Մարտունաշենից Գետաշեն, Գետաշենից՝ Հովք

Մարտունաշենից Գետաշեն, Գետաշենից՝ Հովք

Որպեսզի երբեք չմոռանանք, որ այնտեղ՝ սահմանից այն կողմ, մենք զավթված հայրենիքի պատառներ ունենք…

Տավուշի մարզ, Հովք

Մարտունաշենցի 79-ամյա Ասյա տատը հաց է թխում, բարևում ենք, ժպտում է ու ներս հրավիրում: Նայում եմ էլեկտրական վառարանին.

– Թոնիր չունե՞ք:

– Է՜, բալա՛, մենք շենումը թորով էինք հաց թխում, բայց էստեղ սարքել չի լինի, հող չկա, սաղ ջուր ա, որտեղ փորես, ջուր ա: Շենումը թոնրի լավաշ էինք թխում, էս հացի պես չէր, է՜:

Ես զգում եմ շարունակությունը, լռում եմ.

– Վա՞տ էինք ապրում. տունը լիքը, դուռը լիքը… Երեք պեժինքը (օժիտը) տանը թողեցինք, եկանք… Մեր Մարտունաշենում հինգ հարյուր-վեց հարյուր տուն էր, ցրվեցինք, անտուն- անտանիք մնացինք: Բա սա տանի՞ք ա… Պատից ջուր ա կաթում, պատալոկից կաթում ա, տակերավս էլ գետի պես ա հոսում, խոնա՜վ, թաց…

Մարտունաշենցի Ասյա Հովհաննիսյանն Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչներից մեկն է։ Այն գյուղի, դեպի որը տանող ճանապարհը փնտրելիս տավուշցիներն ասում էին՝ հա՜, փախստականների գյո՞ւղն եք ուզում:

Հովքում տարբեր բնակավայրերից են փախստականները՝ Գետաշենից, Շամխորի գյուղերից, Մարտունաշենից…

Համարյա բոլոր ընտանիքներն այս գյուղում հաստատվել են վերջին 25-26 տարիներին, ու ապրում են՝ հետները բերած, այստեղ ստեղծված ու 25-26 տարի չլուծված խնդիրներով:
Բայց այստեղ էլ մի քանի րոպե են միայն խոսում ներկա խնդիրներից:

֊ Մեր շենը մեծ չէր, բայց սիրուն էր շատ. մեծ, սիրուն եկեղեցի ունեինք շենումը, քոլերումն էլ երեք վանք: Երկու հարկանի տներ էին, ամեն բան կար: Անասուններ ունեինք, մենակ երկու մեքենա մենք թողեցինք տան առաջ. մի ժիգուլի, մի ուազ: ՕՄՕՆը շարված էր, ո՞վ կարար հետը մի բան բերեր:

1991թ.-ի ապրիլի 30-ին խորհրդային բանակն ու ադրբեջանական ՆԳՆ հատուկ ջոկատները, սկսում են Օղակ գործողությունը՝ շրջափակում են Մարտունաշեն ու Գետաշեն գյուղերը: Գյուղը շրջափակած զորքը հրետանի էր օգտագործում:

Նախ տեղահանվում է Մարտունաշենի բնակչությունը:

֊ Եկան գյուղի չորս ղոլը տանկերավ կտրեցին, քառասուն տանկ ա եղել գյուղի չորս ղոլեն, կրակ տվին, մենք էլ փախանք, քյնացինք, տները բրախեցինք, քյնացինք, բա ի՞նչ անեինք, բա էլ հու՞նց մնայինք…, – Ասյա տատի աչքերում արդեն ծանոթ հարցականն է։

Ես պատասխանը չունեմ ու թեքում եմ հայացքս:

֊ Երկու-երեք տարի էնտեղ մնալու կռիվ տվինք, բայց որ արդեն տանկերը բերեցին, դուրս եկանք: Ամսի մեկին եկան, հարձակվեցին, մեր գյուղից հինգ հոգու սպանեցին: Թորքերը գիդում են, որ մենք երեք օր պահում ենք դիակը, մենք վախեցանք, որ թաղման օրը մեծ հարձակում կանեն, ադաթը խախտեցինք դրա համար, երկրորդ օրը թաղեցինք զոհվածներին: 

Տանկերով հարձակվեցին հաջորդ օրը, կեսօր էր, ժամը երկուսը երևի: Սկզբից քոլերը քյնացինք, խոխան հետնիքս քոլերը տարանք, չգիտեինք՝ ինչ անենք, ասեցինք քյնանք Գետաշեն, նրանք հունց էլ կինի, կկռվեն, թե վերջում կկոտորեն, մեզ էլ իրանց հետ կկոտորեն:

Չորս ժամ կռիվ տվին, հետևներս պահեցին: Մեզ ու Գետաշենը մի գետ էր բաժանում, լցվեցինք գետը, գետն անցանք, հասանք քոլերին: Երեխեքը գրկի, վախեցած, մի կերպ հասանք Գետաշեն:

Մի երեք օր էլ Գետաշենում մնացինք, մեկ էլ էնտեղ եկան սկսեցին հարձակումը: Մեզ վերտալյոտներով պիրան Ստեփանակերտ: Ստեփանակերտից բերեցին Երևան, հետո արդեն պանսյոնատնին: Դես շուռ եկանք, դեն շուռ եկանք, եկանք, ընկանք էս ավարա գյուղը. ոչ մեկ ոչ տեղներս գիտի, ոչ էլ…

Էս տունը մի թովլա (գոմ) ա եղել, մենք ենք սարքել տան նման մի բան: Որ եկել ենք էստեղ, երեք-չորս տարի ադիալով ենք ծածկվել, քնել, մինչև էստեղ ոչխար ենք պահել, բուրդ ենք ունեցել, տեղաշոր ենք կարել:

Թուրքը տուն սարքո՞ղ էր, նրանք տուն չեն սարքել, կացարան են սարքել, հայվան պահել, որովհետև իմացել են, որ մշտական չի, գնալու են: Իրանց հայվանի գոմի նման մի գոմ էլ իրանց կացարանն ա եղել: Հո մեզ նմա՞ն չէին, տուն դնելու վրա էինք տանջվում, չարչարվում, բա կարացի՞նք բերենք, մնաց գիլի բաժին…

Լռում է Ասյա տատը, մոռանում մեզ, մոռանում վառարանում կարմրած հացը: Հետո նկատում է, որ պատից կախված ասեղի բարձիկն եմ նկարում:

֊ Ես եմ կարել, բայց էլ աչքերս լավ չեն տենում, արդեն շատ բան են տեսել երևի, էլ չեն ուզում:

Ու հետ է գնում դեպի Մարտունաշեն.

֊ Տան դուռը ղփուլով փակել էի, համա պատուհանը բաց էի թողել… Ասեցի՝ դե ոչինչ, կփակենք, էլի: Էն ո՞վ էր մտածում, որ էլ ետ չի քյնալ: Երամը կորցրած հավքեր ենք էլի, էս Հովքումը ամեն ծուխը էդպիսի մի հավք ա…

Ասյա տատին հարցնում եմ՝ լուսանկարներ ունե՞ն Մարտունաշենից, զարմանում է.

֊ Մի չիթ խալաթավ, անվեշ, անպատրաստ դուրս եկանք, մարդ կար՝ կոշիկ էլ չէր հասցրել հագնի, նկար որտեղի՞ց: Գոնե հետո էլ չկարացինք գնանք, ամեն ինչ մնաց էնտեղ:

Ասյա տատն ասում է՝ չի հիշում գյուղն ինչքան հին էր, բայց Գետաշենից ավելի առաջ են հիմնադրել, դա շատ է լսել: Հին պատմություններ մտաբերելիս Ասյա տատը շենի ամենատարեց կանանցից մեկին է հիշում, որ 19-րդ դարի կոտորածների ժամանակ Արևմտյան Հայաստանից էր փախել:

֊ Մեր շենում մի մեծ կին կար, Անի գյուղան, Նարգիզ էր անունը, նրան շատ էինք պատմել տալիս՝ ոնց ա եղել, ոնց են փախել, եկել: Ինքը պատմում էր, մենք էլ երեխեք էինք, հետը լաց էինք լինում… Էնքան պատմել տվինք, վերջը մեր գլուխն եկավ, մենք էլ գաղթական դառանք… Դրա համար հիմի խոխունցը շատ չեմ պատմում,- ծիծաղում ու ծիծաղի մեջ լաց է լինում Ասյա տատը:


Ասյա տատի ծոռնիկը

ՆարինԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում