Իսրայելի հնարավորությունները Հայաստանը չունի՝ հզորագույն պաշտպաններ և դրսից օգնող հարուստ քաղաքացիներ. Գ. Մինասյան (տեսանյութ)
Նմանատիպ
-2008-2009 թվականներին արձանագրված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության թույլ կողմերը և այդ ժամանակվա կառավարության ղեկավարը հայտարարեց, թե անհրաժեշտ է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն: Մենք դասեր քաղեցի՞նք այդ տնտեսական ճգնաժամից:
-Մենք պետք է խոսենք, թե ՀՆԱ-ում այս կամ այն ոլորտը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ ինչպիսի մասնաբաժին ուներ 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Մեր հիմնական խնդիրն այն էր, որ շինարարության ծավալները չափազանց մեծ էին, որը մեր խոցելիությունն էր այն պատճառով, որ հիմնական աճն այդ ոլորտում ապահովվում էր դրսի ներդրումների հաշվին, հատկապես ՌԴ-ից եկող տրանսֆերտների արդյունքում: Իսկ երբ հիմա ենք նայում՝ ՌԴ-ում իրավիճակն ավելի խորն է, բայց մեզ վրա բացասական ազդեցությունն այնքան խորը չէ, որքան եղել է այդ ժամանակ: Պատճառն այն է, որ ՀՆԱ-ն դիվերսիֆիկացված է և դրա մեջ շինարարությունն այդքան մեծ նշանակություն չունի:
-Հաշվի առնելով նավթի գնի անկումը և համաշխարհային տնտեսական բարդ իրողությունը, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե «վատ է, որ մեր տնտեսությունն այսքան կախյալ է նավթից» և վստահեցրեց, որ գնալով նվազում է նավթային եկամուտների մասնաբաժինը պետական բյուջեում: Մենք բյուջեն կազմելիս ընդունե՞լ ենք ինչ-ինչ սխալներ:
-Մենք այդպես էլ արել ենք, հիմա ավելի շատ ենք մեր ակնկալիքները կապում ներքին ռեսուրսների հետ: Մենք ունենք ներքին ռեսուրսներ, որոնց գործարկումը պիտի թույլ տա, որ այս ոչ բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում կարողանանք իրականացնել բյուջեով նախատեսված ծրագրերը:
-Այդ ներքին ռեսուրսների գործարկումը ենթադրո՞ւմ է տեղական արտադրանքի զարգացում
-Այո, իհարկե, պարզապես տեղական արտադրանքի զարգացման համար պետք է իշխանությունները պայմաններ ստեղծեն: Իսկ դրա համար մի քանի ճանապարհ կա՝ պետք է ընդունվեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, կոռուպցիան նվազեցվի, մրցակցային պայմաններն առավել բարելավվեն: Սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք ներքին տնտեսությանը թույլ կտան ավելի արագ զարգանալ:
-Տնտեսական բարդ իրավիճակից ելնելով Ռուսաստանի կառավարությունը գնաց պետական ապարատի կրճատման, մենք նման կրճատումների կարիք չունե՞նք:
-Ապարատի կրճատման և մակարդակի բարձրացման խնդիր միշտ կա, բայց կրճատում հանուն կրճատման հնարավոր չէ իրականացնել: Պետք է լուրջ ծրագրեր ներկայացնել այս կամ այն գերատեսչության համար և այդ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ավելի բարձր մակարդակով աշխատակազմ ձևավորել:
-Ավելի վաղ Դուք դրական համարեցիք այն, որ ներմուծման ծավալները 2015-ին նվազել են 20-30 տոկոսով, իսկ արտահանմանը՝ 2-3: Մինչդեռ ներմուծման ցուցանիշի նվազումը վկայում է, որ երկրի ներսում սպառողների թիվը, սպառումն է նվազել, ինչն էլ իր հերթին հուշում է արտագաղթի աճի մասին:
-Միայն դա չէ՝ կարող է ավելի քիչ է սպառվել ներմուծված ապրանք և ավելի շատ՝ տեղական:
-Դա մի գործոնն է, բայց հիմնականում մենք ունենք արտագաղթի աճ:
-Ես չունեմ տվյալներ, որ արտագաղթի աճը մեծացել է, կարծում եմ հակառակը՝ ՌԴ-ում, որ ուղղությամբ արտագաղթի հիմնական հոսքն է, վիճակը վատացել է, քան մի քանի տարի առաջ էր: Եվ այս միտումները տեսանելի ապագայում շարունակական են լինելու: Արտագնա աշխատողներն այլևս չեն գնում, ուր մնաց ընտանիքները տանեն մի երկիր, որտեղ ապրուստը, որ բերում էին այստեղ, հնարավոր չէ այլևս ունենալ: Այսինքն՝ այն նեգատիվ իրավիճակը, որ կա ՀՀ-ում ՌԴ-ի առավել վատ իրավիճակի դրսևորումն է: Հետևաբար՝ արտագաղթ դեպի Ռուսաստան քիչ տրաբանական եմ համարում:
-Այդ դեպքում ներգաղթ կլինի՞ Ռուսաստանից:
-Նման տվյալ չունեմ, բայց արտագնա աշխատանքի մեկնողներն այլևս չեն մեկնում:
-Մնում են մեր երկրում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան:
–Չկան աշխատատեղեր այն աշխատավարձի չափով, որը բերում էին արտերկրից:
-Լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին, թե 2.2 տոկոս տնտեսական աճը շարքային քաղաքացին իր վրա կզգա՞, Դուք ակնարկեցիք, թե անվտանգ ապրելն առավել կարևոր Է: Անշուշտ, անվտանգությունը կարևոր է, բայց մյուս կողմից սահմանային իրավիճակով վատ ապրելը պայմանավորելը մանիպուլիացիոն է: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ պատերազմական պայմաններում էլ կարելի է զարգանալ:
-Դուք ուզում եք Իսրայելի հետ դա համեմատե՞լ:
-Մենք (առաջին հերթին իշխանությունն ու պաշտոնյաները) հեռու ենք նրանցից գաղափարապես, նվիրվածությամբ և շատ այլ գործոններով:
-Այն հնարավորությունները, որն ունի Իսրայելը՝ երևացող և չերևացող, Հայաստանը ոչ միայն չունի, այլև չի էլ կարող ունենալ: Այնպիսի հզորագույն երկրներ, որ Իսրայելի առաջին պաշտպաններն են՝ շատ պատճառներով, ավելին՝ եղել են, կան ու կլինեն, մենք չունենք և չենք կարող ունենալ: Այն, որ հզոր ֆինանսական կարողություն ունեցող և Իսրայելում չապրող քաղաքացիներն իրենց միջոցներն ուղղորդում են դեպի Իսրայել, Հայաստանը ևս չունի և չի կարող ունենալ: Փոխարենը մենք ունենք 70 միլիոնանոց Թուրքիա Արևմուտքում, 8-10 միլիոնանոց Ադրբեջան Արևելքում: Թուրքիան ասում է, որ «Ղարաբաղի ազատագրումն իր առաջին խնդիրն է», ուստի անվտանգության մասին թերհավատորեն խոսելը գալիս է խնդիրը լուրջ չընդունելուց:
-Անվտանգության խնդիրն անձամբ շատ լուրջ եմ ընդունում: Վազգեն Սարգսյանն ինքն է ժամանակին ասել, թե չի կարելի Արցախի խնդրով պայմանավորել կառավարության վատ աշխատանքը:
-Ես Ձեզ չէի ասում: Մենք ունենք ներքին ռեսուրսներ, որի արդյունավետ օգտագործումը մեզ հնարավորություն կտա այլ հավասար պայմաններում ավելի մեծ արդյունքների հասնել:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում