Ադրբեջանի գործողություններին նպաստում է միջազգային հանրության փաստացի անգործությունը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի գործողություններին նպաստում է միջազգային հանրության փաստացի անգործությունը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի սադրիչ գործողություններին նպաստում է միջազգային հանրության փաստացի անգործությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:

-Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ըստ ձեզ` ի՞նչն է նպաստում, որ Ադրբեջանը շարունակի նման գործելաոճը: Ի վերջո, ինքն էր խնդրել Մոսկվային միջամտել կրակի դադարեցման հարցում:

-Պետք է նախ արձանագրել, որ պատերազմը չի ավարտվել, իսկ բանակցություններ որպես այդպիսին այս պահին չեն ընթանում, ինչը նշանակում է, որ ինտենսիվ հրետակոծությունն Ադրբեջանի կողմից կշարունակվի:

Սրան նպաստում է միջազգային հանրության փաստացի անգործությունը, իսկ միջնորդների առաջարկները շատ դեպքերում ակտուալ չեն, չկա հետևողականություն, իսկ նրանց արձագանքները համահունչ չեն առկա իրողություններին:

– Ինչպես գիտենք, Բաքվում անցկացվեց ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումը, որի ընթացքում եվրոպացի գործիչները գովեստի խոսքեր էին ուղղում Ադրբեջանին: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Անադեկվատության: Հենց նմանատիպ դրսևորումներն են, որ կանաչ լույս վառեցին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացմանը:

-Թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում ազդեցություն գործել, որպեսզի Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը: Ըստ ձեզ` միջազգային հանրությունը, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ երկրները ի՞նչ գործիքակազմ կարող են կիրառել, որո՞նք են նրանց հնարավորությունները:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ կողմերը պետք է առաջնորդվեն 1994 թվականի Հրադադարի համաձայնագրի ու որպես լրացում 1995 թվականին ընդունված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթներով: Այս համաձայնագրերն անժամկետ են:

Ադրբեջանը փորձում է հրադադարի նոր՝ երկկողմ (Հայաստան-Ադրբեջան) համաձայնագիր կնքել, ինչը բանակցային գործընթացից սահուն դուրս կթողնի Արցախին, որը 1994-95 թվականներին ընդունված համաձայնագրերի կողմ է:

Միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանին զսպել շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմամբ, այսպես կոչված, դաշտային օգնականների թվի էական ավելացմամբ: Սակայն կիրառվող գործիքակազմի արդյունավետության ու առհասարակ ներդման վերաբերյալ անորոշությունը շատ է:

Կիրառվող գործիքակազմը պետք է տեղավորվի միջնորդներին տրված մանդատի շրջանակներում, այդ առումով ևս հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Ադրբեջանին զսպող քայլերի մեջ կարելի է դիտարկել այդ երկրին սպառազինության մատակարարումների վրա միջազգային սահմանափակումներ մտցնելը, ինչը, ճիշտ է, հեշտ չէ, սակայն էական քայլ կլինի:

-Չնայած հայկական կողմի հորդորներին, ամեն դեպքում տեսնում ենք, որ տարբեր հայտարարություններում հավասարության նշան է դրվում հակամարտող կողմերի միջև: Ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը:

-Միջազգային հանրությունից ակնկալիքներ ունենք, սակայն ժամանակն ու պատմությունը ցույց են տալիս, որ սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Սխալ կլինի ասել, թե ապրիլյան իրադարձություններն էին, որ մեզ ստիպեցին այս եզրահանգման գալ, ուղղակի չորսօրյա պատերազմը վերահաստատեց այն մտահոգությունը, որն ունեինք ավելի վաղ:

Պետությունը իրավիճակի զարգացման տարբեր սցենարների հետ կապված իր հաստատված պլաններն ունի ու, կոնկրետ իրադրությունից ելնելով, հենց այդ ճանապարհով է շարժվում:

-Ղարաբաղյան հարցի հետ կապված Թուրքիայի իշխանությունների վերջին մի քանի հայտարարություններում, կարծես, որոշակի մեղմացում է նկատվում: Էրդողանը Արդբեջան կատարած այցի ընթացքում չշոշափեց ղարաբաղյան հարցը, իսկ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Պեկինում ասել է, որ ակնկալում են ո ւ հուսով են, որ այդ խնդիրը կլուծվի խաղաղ միջոցներով: Ինչո՞վ է պայմանավորված թուրքական իշխանությունների հռետորաբանության մեղմացումը:

-Դա միայն խաբկանք է. Թուրքիան ապրիլյան իրադարձությունների գլխավոր պատասխանատուներից է, և պետք է չէ նրա առանձին հայտարարություններից նման եզրահանգումներ անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում