Սահմանային լարվածությունը քննություն ՀԱՊԿ-ի համար. ագրեսիա է տեղի ունենում առանցքային անդամ պետության դեմ. Դենիս Դվորնիկով

Սահմանային լարվածությունը քննություն ՀԱՊԿ-ի համար. ագրեսիա է տեղի ունենում առանցքային անդամ պետության դեմ. Դենիս Դվորնիկով

Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը Times.am-ի խնդրանքով անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հատվածում  իրավիճակի լարմանը՝ նշելով, որ Ադրբեջանի ագրեսիվության ակտիվացումը մի քանի պատճառ ունի, իսկ գլխավորն ինչպես միշտ փողն է. նավթի գների անկումը սրում է Ադրբեջանի ներքին խնդիրները և սոցիալական լարվածությունը, ինչից Ալիևի վարչակազմը սկսում է ջղաձգվել:

«Ռազմական սադրիչ գործողությունները, որոնք հայկական կողմն անպատասխան չի թողնում, պարզունակ,  բայց հուսալի միջոց են՝ բոլոր դժվարությունները վերագրելու է «հայկական հետքին»»,-նկատեց ռուս փորձագետը:

Իրավիճակի երկրորդ գործոնը միջազգային հարթությունում է. վերջին  շրջանում  ականատեսը եղանք  իրադարձությունների մի ամբողջ շարքի, ինչն ըստ էության, դե ֆակտո  հաստատեց  կամ շեշտադրեց ԼՂՀ անկախության իրավասուբեկտության ճանաչման իրավունքը՝  Բակո Սահակյանի Լոնդոն այցից մինչև հայտնի գործիչների Ստեփանակերտ այցերի հաճախակիացում:

Դվորնիկովի խոսքով, սա խոսում է «խավիարային դիվանագիտության» ակնհայտ ձախողման մասին և  այն փորձագետները, որոնց «պահում» էր Բաքուն, հանկարծ սկսեցին գունատվել, որոշ դեպքերում՝ անպարկեշտ  պահվածք  դրսևորել:

Ըստ այդմ՝ ինչ-որ կերպ  հայ-ադրբեջանական հակամարտությանն այսպես ասած՝ ակտուալություն հաղորդելու կամ օրակարգում պահելու համար, Ալիևի վարչակազմը որոշեց թափել սեփական զինվորների և հայկական գյուղերի խաղաղ  բնակիչների  արյունը. «Սա արյունոտ հիստերիա է, որի հետևանքով զոհվում են ադրբեջանցի զինվորներ և մահանում  հայկական գյուղերի խաղաղ բնակիչներ»:

Մեր հիշեցմանը, որ ՀԱՊԿ-ն լռակյաց դիրք է բռնել և նախընտրում է սահմանին տիրող լարվածությանը  հետևել լուռ, այն դեպքում, երբ վտանգ է սպառնում ՀԱՊԿ անդամ  երկրին՝ դաշինքի անդամ չհանդիսացող  Ադրբեջանից, Դենիս Դվորնիկովը նշեց, որ ՀԱՊԿ-ի լռությունը զարմացնում է նաև իրեն. բացահայտ ագրեսիա է տեղի ունենում կազմակերպության  առանցքային  անդամներից մեկի դեմ:

«Այս իրավիճակը քննություն է ՀԱՊԿ-ի համար. եթե անմեղ մարդկանց մահն անտեսվի, այդ դեպքում միջպետական այս կառույցի կենսունակության հարց է առաջանում»,- ամփոփեց  նա:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում