Հայ-իրանական հարաբերություններում նոր պատուհան է բացվել. հարցազրույց Իրանի դեսպանի հետ

Հայ-իրանական հարաբերություններում նոր պատուհան է բացվել. հարցազրույց Իրանի դեսպանի հետ

Բարեկամական Իրանն այս օրերին նշում է Իսլամական հեղափոխության տարեդարձը: 37 տարի առաջ հեղափոխական առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան և աջակցեց թագավորի վարչակարգի տապալմանը: Փետրվարի 11-ին իրանցիները նշում են ազգային տոնը: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, ով անդրադարձել է տոնի խորհրդին, անցկացվող միջոցառումներին, բայց և չի շրջանցել հայ-իրանական հարաբերություններին առնչվող շարք հարցերին պատասխաններ տալուց:

-Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնն է, Իսլամական հեղափոխության 37 ամյակը: Պարոն դեսպան, ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը Իրանի ժողովրդի համար:

-Այս տոնը Իրանի ամենակարևոր ու խորհրդանշական տոներից է: Այս շաբաթը կոչվում է Այգաբացի տասնօրյակ և այս օրերին էր, որ հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց երկիր, որից հետո տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության հաղթանակը:

Երբ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան, բազմաթիվ ցույցեր էին կազմակերպվում, որպեսզի տապալվեր շահի վարչակարգը: Այն օրվանից, երբ դա տեղի ունեցավ, Իմամ Խոմեյնին ժողովրդի սրտերում պահպանվեց որպես Իրանի հեղափոխության մեծ առաջնորդ:

Այգաբացի տասնօրյակը նշվում է մեծ շուքով. բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում դպրոցներում, պետական հիմնարկներում: Փետրվարի 11-ին ժողովուրդը գնում է Իմամ Խոմեյնիի դամբարան, հարգանքի տուրք մատուցում, ծաղիկներ դնում նրա շիրիմին, միևնույն ժամանակ երթ է տեղի ունենում, որով իրանցիները հայտնում են իրենց միասնությունն ու հավատարմությունը Իսլամական հեղափոխության նկատմամբ:

 -Հայաստանում ի՞նչ միջոցառումներով է նշվելու տոնը:

-Փետրվարի 11-ը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնն է: Այդպիսի միջոցառում կազմակերպվում է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի դեսպանություն: Օրվա կապակցությամբ դիվանագիտական պաշտոնական ընդունելություն է կազմակերպվում: Հրավիրվում են տվյալ երկրի պետական պաշտոնատար անձինք, կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Տոնական միջոցառում է անցկացվում իրանցիների ու այն կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր որևէ կերպ կապ ունեն մեր երկրի հետ:

-Անդրադառնանք հայ-իրանական հարաբերություններին: Պարոն դեսպան, մեր երկրում ամենաբարձր մակարդակներում միշտ շեշտվում է Իրանի` որպես բարեկամ-հարևան երկիր լինելու փաստը, կարևորվում է այն, որ Ձեր երկրում լավ են վերաբերվում մեր մշակութային ժառանգությանն ու բազմամարդ հայ համայնքին: Այս համատեքստում տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու ներուժ:

-Մենք Իրանում բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ենք տածում: Պետք է նշեմ, որ և քրիստոնյաները, և հրեաները, և զրադաշտները հարգված են Իրանի ժողովրդի կողմից ու անգամ խորհրդարանում ունեն իրենց պատգամավորները: Նրանք համարվում են մեր հայրենակիցները: Մենք նրանց համար ստեղծում ենք լավ պայմաններ ու հարգում ենք նրանց կրոնը, սովորույթները: Մենք հարգում ենք նրանց պատմամշակութային արժեքները, սրբավայրերը, եկեղեցիները, և Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանց պահպանության ուղղությամբ: Բարենպաստ պայմանների ստեղծումը ազգերի և մուսուլման համայնքի միջև ապահովում է խաղաղ համակեցություն:

Ինչ վերաբերում է հարաբերությունների հետագա խորացման ներուժին, ապա այս չորս ամսվա ընթացքում, ինչ գտնվում եմ Հայաստանում, դուք երևի ընթերցել ու տեսել եք, թե մեր երկու երկրների հարաբերություններում ինչպիսի նոր պատուհան է բացվել: Ես կարծում եմ, որ մեր երկրները ցանկանում են հարաբերություններն առավել զարգացնել:

-Ի՞նչ հիմնական ուղղություններում եք տեսնում հարաբերությունների խորացումը:

-Քաղաքական հարաբերությունները բարձր մակարադակի վրա են, և որևէ սահմանափակում չունենք դրանք զարգացնելու համար: Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա դրանցում ակտիվացում է նկատվում, այդ թվում` գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ուղղությամբ: Օրակարգում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, ինչպես նաև Հայաստանի միջոցով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը:

-Բավականին երկար ժամանակ է` խոսվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի մասին, բայց կարծես առաջընթաց չկա այդ հարցում, կցանկանայի իմանալ` ներկայում ի՞նչ փուլում է գտնվում ծրագիրը և որքա՞նով է հավանական դրա իրագործումը:

-ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի` Իրան կատարած այցի շրջանակներում արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մասնագետներից ու փորձագետներից կազմված խումբը այցելի Հայաստան` տեղում ուսումնասիրելու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը և անհրաժեշտ բոլոր հանգամանքները: Դա կլինի մոտ ապագայում:

-Փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հայաստանը կարող է տարածաշրջանում կապող օղակ լինել մի կողմից` Իրանի և Արևմուտքի, և Իրանի ու Եվրասիական տնտեսական միության միջև` մյուս կողմից: Իրանն ինչպե՞ս է գնահատում այդ հնարավորության իրացումը:

-Այս մասին շատ է խոսվում: Ինչ վերաբերում է Հայաստանի միջոցով Իրանի` ԵԱՏՄ շուկա մուտք գործելուն, ապա Իրանն ուսումնասիրում է այս ուղով միության շուկա մուտք գործելու դեպքում Իրանի շահերը: Մի քանի օր առաջ երկու խոշոր տնտեսական պատվիրակություններ էին գտնվում Հայաստանում: Նրանք եկել էին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հստակեցնելու, թե Հայաստանի միջոցով վերոնշյալ շուկա մուտք գործելու դեպքում ինչպիսի հնարավորություններ կարող են բացվել Իրանի համար:

Ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի` ներգրավելով իրանական գործարարների, որպեսզի նման համագործակցություն ծավալելու հնարավորություն ստեղծվի:

Պետք է շեշտեմ, որ իրանական կողմը պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ գործարանների գործարկման, ինչպես նաև առևտրային համալիրների շահագործման ոլորտներում: Պատրաստակամ է, սակայն, պետք է Հայաստանը լավագույնս ներկայացնել իրանական կողմին, որպեսզի գան ու այստեղ ներդրումներ կատարեն:

Մյուս կողմից էլ` պետք է Հայաստանի գործարարների ուշադրությունը գրավել այն հանգամանքին, որ արդեն իսկ Իրանի պատժամիջոցները չեղարկվել են և ստեղծվել են բավականին բարենպաստ հնարավորություններ: Բազմաթիվ երկրներից Իրան են ժամանում գործարարներ՝ տնտեսական ոլորտում համագործակցության բանակցություններ վարելու նպատակով: Պետք է աշխատենք, որպեսզի Իրան- Հայաստան տնտեսական հարաբերությունները ևս նման կերպ ակտիվանան: Իրանը պատրաստակամ է անհրաժեշտ ապրանքները ապահովելու նպատակով համագործակցել Հայաստանի հետ:

Ես մոռացա նշել նաև, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ պարոն Ջահանգիրիի` Հայաստան այցի շրջանակներում խոշոր գործարար համաժողով կազմակերպվեց Հայաստանում հայ ու իրանցի գործարարների մասնակցությամբ, փոխադարձաբար նման համաժողով կազմակերպվեց նաև Իրանում:

Զրուցեց Անի Նազարյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում