Ադրբեջանցի քաղաքագետին, ով պնդում է, թե կորցրել ենք ազատագրված տարածքներում վերահսկողությունը, պետք է Նոբելյան մրցանակ տալ. Դ. Բաբայան

Ադրբեջանցի քաղաքագետին, ով պնդում է, թե կորցրել ենք ազատագրված տարածքներում վերահսկողությունը, պետք է Նոբելյան մրցանակ տալ. Դ. Բաբայան

Լեռնային Ղարաբաղ տարածքներում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից վերահսկողության կորստի մասին պնդող ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն արժանի է Նոբելյան մրցանակի, նա ակնհայտորեն տառապում է ինչ-ինչ հիվանդություններով, որոնցից մեկը «Սարսանգի սինդրոմն» է:

Tert.am-ի հետ զրույցում կատակով հայտարարեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հերքելով ադրբեջանցի քաղաքագետի տարածած «տեղեկատվությունը», թե իբր նշված տարածքներում հայկական զինուժը կորցրել է վերահսկողությունը` «Խուդաֆերին» հիդրոհանգույցի շահագործման հետևանքով:

«Մուբարիզ Ահմեդօղլուին պետք է տալ Նոբելյան մրցանակ, որովհետև նա այնպիսի հայտարարություն է արել, որ դա միայն կարելի է արժևորել Նոբելյան մրցանակով: Սա կատակով, բայց նման հայտարարությունները ցույց են տալիս մի շարք խորքային երևույթներ և հոգեբանական բարդույթներ: Նախ, նրանք, ունենալով այդ պարտվածի հոգեբանությունը, փորձում են մի կողմից ցանկալին իրականության տեղ անցկացնել, ինչը բնականաբար, այդպես չէ: Եվ երկրորդ, Ադրբեջանում ասես ինչ-որ մի «Սարսանգի սինդրոմ» առաջացած լինի. հիդրոկայանների ու ջրամբարների նկատմամբ հատուկ սեր ունեն, և այդ «Սարսանգի սինդրոմը» տարածվում է նաև այլ ջրամբարների վրա, ինչը հիվանդության ևս մեկ ախտորոշում է »,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Այս ախտորոշումներն անելուց հետո, ամեն դեպքում, Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ «որևէ փոփոխություն մեր սահմանների վրա չկա»: «Սույն դիագնոզները տալուց հետո մենք հայտարարում ենք, որ այդ մարդը, իր արտահայտած մտքերը և այդ պետությունը ուղղակի նորմալ չեն»,–ասաց նա։

Նշենք, որ ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում Ադրբեջանի «Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի» ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Իրան կատարած այցի ժամանակ ստորագրվել է «Խուդաֆերին» հիդրոհանգույցի համատեղ շահագործման մասին իրանա-ադրբեջանական համաձայնագիր ու ավելացրել, որ իրանական կողմի պնդմամբ՝ «հայ զինվորականները չեն կարող վերադառնալ այնտեղ և ոչ մի պայմանով»:

Նրա մեկնաբանությամբ, մեջբերում ենք՝ «Իրանը միայնակ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր փուլի համար հիմք»:

Ադրբեջանցի քաղտեխնոլոգի խոսքով` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառված այն տեղեկությունը, թե Հայաստանն իբր կորցրել է ազատագրված տարածքներում վերահսկողությունը, լուրջ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում, ինչով էլ պայմանավորվել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցն Ադրբեջան, որտեղ նա, կրկին ըստ ադրբեջանցի քաղաքագետի, ստացել է երաշխիքներ` Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասով: Այս համատեքստում հավելվել է, թե հենց Կարասինն է համակարգում ԱՊՀ տարածքում հակամարտությունները:

Այս առնչությամբ Դավիթ Բաբայանը, կրկին ախտորոշելու սկզբունքով, նկատեց. «Այդ պետությունը, որը ձևավորվել է ի սկզբանե ուրիշ պետությունների կողմից` արհեստականորեն, հիմա էլ հույսը դնում է նրա վրա, որ իր հարցերը պետք է կարգավորեն ուրիշ պետություններ: Տվյալ դեպքում` Իրանը»:

Քանի որ Ահմեդօղլուն հայտարարել էր նաև, որ սույն համաձայնագրի ստորագրման ժամանակ ամրագրվել է փոխադարձ հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականությունների նկատմամբ, ավելին՝ «ընդգծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` համաձայն ՄԱԿ-ի արձանագրությունների», Դավիթ Բաբայանից Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այս ընդգծմանը:

Վերջինս նշեց. «Ես չեմ բացառում, որ Իրանը հարգի, որովհետև մենք էլ ենք ի վերջո հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց թե դա ի՞նչ տերմին է, ինչի՞ վրա է տարածվում…»:

Իր մեկնաբանությունը Ստեփանակերտի խոսնակն ավարտեց՝ ասելով, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի մաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում