Եղել են պատմական պահեր, երբ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ԼՂ հարցով պատրաստ էին լսել Հայաստանին. Լարիսա Ալավերդյան

Եղել են պատմական պահեր, երբ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ԼՂ հարցով պատրաստ էին լսել  Հայաստանին. Լարիսա Ալավերդյան

Աշխարհում այսօր գերտերություն չկա, գերտերությունը նա կլիներ, որը կպարտադրեր աշխարհին խաղաղություն և ոչ թե անկարող կլիներ ինչ-որ տեղում դադարեցնել պատերազմը: ԻՊ-ն  արգասիքն է հենց այս անկարողության: Բայց այսօր ԱՄՆ-ն ձգտում է լինել միակ գերտերությունը, որը ես մերժում եմ: Աշխարհում  մի պետության գերտերություն լինելու դեպքում ունենում ենք կամ կունենանք այն արդյունքը, որը տեսնում ենք երկրում մի ուժի մշտական իշխանության դեպքում: Ռուսաստանը չի ուզում կատարել այն բոլոր կոնցեպցիաները, որով ղեկավարվում է ԱՄՆ-ն: Ես գտնում եմ, որ ՌԴ-ն էլ է ձգտում դրան, իսկ բոլոր մնացած պետությունները, այդ թվում՝ մենք, պիտի չմոռանանք, որ փոքր տարածք և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունենք, մասնավորապես՝ ՌԴ-ի ներկայությունն այս տարածաշրջանում ապահովում ենք միայն մենք: Այս առումով եմ ասում, որ ինչ էլ անում է ՌԴ-ն,  բավականին հետևողական իր ազգային շահի համար ամրապնդում է իր դիրքերը աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ այստեղ:  Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է կարողանա իր ազգային, պետական շահն ավելի ու ավելի պաշտպանի և ռեալ հաջողություններ գրանցի, այլ ոչ թե  դառնա հետևանք ՌԴ-ի շահի պաշտպանության: Այս մասին Times.am-ին  տված հարցազրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն,  ՀՀ  մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: 

-ԱՄՆ-ն,  ԵՄ-ն և Ռուսաստանը միայն երկու հարցում են համագործակցում՝ դա Ղարաբաղն է և տիեզերքը: Բոլոր մյուս տարածքներում իրենք ունեն հակասություններ: Մեր տեսակետից ռեալ տարբերություն չեմ տեսել իրենց դիրքորոշումների մեջ: Այն է՝ չնեղացնել Ադրբեջանին, քանի որ ոչ միայն ունի նավթ, այլև քաղաքագիտական բարձր գին ունեցող տարածք, բայցև թույլ չտալ, որ որևէ մի կողմը տեսանելի ժամանակի մեջ հասնի արդար լուծման: Կոնկրետ ես արդար լուծման ներքո տեսնում եմ իրավական, քաղաքական, պատմական  համատեքստերը: Ես համաձայն չեմ և սա ասել են առնվազն երկու նախագահները՝ երկրորդն ու երրորդը, որ չի կարող ԼՂՀ-ն ենթարկվի Ադրբեջանին՝ տեսնելով  Լեռնային Ղարաբաղ ասվածի տակ այն, ինչ իրենք են հասկանում: Իսկ մադրիդյան սկզբունքները տարանջատում են ԼՂԻՄ-ի և ԼՂՀ-ի այսօրվա տարածքները, որի հետ ես համաձայն չեմ: Ես որպես փորձագետ հստակ պահանջներ ունեմ՝ ինչո՞ւ մինչ օրս այս պատմաիրավական փաթեթը չի դրվում շրջանառության մեջ՝  լինի ԵԱՀԿ-ում, լինի Եվրոպայի խորհրդում, թե այլ կառույցներում, որը տալիս է քաղաքական արդար լուծման հիմքերից առնվազն մեկը: Սա է խնդիրը, փորձագետների պահանջը շատ պարզ է: Այստեղ խորքային խնդիրներ կան, այսինքն՝ այն պետությունները, որոնց հետ համագործակցում ենք, բանակցում այդ հարցերով,  չեն համաձայնվում այդ դեպքերի հետ, եթե հայկական կողմը դնում է:

-Մի առիթով ասացիք, որ կար ժամանակ, երբ ԱՄՆ-ն և ՌԴ-ն պատրաստ էին լսել  Հայաստանին,  նման հնարավորություն կունենա՞նք, թե կորցրել ենք…

-Դա 1991-ից մինչև 1995 թվականն էր, ինչու՝ 1991-ին տեղի ունեցավ խորհրդային միության փլուզում և կտրուկ փոխվեց դիրքորոշումը Եվրոպական համայնքի, մասնավորապես՝ Եվրոպայի միությունն ընդունեց մի որոշում, որով  գտավ ճշմարիտ ճանապարհը ճանաչել բոլոր պետությունները՝ խորհրդային միության փլուզումից եկող և այն սահմաններով, որով իրենք մտել են խորհրդային միություն: Այստեղ տեղի էր ունեցել Եվրոպական միության կարծիքի կտրուկ փոփոխություն հենց 1991-ի օգոստոսից՝  Պուտչից հետո մինչև դեկտեմբերի 25-ը, երբ բոլոր նախագահները ստորագրել էին ԱՊՀ կազմելու համաձայնագիրը և այդտեղ ճանաչել բոլորի սահմանները: Ահա օգոստոսից դեկտեմբերը դա մի փուլն է, նույնիսկ փետրվարը, որովհետև ճանաչումը տեղի է ունեցել մարտին,  հետագայում, երբ պատերազմը սկսվեց՝  Ադրբեջանի  կողմից լինելով համոզմունք, որ կհաղթի, ամբողջ հայությանը դուրս կհանի, այս պատերազմի ավարտին ևս նման հնարավորություն ունեցել ենք: Ինչի եմ ասում մինչև 1995-ը, որովհետև 1994-ին, երբ եղավ Բիշքեկյան պայմանավորվածությունը, որը հետո ամրապնդվեց ԵԱՀԿ շրջանակում, ճիշտ ժամանակն էր մերը դնելու,  պնդելու:  Երրորդ փուլը կամ հարմար պահը, երբ փոխվում է նախագահը, որը տեղի չունեցավ, այլ ընդամենը մի ավել նախադասություն արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ երբևէ ԼՂՀ-ն չի եղել Ադրբեջանի տարածքում իրավական առումով և նա չի կարող Ադրբեջանի ենթակայության տակ լինել: Սա հետո Սերժ Սարգսյանն ամրապնդեց և իր բավականին գեղեցիկ ճառերով  շատ լավ արտահայտվեց Աստանայում, Կազանում և այլն: Բայց սա չի դարձել ռեալ քաղաքականության մաս, որը պիտի երևար, օրինակ, եթե ոչ  մադրիդյան սկզբունքների փոփոխությամբ, այլ գոնե ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի կողմից չբերվեին բանաձևեր, որոնց անվանման մեջ արդեն իսկ  սադրիչ բան կա՝ ««Օկուպացված տարածքներում» իրավիճակը», ««Օկուպացված տարածքներում» այս կամ այն  գործողությունները»: Սկզբից նման բան չի եղել, իսկ այսօր բանաձևերի մեջ է մտնում այս ձևակերպումը: Դիվանագիտական կորպուսը չի ավելացրել ակտիվը, այլ հակառակը բերել է նրան, որ Եվրոպայի խորհրդից  մեկը գնացել է Բաքու և սադրիչ անվանումներով…և այդպես էլ մնում են այդ անվանումները: Բոլորը կարծում են, թե դա նշանակություն չունի, բոլորովին այդպես չէ. միջազգային հարաբերություններում, միջազգային իրավունքում  անգամ միջազգային կառույցների կողմից փաստաթղթերը կարող են լինել իրավունքի աղբյուր: Երբ էլ սկսենք ժամանակն է, ես երբեք չեմ ասել, թե վա՜յ պահը կորավ: Պահերը գալիս են՝ Կոսովոյի ճանաչումից առաջ, երբ խնդիրը նոր սկսվում էր բարձրացվել վերին աստիճանի հակասական դաշտում. ՄԱԿ-ն ընդունել է Կոսովոյի համար որոշում, թե չի կարելի նրան ընդունել որպես առանձին սուբյեկտ, քանի որ Սերբիայի մասն է, իսկ հետագայում  ավելի քան 120 պետություն ճանաչել է Կոսովոն, բայց ՄԱԿ-ը չի ընդունում իր կազմ: Սա նշանակում է, որ այդտեղ հակասական հիմքեր կան, բայց հենց այս հակասությունների ժամանակ պիտի ակտիվ աշխատենք և փորձենք գոնե փորձագիտական կարծիքը դնել շրջանառության մեջ: Այ սա չի արվում, ցավոք սրտի, ամեն իշխանություն կարծում է, թե փորձագետները գալիս են իրենց փոխարինելու համար:

-Մեկ անգամ  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ավելի վաղ վարչապետ Արայիկ Հարությունյանն ակնարկել են, որ մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են, որի մշակմանը չեն մասնակցել  և բանակցային սեղանին վերադառնալուց դրանց   շուրջ  չեն  բանակցի:

-Այո, այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի միակ այցելությունը Ղարաբաղ եղել է հենց այդ պատճառով, որ Գեորգի Պետրոսյանը չէր համաձայնում ինչ-որ կոմպրոմիսների և գնացել էին այնտեղ իրեն փոխելու:

-Իրավիճակը կրկնվելո՞ւ է:

-Չեմ կարծում, որովհետև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի դե ֆակտո ճանաչումն ավելի ու ավելի է խորանում: Ես լրիվ ճիշտ եմ գտնում, որ Արցախը չի փոխում իր դիրքորոշումը: Ինչպես կան արտահայտություններ՝  սպասում ենք միջազգային հանրությունը հասկանա, որ խնդրի լուծման բանալին ԼՂՀ-ում է, նույն իմաստությունն էլ Արցախն ունի. սպասում են,  որ ՀՀ-ի իշխանությունները  հրաժարվեն ոչ արդյունավետ բանաձևերից, ավելի արդյունավետ բանաձևեր ՀՀ-ն պիտի գտնի: Երբեք կտրուկ ինչ-որ բան փոխելու կոչ չեմ անում, բայց բերի նրան, որ չի կարելի հակադրվել Արցախի ժողովրդի և իշխանության դիրքորոշմանը: Այսպես թե այնպես ենթատեքստի մեջ դա կա: Բայց պետք է նկատել, որ բանակների միջև համագործակցությունն այսօր ավելի խորն է, քան նախկինում եղել է: Մի առիթով Օսկանյանն ասել է Արցախում, որ դիվանագետների մոտ ԼՂ հարցի հետ կապված բոլորովին այլ պատկեր է, այլ ոչ թե այն, ինչ մենք ենք կարծում: Սա խոստովանություն է, որ  հայկական դիվանագիտությունը չի աշխատել  Արցախի հարցի համարժեք պատկեր ստեղծելու ուղղությամբ: Սա է մեր փորձագիտական դժգոհությունը, մենք ջունգլի չենք, որ չունենանք գրավոր պատմություն:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում