որոնց ջանադրաբար մարզել էին Թուրքիայում, իրենց համար բոլորովին անսպասելիորեն բախվել են հայկական ուժերի՝ 18-20-ամյա ժամկետային զինծառայողների ընդհանուր առմամբ հաջող դիմադրությանը: Երկրորդ՝ ադրբեջանցիները չեն կարողացել ճեղքվածքներ բացել հայկական պաշտպանական համակարգում, որպեսզի այդտեղից արդեն կազմակերպեն իրենց հիմնական ուժերի անցումը հարձակման: Երրորդ՝ թեև անսպասելիության գործոնը ադրբեջանցիների կողմն էր, նրանք ի վիճակի չեղան հայկական զորքերից արագ գործել: Հետևաբար, չկարողացան մեզ խանգարել արդյունավետ հակամիջոցներ ձեռնարկել, մասնավորապես՝ կառուցել մարտակարգեր, մոտ բերել պահեստազորը, պատրաստել և իրականացնել մի շարք հաջող հակագրոհներ, ինչպես նաև պայմաններ ստեղծել՝ պաշտպանությունից ընդհանուր հարձակմանն անցնելու համար: Չորրորդ՝ ադրբեջանական զինված ուժերին չի հաջողվել տիրել նախաձեռնությանը և մեզ իրենց կամքը թելադրել:

Ադրբեջանական սցենարի ձախողումը փաստվում է ևս մեկ կետով. հայկական ստորաբաժանումների որևէ լուրջ շրջապատում չի եղել, գեթ մեկ հայ զինվորի չի հաջողվել գերի վերցնել, էլ չասած առանձին ստորաբաժանումների գերեվարման մասին, ինչը հաճախ է պատահել անակնկալ հարձակումների պատմության մեջ: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը ձգտել է այդ ամենին: Կրկնակի ձախողում կրեց Բաքվի ստրատեգների՝ հայկական ուժերի դիմադրելու կամքը կոտրելու կարևորագույն նպատակը, քանի որ ադրբեջանական հարձակումը հզոր խթան եղավ ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում հայ հասարակության համախմբման համար, ինչն էլ բերեց առաջանագծում մեր զորքերի մարտական ոգու աննախադեպ բարձրացմանը: Ինչ վերաբերում է մարտով հետախուզման անմիջական խնդիրներին՝ մեր զորքերի, կրակային կետերի, կրակային միջոցների մեր խմբավորման և այլնի մասին տեղեկատվության բացահայտմանը, ապա ադրբեջանցիներն այստեղ ևս ձախողվել են, քանի որ, եթե մարտով հետախուզմանն անմիջապես չի հաջորդում ընդհանուր հարձակումը, նման տեղեկատվությունը կարելի է արդեն իսկ համարել լիովին հնացած և անիմաստ:

Այդուամենայնիվ, վերոհիշյալ փաստերը չեն նշանակում, որ հայկական կողմը գործել է անթերի, ընդհակառակը՝ ի հայտ են եկել լրջագույն թերություններ, որոնք ապրիորի չպետք է լինեին: Թեև ապրիլի 2-ից 4-ը տեղի ունեցած ռազմական գործողություններն ադրբեջանական բանակի համար ընդհանուր առմամբ ձախողում են, սակայն դրանք հայկական ուժերի հաղթանակ էլ չեն, հատկապես այն պատճառով, որ հյուսիսում և հարավում կորցրել ենք փոքրածավալ տարածքներ, որոնք պոտենցիալ առումով ունեն օպերատիվ-մարտավարական նշանակություն:

– Գուցե ընդհանրապես պետք է ձեռնպահ մնանք այնպիսի բառերից, ինչպիսիք են «հաղթանակը» կամ «պարտությունը»: Չէ որ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան և ապրիլյան իրադարձությունները մեկ պատերազմափուլ են՝ ոչ առաջինը, ոչ էլ ակնհայտորեն վերջինը:

– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք գնահատում ապրիլյան իրադարձությունները: Արդեն այն, որ Ադրբեջանը ոչ միայն չանցավ ընդհանուր հարձակման, այլև ինքը հրադադար խնդրեց, նշանակում է, որ ագրեսորին հասցվել է անհամաչափորեն ավելի մեծ վնաս: Իսկ դա կարևոր գործոն է: Ադրբեջանն ապրիլի 5-ից հետո պարտադրում է մեզ հյուծիչ պատերազմի սցենարը (война на истощение): Մինչդեռ այսօրվա իրողություններն այնպիսին են, որ նման պատերազմն առավելապես ձեռնտու կլինի մեզ՝ որպես ռեսուրսային առումով ավելի թույլ կողմի: Ընդ որում, մեր պարագայում հյուծիչ պատերազմը չի կարելի պատկերացնել, իբրև, ասենք, 1812 կամ 1941 թթ. պատերազմներն էին, երբ պաշտպանվող կողմը նահանջում էր դեպի երկրի խորքը և այդ կերպով հյուծում թշնամուն: Իհարկե, նման բան մենք մեզ թույլ տալ չենք կարող: Ընդ որում, պաշտպանության հենց այն ռազմավարական խորությունը, որը մենք ձեռք ենք բերել 1991-1994թթ. Արցախյան պատերազմում՝ ազատագրելով նախկին ԼՂԻՄ-ի շառավղի շուրջը ընկած տարածքը, թույլ տվեց մեզ հարաբերական խաղաղություն վայելել քառորդ դարի ընթացքում:

Սակայն այսօր այդ տարածքային երաշխիքը բավարար չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը և նրա թիկունքում կանգնած Թուրքիան չեն հանգստանում, և երկար ժամանակով խաղաղություն ապահովելու մեր միակ հնարավորությունը՝ պատերազմը թշնամու տարածք տեղափոխելն է և հայրենիքի նոր հողակտորների ազատագրումը: Ադրբեջանի ապրիլյան ավանտյուրայից հետո հայկական հակահարձակումը զուտ պաշտպանական ռազմավարության խնդիր է: Կրկնեմ, որ չորսօրյա ապրիլյան պատերազմի ընթացքում մենք անհամաչափորեն ավելի մեծ վնաս ենք հասցրել հակառակորդին ու հենց այդ պատճառով էլ նա դադարեցրել է իր հարձակումը: Սակայն այսքանով սահմանափակվել չի կարելի: Հասկանալի է, որ հակահարձակման ժամանակը պետք է որոշի մեր քաղաքական ղեկավարությունը և ռազմական հրամանատարությունը, ում մոտ էլ կուտակվում է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Բայց, այսպես թե այնպես, հակահարձակման ստիպված ենք լինելու դիմել. դրան մեր բանակը պետք է պատրաստ լինի միշտ և ամեն պահի:

Տեսականորեն հարվածը պետք է հասցվի Ադրբեջանի ամենաթույլ լինելու պահին կամ այն բանից հետո, երբ կիրականացվեն մի շարք մասնակի գործողություններ՝ փոքրածավալ ցամաքային ու հրետանային հարձակումներ, դիվերսիոն գործողություններ, ռեյդեր և այլն: Այս դեպքում թշնամին թեև արագորեն չի ջախջախվի, սակայն մենք էլ պարտության վտանգից կխուսափենք: Կարևորը՝ թշնամու կենդանի ուժի հատվածաբար ոչնչացման համար միջոցներ գտնելն է, նրա ռեսուրսային բազայի ոչնչացումն ու մարտական ոգու թուլացումը:

– Ձեր կարծիքով, մեր դեպքում ի՞նչ է պահանջվում հյուծիչ պատերազմը հաջող վարելու համար:

– Եթե անդրադառնալու լինենք հարցի միայն ռազմական կողմին, ապա ընթացիկ ցածր ինտենսիվությամբ սահմանային պատերազմում անհրաժեշտ է, ինչպես արդեն ասվեց, առաջին հերթին, թշնամուն մշտապես անհամաչափորեն ավելի մեծ վնաս պատճառել: Երկրորդ՝ գերազանց հետախուզություն: Երրորդ, մեր հրետանին պետք է աշխատի ավելի լավ ու ավելի ճշգրիտ (ի դեպ, ապրիլի 3-ից սկսած այդպես էլ եղել է): Չորրորդ՝ հիանալի հակաօդային պաշտպանություն: Հինգերորդ՝ ընդհանուր կամ մասնակի հարձակմանն անցնելու մշտական պատրաստություն:

– Ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել հայկական բանակի մարտունակությունն ու գործունակությունը. բանակն իր խնդիրն ընդհանուր առմամբ լուծել է: Իսկ կարողացե՞լ է նույնն անել նաև հայկական դիվանագիտությունը:

– Միանշանակ՝ ոչ: Եթե այսօր, ռազմական առումով բավականաչափ տեղեկատվության չտիրապետելով, մենք իրավասու չենք դատել այն մասին, թե մեր բանակն արդյոք անհապաղ պետք է անցներ լայնածավալ հակահարձակման թե՞ ոչ, ինչպես նաև չենք կարող ասել, թե երբ է դրա ճիշտ պահը գալու, ապա դիվանագիտության առումով՝ կարող ենք վստահորեն պնդել. հակահարձակումը դիվանագիտական ճակատում պետք է կայանար, բայց չկայացավ: Միակ բանը, որ ապրիլյան պատերազմի օրերին տեսանք, դիվանագիտական նախաձեռնությունների լիակատար բացակայությունն էր: Հայկական կողմը չուներ նախապես մշակված նախագծեր: Բայց չէ՞ որ պատերազմը համատարած ճգնաժամ է, որն ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական ճակատում, շատ բան փոխելու հնարավորություն է ընձեռում: Մինչդեռ հնչեց միայն կիսատ-պռատ մի առաջարկություն, ըստ որի՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն ռազմական փոխօգնության մասին պայմանագիր պետք է մշակեն:

Եկեք հիշենք, թե որն է եղել ղարաբաղյան ազատագրական շարժման նպատակն ի սկզբանե: Ղարաբաղի որևէ տեսակի անկախության մասին 1988-ին հարց չի դրվել, խնդիրը Հայաստանի հետ վերամիավորումն էր: Ավելի ուշ մենք տարբեր պատճառներով անցանք անկախ Լեռնային Ղարաբաղի մոդելին՝ համարելով, որ այդպիսի մոդելն ավելի լավ կընդունվի միջազգային հանրության կողմից: Այսօր գրչի մեկ հարվածով Արցախը Հայաստանի մաս ճանաչելը, ինչպես դա արել է Ռուսաստանը Ղրիմի հետ, մեզ համար դժվար կլինի: Իսկ ԼՂՀ անկախության ճանաչումն անիմաստ է: Ընդունենք, Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա մեզ ոչինչ չի տա: Նման քայլն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե ճանաչմանն անմիջապես հաջորդի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կոնֆեդերատիվ միության հռչակումը (նման տարբերակ առաջարկել եմ ապրիլի 3-ին՝ պատերազմի հաջորդ օրը հրապարակված առանձին հոդվածում):

Այդ քայլն ուղղված կլինի ՀՀ և ԼՂՀ իրավական վերամիավորմանը, քանի որ փաստական վերամիավորումը վաղուց է կայացել: ՀՀ-ն և ԼՂՀ-ն կազմում են միասնական ամբողջություն ռազմավարական, լեզվական, ֆինանսական, տնտեսական, կրոնական, էթնիկ, ժողովրդագրական, մշակութային և բոլոր այլ առումներով: Սակայն հարկ է արդեն կատարել նաև քաղաքաիրավական քայլ։ Իսկ վերոնշյալ կոնֆեդերատիվ միության ձևավորումով այդ խնդիրը կարող է լուծում ստանալ: Դրանով իրավիճակը կպարզեցվի՝ ավելի ընկալելի կդառնա և՛ մեզ, և՛ արտաքին աշխարհի համար: Իհարկե, նման որոշումները պետք է ընդունվեն Երևանում, և այդպիսի փաստաթղթի վրա պետք է մանրազնին աշխատեն միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի մասնագետների փորձագիտական խմբեր: Իսկ երրորդ քայլը՝ միասնական հայկական պետության հռչակումը, հնարավոր կլինի իրականացնել արդեն ապագայում, հարմար առիթը ներկայանալուն պես՝ հինգ, տասը, թեկուզ 50 տարի անց…

Թարգմանությունը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում