Իրանի խորհրդարանական ընտրություններում 9 հայ թեկնածուների միջև թեժ պայքար է սպասվում

Իրանի խորհրդարանական ընտրություններում 9 հայ թեկնածուների միջև թեժ պայքար է սպասվում

Իրանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 հայ թեկնածու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայ թեկնածու Կարեն Խանլարյանը, ով երկրորդ անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Կարեն Խանլարյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի կարևոր դրույթները:

-Պարոն Խանլարյան, արդեն երկրորդ անգամ եք մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ ծրագրերով եք ներկայանում ձեր ընտրողներին:

-Այո, ես գործող պատգամավոր եմ: Նախ ասեմ, որ մենք` հայերս, սովորաբար Իրանի քաղաքական դաշտում փորձում ենք ունենալ չեզոք դիրք: Հետևաբար, ես որևէ քաղաքական ուժի չեմ հարում: Ես անկախ պատգամավոր եմ: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանք բազմաթիվ են: Կան հարցեր կապված` հայկական համայնքի, Հայաստան-Իրան հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Հայ պատգամավորները միշտ էլ բավական ակտիվ են այդ հարցերում, մենք միշտ եղել ենք պահանջատեր:

Եթե խոսեմ ներքին` ընդհանուր իրանյան, հարցերից, ապա ասեմ, որ ձգտում ենք որոշակի օրենքների ընդունման, որոնք հնարավորություն կտան աշխատավորների շահերի պաշտպանությունն ավելի բարելավել: Երկրի արտաքին քաղաքականության իմաստով, ինչպես գիտեք Իրանը նոր ժամանակաշրջան է թևակոխում, միջազգային փոխհարաբերությունների առումով հետբանակցային շրջանն է արդեն: Այստեղ նույնպես մենք մեզ որոշակի դերակատարոթյուն ենք վերապահում: Ահա այս մոտեցումներով եմ մտել ընտրապայքարի մեջ:

Դուք նշեցիք հայկական համայնքի խդիրների մասին, կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

-Մեր համայնքի գլխավոր խնդիրները տնտեսական են: Անհատների տնտեսական վիճակից սկսած մինչև համայնքային խնդիրներ: Օրինակ, մեր դպրոցների պահպման, մեր միությունների շենքերի պահպանման և այդ տիպի հարցեր: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, հիմնականում տնտեսական հարցեր են: Իհարկե, կան նաև հայ համայնքի իրավական հարցերի բարելավման խնդիրներ: Դա էլ ենթադրում է օրենսդրական աշխատանք:

-Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Իրանի իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Հայտնի է, որ տեղի իշխանությունները լավ աչքով են նայում հայկական համայնքին:

-Այո, անշուշտ: Կարող եմ ասել, որ ոչ միայն իշանությունները, այլև ժողովուրդը, լավ աչքով են նայում մեր համայնքին: Դա, իհարկե, մեր համայնքի քաղաքացիական պարտականություների լավ կատարման արդյունք է: Մենք միշտ կատարել ենք մեր քաղաքացիական պարտքը, մեր մասնակցությունն ենք ունեցել տարբեր հարցերում և դա պատմականորեն է այդպես: Օրինակ, պատերազմի ժամանակ հայերը նույնպես մասնակցություն են ունեցել, շուրջ 100 նահատակ ենք ունեցել պատերազմական գոտում: Այնպես, որ փոխադարձ դրական վերաբերմունքն առկա է: Եվ հիմա այն, ինչ ունենք, փորձելու ենք ավելի լավացնել, ցանկալի մակարդակի բերել: Դա է մեր ձգտումը: Պետք է նշեմ, որ մեր համայնքում արտագաղթի հարց կա, որի հիմնական պատճառը տնտեսականն է: Այնպես որ արտագաղթի թափը իջեցնելու նպատակով նույնպես շատ անելիքներ ունենք:

-Պարոն Խանլարյան, իսկ կա՞ն այլ հայ թեկնածուներ ևս:

-Ինչպես գիտենք, երկու ընտրատարածք է նախատեսված իրանահայության համար` հյուսիսային և հարավային: Հյուսիսային տարածքում 6 թեկնածու է ներկայացված, իսկ հարավայինում` 3: Ընդհանուր առմամբ ունենք 9 հայ թեկնածու, որոնք պայքարելու են երկու աթոռի համար:

-Փաստորեն թեժ մրցակցություն է սպասվում:

-Նախ ասեմ, որ ես խոսել եմ մյուս հայ թեկնածուների հետ: Բոլորն ազգային հիմնահարցերով մտահոգված մարդիկ են: Իհարկե, ընտրապայքարը թեժ է լինելու, բայց ոչ քաղաքակիրթ բախումները բացառված են:

Աննա Գզիրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում