Boeing 737-800-ի օդաչուներին դիսպետչերները զգուշացրել են քամու կրիտիկական արագության մասին. հրապարակվել է նոր տեսանյութ

Boeing 737-800-ի օդաչուներին դիսպետչերները զգուշացրել են քամու կրիտիկական արագության մասին. հրապարակվել է նոր տեսանյութ

Ընթացիկ եղանակային պայմանների մասին հայտնում են դիսպետչերները, իսկ վայրէջքի որոշումը կայացնում է օդանավի հրամանատարը: ՏԱՍՍ-ին նման պարզաբանում է տվել «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:

«Վայրէջքի  վերջնական որոշումը կայացնում օդանավի հրամանատարը, իրենց հերթին, դիսպետչերները հայտնում են ընթացիկ եղանակային պայմանների մասին»,-ընդգծել է նա:

Հետաքննությունը հաստատում է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու 2 անհաջող փորձից հետո Boeing 737-800 ինքնաթիռը դեռ երկու ժամ օդում է եղել: Ավելի վաղ  ՌԴ քննչական կոմիտեն  Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական երկու վարկած էր նշել՝ եղանակային վատ պայմաններում օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դիսպետչերները մի քանի անգամ վթարված ինքնաթիռի օդաչուներին զգուշացրել են եղանակային վատ պայմանների մասին: Մասնավորապես, ինչպես հաղորդել է  «REN TV»-ին՝ հղում կատարելով ինտերնետում հրապարակված դիսպետչերի և  ավիանձնակազմի բանակցությունների ձայնագրությանը,  օդաչուներն առնվազն 10 զգուշացում են ստացել, որ քամու արագությունը կրիտիկական է՝  18 մ/վ: 

Ի դեպ, Դոնի Ռոստովում հայտարարված է եղանակային վտանգավորության «կարմիր» մակարդակ: FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Գեյթ ալ-Գեյթը, սակայն, հայտարարել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում եղանակը թույլ է տվել չվերթ իրականացնել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայտնաբերվել է Դոնի Ռոստովում աղետի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը: Միջպետական ավիացիոն հանձնաժողովն արդեն սկսել է աղետի հետաքննությունը, առաջիկայում նրան կմիանան փորձագետներ Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Իսկ մինչ այդ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15.00-ին կկայանա Դոնի Ռոստովում Boeing 737-800 ինքնաթիռի աղետի առնչությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի շրջանակում քննարկվելու են աղետի հետևանքների վերացման և զոհվածների ընտանիքներին աջակցություն հատկացնելու հետ կապված խնդիրներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում