Ադրբեջանի ԶՈՒ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». Դավիթ Տոնոյան «Հայկական ժամանակ»

Ադրբեջանի ԶՈՒ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». Դավիթ Տոնոյան «Հայկական ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին և պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի: Փոխնախարարի պատասխանները խիստ ուշագրավ են:

Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա: Արդյոք այս անգամ նրան կհաջողվի որեւէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում: Խնդրում ենք մեկնաբանել նաեւ, թե որն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը:

– ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին: 

Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որեւէ խոչընդոտ կամ բարդություն չկա:

Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան: Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ:

– Այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Որքանո՞վ է դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին:

– Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է: Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձեւավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները: 

Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ զենքի առեւտրի շուկան թեեւ Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում եւ ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար:

– Ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է առաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը: Ի՞ նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի:

– Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի: Համենայնդեպս՝ վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում