Մոսկվան ՀՀ-ից չի պահանջում ազատագրված տարածքների վերադարձ՝ հանուն Ադրբեջանում ռուսական բազայի առկայության
Նմանատիպ
Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պահպանել կայուն հարաբերություններ, բայց ոչ ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին կամ դրանք վտանգելու գնով: Այս մասին Times.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
-Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում դարձյալ սրվել էր: Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այս անգամ Ադրբեջանի կողմից լարվածության սրացման պատճառները: Կա տեսակետ, որ սահմանային լարվածությունը քննություն է ՀԱՊԿ-ի համար՝ հանձնե՞ց, թե՞…Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը վերջերս հստակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից գործնական օգնություն չենք խնդրում, քանի որ հայկական բանակն ունակ է պատասխանել Ադրբեջանի սադրանքներին, բայց զուտ մարդկային, բարոյական աջակցություն կցանկանայինք տեսնել:
-Իսկապես, լարվածության սրացումը կրում էր պերմանենտ բնույթ, ինչն ըստ իս, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բարձրացնել իր «գինը»՝ գրավելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունն իրենց խոսքերով՝ անարդյունավետ բանակցային գործընթացի վրա, ինչի մասին է վկայում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության հայտարարությունը: Այստեղ պակաս նշանակություն չունեն Ադրբեջանում ներքին քաղաքական զարգացումները, առաջիկա խորհրդարանական ընտրությունների փաստը, ներքաղաքական փոփոխությունների հնարավորությունը, սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը՝ կապված էներգակիրների գնի անկման հետ, ինչպես նաև արևմտյան կամ միջազգային կառույցների քննադատության ուժեղացումը (չնայած որ այն դիվանագիտական նուրբ խաղի մաս է կազմում): Այս ամենը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին ուժեղացնել հռետորաբանությունը և դիմել գործողությունների, որոնք կարող են տորպեդահարել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
Իհարկե, այս ամենը չեն վախեցնում ոչ Երևանին, ոչ Ստեփանակերտին, ինչի վկայությունը ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունն է. «Մեր կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները, և հակառակորդի կողմից իրականացվող ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու: Մենք դա ապացուցեցինք վերջին օրերին և կշարունակենք նաև առաջիկայում, որպեսզի իրենք գիտակցեն , որ եթե կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք նույնպես ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու՝ կիրառո՞ւմ են Դ-30 հաուբից հրանոթ, անհրաժեշտության դեպքում մենք էլ ենք նույնն անելու»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պահվածքին, ապա պետք է հաշվի առնել այն, որ կազմակերպության ներսում գոյություն ունեն տարբեր «ստորգետնյա հոսանքներ», այն դեպքում, երբ ցանկացած փաստաթուղթ յուրաքանչյուր միջազգային կազմակերպության կողմից ընդունվում է կոնսենսուսի հիման վրա: Ամեն դեպքում ՀԱՊԿ-ն մնում է ռուս-հայկական համագործակցության կարևոր էլեմենտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:
-ՀՀ նախագահ սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով, որում ասվում է.
«Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարhող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտարարել է.
«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:
Կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվելու, այդ դեպքում ի՞նչ արձագանք պետք է սպասել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա:
-ՀՀ-ի ղեկավարության կողմից նման դիրքորոշում մեկ անգամ չէ, որ հնչել է, ինչը միանգամայն տրամաբանական է. քանի դեռ վարվում են քաղաքական բանակցություններ, պաշտոնական Երևանը զերծ է մնում ԼՂ-ին որպես ինքնուրույն պետություն ճանաչելուց, սակայն, լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են ամեն ինչ փոխել: Հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ պահպանելու խաղաղ բանակցությունները, բայց դա դժվար հնարավոր լինի սահմանին հրադադարի մշտական խախտումների, հնչող կրակոցների և դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների պայմաններում: Ինձ թվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների դիրքորոշումն ընդհանուր առմամբ համահունչ է հայկական կողմի կառուցողական մոտեցմանը, սակայն հարցն այն է, թե ինչ ռեսուրսների են նրանք տիրապետում, որ կարողանան տեղ հասցնել իրենց դիրքորոշումը նրան, ով մտածված գնում է հակամարտության էսկալացիայի: Ըստ էության, միայն դիվանագիտական ջանքերը կամ թվիթերյան հայտարարությունները բավարար չեն այստեղ:
–Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալն այն կարծիքին է, որ «այս պահին Արևմուտքը պատրաստ չէ վերցնել պատասխանատվություն Ղարաբաղի անվտանգության համար, իսկ Ռուսաստանին էլ չի վստահում»:
-ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը ժամանակ առ ժամանակ անբարեխիղճ սպեկուլացիայի առարկա է դառնում ինչպես Արևմուտքում, այնպես էլ, ցավոք, հայկական և ռուսական լրատվամիջոցներում:
Միևնույն ժամանակ այստեղ «բաց դուռը» կոտրելու կամ դրա վրա ուժ գործադրելու կարիք չկա. մադրիդյան սկզբունքները ենթադրում են որոշակի փուլում խաղաղապահ ուժերի տեղակայում, բայց սա հնարավոր է միայն առավել կարևոր խնդիրների լուծումից հետո, այդ թվում՝ համաձայնություն կարգավորման մասին և ԼՂ կարգավիճակի հստակեցում:
Պետք է նշեմ, որ պակաս աբսուրդային չեն այն խոսակցությունները, թե Մոսկվան ՀՀ-ից պահանջում է ազատագրված որոշ տարածքների վերադարձ՝ ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ Ադրբեջանի համաձայնությունը ստանալու դիմաց: Սա Երևանը շատ լավ գիտի, մնում է կռահել, թե ով և ինչու է տարածում նման խոսակցություններ:
Ինչ վերաբերում է առանձին փորձագետներին, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ սեփական տեսակետը: Անկեղծ ասած, դժվարանում եմ հիշել որևէ տարածաշրջան՝ նախկին խորհրդային միության տարածքում կամ Մերձավոր Արևելքում, որի համար Արևմուտքը պատասխանատվություն է ստանձնել: Սա այն դեպքում, երբ արևմտյան գերտերությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ հստակ ձևակերպել են իրենց հետաքրքրությունները: Ինչ վերաբերում է վստահությանը, ապա փորձագետների մեծն մասն ավանդաբար համակարծիք են եղել:
Ի տարբերություն Ուկրաինայի կամ Սիրիայի Մինսկի խումբը ավանդաբար եղել է կողմերի ինչ-որ չափով կառուցողական փոխգործակցության հարթակ՝ ի դեմս Ռուսաստանի: ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչը պայմանավորված է մի շարք հետաքրքրություններով, որոնցից մեկը կարելի է ասել կոնֆլիկտի «թեժ» կետի չվերաթարմացումն է և դրա կարգավորման անհրաժեշտությունը բացառապես դիվանագիտա-քաղաքական միջոցներով: Բայց եթե պարոն Վաալն այլ կերպ է մտածում, գուցե մի բան գիտի: Կարծում եմ, որ Ռուսաստանում այս տեսակետին կմոտենան հետաքրքրությամբ և համապատասխան հետևություններ կան:
-Ի՞նչ կարող եք ասել ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Վերջին դեպքում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ֆոնին:
-Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ զարգանում են տարբեր մակարդակներում, բայց դրանք բավականին բարդ են: Օրինակ՝ ռուս-թուրքական տնտեսական հավակնոտ նախագծերը որոշակի փուլում կարող են հակասության մեջ մտնել Անկարայի եվրաատլանտյան ինտեգրացման հետ: Չնայած Մոսկվայի և Անկարայի միանգամայն հասկանալի ձգտմանը «բաժանել» փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը սիրիական հարցում արմատական տարաձայնություններից, սակայն չկա որևէ փաստարկ, որ դա կհաջողվի անել: Որոշ փորձագետների կարծիքով, Թուրքիան ունենալով Սիրիայի հետ բավականին երկար սահման, ԻՊ-ի դեմ պայքարի համատեքստում կարող է հանդիսանալ գրեթե հիմնական խնդիրը: Եվ նույն Էրդողանի «կռվարար» հայտարարությունները Մոսկվայի հասցեին որքան հեռու, այնքան դժվար է լինելու վերագրել այն պոպուլիստական նախընտրական հռետորաբանությանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ռուսաստանը շահագրգռված է այս երկրի հետ կայուն հարաբերություններ պահպանել, բայց ոչ ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին կամ դրանք վտանգելու գնով:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում