Հայոց ցեղասպանության փաստն արդեն հանրային գիտելիք է դարձել. Արման Կիրակոսյան

Հայոց ցեղասպանության փաստն արդեն հանրային գիտելիք է դարձել. Արման Կիրակոսյան

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանն այն կարծիքին է, որ իր հեղինակած «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» խորագրով մենագրությունը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ընդգծեց, որ աշխատությունում մեկտեղվել են վերջին 15 տարիներին ամերիկյան հանրագիտարաններում Հայոց ցեղասպանության մասին նյութերը, որոնցում 1915թ. իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն:

«Այն, որ 1915թ. հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է, արդեն դարձել է հանրային գիտելիք: Իսկ հանրային գիտելիք նշանակում է, որ հասարակությունն այլևս ճանաչում է Ցեղասպանությունը: Այստեղ մենք գալիս ենք այն բանին, որ միայն Թուրքիայի հետ դաշնակցային, քաղաքական հարցերն են խանգարում, որպեսզի տարբեր պետություններ դա ճանաչեն և որակեն որպես ցեղասպանություն: Եթե գիրքը տարածվի գրադարաններում, վաճառվի խանութներում, իհարկե, նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ դա նաև քարոզչական նշանակություն կունենա: Գիրքը հնարավորություն կտա, որպեսզի թուրքերը, այլ ազգերի ներկայացուցիչները իմանան, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ որքան նյութեր կան ամերիկյան հանրագիտարաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում