Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը՝ սեփական ռազմական ներուժն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը՝ սեփական ռազմական ներուժն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի սեփական ռեսուրսներով՝ սեփական ներուժը ծառայեցնելով պետության անվտանգությանը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով սահմանային լարված իրավիճակը եւ դրա ֆոնին միջազգային կառույցների անգործությունը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր ուղերձը պետք է լինի այն, որ միջազգային ինստիտուտները բավական թույլ են և չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա՝ ստիպելով այդ երկրին զերծ մնալ ռազմատենչ քաղաքականությունից: «Հետեւաբար՝ խնդիրը պետք է լուծել սեփական ռեսուրսներով: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ քաղաքականությունն էլ որդեգրել է, համենայնդեպս, նախագահ Սերժ Սարգսյանի ու Պաշտպանության նախարարության հայտարարությունները դա են վկայում»,-նկատել է նա:

Արդյո՞ք Ադրբեջանի վերջին սադրանքներն այն «կարմիր գծերն» չեն, որոնք, ըստ ՀԱՊԿ-ի, Ադրբեջանը պետք է հատեր: Մելիք-Շահնազարյանի պնդմամբ՝ «կարմիր գծերը» որոշելու է ոչ թե ՀԱՊԿ-ն, այլ Հայաստանի իշխանությունները: «Այստեղ ամեն ինչ կախված է լինելու հենց պաշտոնական Երևանի դիրքորոշումից, իսկ վերջինս այս պահին դեռևս նման աջակցության կարիք չունի: Հայկական բանակն ի վիճակի է լուծել իր առջև դրված մարտական խնդիրները, և մենք փորձելու ենք բավարարվել մեր ունեցած պոտենցիալով: Մինչ այս պահը ոչ մի աջակցության խնդիր չի եղել և լինելու պարագայում էլ Հայաստանը կստանա այն, ինչ սահմանված է ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ»,-վստահեցրել է քաղաքագետը :

Այսուհանդերձ, ինչպես հավելում է Մելիք-Շահնազարյանը, բոլոր դեպքերում , ցանկացած տիպի զարգացումներում, միևնույն է, Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը՝ սեփական ռազմական ներուժն է : «Սա ճշմարտություն է աշխարհի ցանկացած պետության համար: Կարծում եմ, սա գործում է նաև մեր պարագայում»,-ընդգծել է քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում