Բունդեսթագի պատգամավորն Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկում է իր գործընկերներին ու տարբեր խմբակցությունների

Բունդեսթագի պատգամավորն Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկում է իր գործընկերներին ու տարբեր խմբակցությունների

Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած հարձակումների առնչությամբ դեռևս ապրիլի 4-ին խորը մտահոգություն հայտնած ու հարձակումը դատապարտած Գերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը կարևորում է Գերմանիայի դերակատարությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Աշխատանքային այ ցով Հայաստանում գտնվող պատագամավորի հետ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ թեմայով:

-Որպես եվրոպական արժեքների կրող` պատրաստվո՞ւմ եք խոսել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության մասին, որն այդ երկիրն իրականացրեց իր իսկ կողմից սանձազերծած հարձակումների ժամանակ, երբ խոշտանգեցին ծեր խաղաղ բնակիչների, գլխատեցին զինվորականների:

-Թեման ես պարբերաբար բարձրաձայնում եմ ինչպես իմ գործընկերների շրջանում խորհրդարանում, այնպես էլ տարբեր խմբակցությունների, իշխող մարմինների ղեկավարների շրջանակներում: Թեմայի շուրջ քննարկումներ կան: Բացի այդ՝ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիր է, միգուցե նաև Գերմանիան և մեր արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեր խաղացին Ռուսաստանի ու Ամերիկայի շահերը այս հակամարտությունում որոշակի բալանսի բերելու հարցում, ու կարծես Գերմանիան կարողացավ խթանել, որ իրավիճակը հանդարտվի: Պետք է մարդկանց հասկացնել, որ գիտակցությունն ավելի կարևոր է, քան ուժը: Գիտակցումն ու փոխըմբռնումը շատ ավելին կարող են անել:

-Մարդկանց, այսինքն` ո՞ւմ:

-Այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին, այն մարդկանց, այն երկրին ու կողմին, որ սկսում է ագրեսիան:

-Խոսեցիք Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու մասին: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը ևս ցանկալի են համարում Գերմանիայի գործուն մասնակցությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Առաջիկայում կարո՞ղ ենք ակնակալել տեսանելի քայլեր:

-Թեման կա, դրա մասին խոսվում է, թերևս դիտորդական կամ հետաքննիչ խմբեր լինեն, որոնք կարողանան որոշակի զեկույցներով իրազեկել, թե իրականում ինչ է կատարվում շփման գծում: Սակայն դա կյանքի կոչելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կան որոշակի շահեր, շահերի բախումներ: Մենք այս մասին խոսում ենք, տեսնենք` ինչ ընթացք կստանա:

-Հայաստանն անընդհատ հայտարարել է, որ կողմ է այդ մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնում, այլև` չի ընդունում Մինսկի խմբի հեղինակությունը: Անգամ հայ չլինելով էլ կարող ենք նկատել, որ Ադրբեջանն այդ ձևով փորձում է տապալել բանակցությունները ու դիմել նախահարձակ քայլերի: Արդյոք դա Եվրոպան չի՞ տեսնում, չի՞ գիտակցում:

-Ինչպես ասացի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սա դժվար է, քանի որ դու չես կարող թելադրել, թե ինչպես պետք է ընթանա, ինչպես պետք է վարվեն կողմերը: Մենք նաև Ադրբեջանի հետ ենք խոսում, բանակցում, որ հետաքննության որոշակի մեխանիզմներ ներդրվեն:

-Հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն եղավ, բայց միևնույն է` մենք ամեն օր լսում ենք մեր զինվորների մահվան մասին, ովքեր իրենց հայրենիքն են պաշտպանում: Արդյոք սա Եվրոպայի համար ընդունելի՞ տարբերակ է և ոչ հասցեական գնահատականի արդյունք չէ՞:

-Ես հասկանում եմ` ինչ նկատի ունեք, սակայն ճնշում գործադրելու մեխանիզմները Եվրոպայի կողմից սահմանափակ են: Կա որոշակի սահման: Եթե համեմատելու լինենք, կարող եմ ասել, որ Ռուսաստանը թերևս ավելի մեծ գործիքներ ունի տարածաշրջանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Ես կարծում եմ, եթե Ռուսաստանն ու Եվրոպան այս առումով որոշակի համակարծության գան, միաբևեռ գործողություններով հանդես գան, ավելի լավ արդյունք կլինի:

Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ու Եվրոպան, եթե խոսեն իրար հետ, բանակցեն, շատ օգտակար միջոց կարող է լինել: Ռուսաստանի հետ պետք է երկխոսության մեջ լինել, կարծում եմ` մեր կանցլերը շատ լավ է այդ իմաստով գործում, երբ լավ բանակցություններ ունի Ռուսաստանի հետ: Բայց էլի եմ ասում` սա մեկ շաբաթվա գործ չէ, երկար աշխատանք է պետք ու համբերատարություն:

-Պարոն Վայլեր, պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

-Ցավոք այս անգամ չեմ կարող ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, սիրով կմեկնեի, բայց շաբաթ առավոտյան պետք է վերադառնամ Գերմանիա:

-Իսկ երբևէ եղե՞լ եք Արցախում:

-Ես երկու անգամ արդեն եղել եմ, շատ լավ մարդկանց ու հրաշալի երկրի հետ եմ ծանոթացել:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում