Ալիևն անուղղակի կերպով ընդունում է, որ շահագրգռված չէ խաղաղությամբ և սադրանքների հեղինակն է. Հերմինե Նաղդալյան

Ալիևն անուղղակի կերպով ընդունում է, որ շահագրգռված չէ խաղաղությամբ և սադրանքների հեղինակն է. Հերմինե Նաղդալյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ արդյունք չի տվել` պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում` միաժամանակ նշելով, սակայն, թե «2015 թվականին Ադրբեջանը առաջնագծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը»: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` Ադրբեջանի նախագահի հերթական` իրար հակասող հայտարարություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշել է հետևյալը.

«Ալիևի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, և այդ լարումն իր նպատակներից է բխում: Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող «Բռնության էսկալացիա..» վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ և զոհեր` հայ և ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու: Ասենք ավելին` Ալիևն այս կերպ նաև բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Նա այդ ջանքերը համարում է միայն միջնորդների պարտականությունը, այն դեպքում, որ հանրահայտ է` կոնֆլիկտի կարգավորման պարտավորությունը կողմերի վրա է, և միջնորդներն այստեղ ընդամենը միջավայր ձևավորող միջնորդական գործողություններ իրացնող են: Այսինքն, սրանով Ալիևն անուղղակի կերպով ընդունում է, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ, որ ինքն է այդ սադրանքների հեղինակը:

2015 թվականն իր բնույթով համարյա կրկնում է վերջին 4-5 տարիները, որոնց ընթացքում Ադրբեջանը, հասկանալով, որ դիվանագիտական դաշտում և ազգերի ինքնորոշման իրավունքի հաստատման պայքարում տանուլ է տալիս, գիտակցեց, որ Մինսկի խմբի սկզբունքները , որոնց նա սկզբում համաձայնություն տվեց, այնուհետև սկսեց հրաժարվել դրանցից, իսկ հետո էլ` տորպեդահարել, չեն բերելու իր ուզածին, այլ, թեկուզ դանդաղորեն, քայլ առ քայլ, բայց հետևողականորեն բերելու են Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը:

Ադրբեջանի նախագահը հոխորտում է` մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն նաև խաղաղություն պարտադրելու նախադեպերը, ինչպես նաև, երևի թե մոռացել է` ինչպես էր իր հայրը զինադադար խնդրում: Մոռացել է նաև, որ այս տարիների ընթացքում եղել են նաև Մինսկի խմբի համանախագահողների թվով 5 հայտարարություններ, որոնք համարյա ուղիղ տեքստով մատնանշում են` ով է զինադադարի խախտողը, ով լարվածություն հրահրողը, ով է, որ շահագրգիռ չէ խաղաղության հարցում և ում վրա է անհրաժեշտ ճնշումների գործադրումը: Ադրբեջանը, կարծում եմ, շատ լավ գիտի նաև, որ Հայոց բանակը յուրաքանչյուր իրենց քայլին համարժեք և մի քանի անգամ ավելի ծանր պատժամիջոցներ է կիրառում և հակահարվածներ տալիս ու տալու է ու կարողանալու է խաղաղություն պարտադրել: Այնպես որ, մի՛ ոգևորվեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում