Ցեղասպանությունը ճանաչելու պահանջի հիմքում վերքերը բուժելու հոգեբանական պահանջմունքն է. Լեմկինի կրթաթոշակառու

Ցեղասպանությունը ճանաչելու պահանջի հիմքում վերքերը բուժելու հոգեբանական պահանջմունքն է. Լեմկինի կրթաթոշակառու

Հունգարացի միջազգայնագետ, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ Էվա Մերենիչը Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի առաջին շրջանավարտն է: Նրա ուսումնասիրության թեման է` «Հայոց ցեղասպանությունը կամավոր հաղորդակցման տեսության տեսանկյունից. ճանաչման պահանջը որպես մարդու հիմնական պահանջմունք» (Basic Human Needs behind the Demand for Recognition – The Armenian Genocide and Nonviolent Communication): Տիրապետում է մի քանի լեզուների՝ հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն և ռուսերեն:  Ունի ակադեմիական մրցանակներ, մի շարք կրթաթոշակների շրջանավարտ է: Տարբեր գիտական ծրագրերով բազմիցս եղել է Հայաստանում, կատարել ուսումնասիրություններ և մասնակցել գիտաժողովների:  Սիրում է Հայաստանը և հայերին:  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է հարցազրույց  Էվա Մերենիչի հետ:

– Բարև Էվա: Երևի մեր շրջանավարտներից միակն ես, ում հետ կարող եմ նաև հայերեն հաղորդակցվել: Ինձ համար՝ որպես հայի, շատ հաճելի է: Ինչու՞ սովորեցիր հայերեն:

– Եթե հեռվից սկսեմ պատմությունը, պիտի ասեմ, որ անգլերենից և գերմաներենից հետո ուզում էի անպայման որևէ ավելի քիչ հայտնի լեզու սովորել: Չկարողացա կողմնորոշվել, թե որը լինի այդ լեզուն: Երբ պարզվեց, որ ուզում եմ երկար ժամանակով Հայաստան գալ, որոշումս իրագործեցի, և սկսեցի հայերեն սովորել: Գիտեի, որ Հայաստանում հայերեն իմանալով ապրելն ավելի ապահով կլինի, նաև մարդկանց հետ կկարողանամ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել:

– Քեզ հիշում եմ դեռ 2009 թվականից, Ադանայի կոտորածների 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին էիր մասնակցում, եթե չեմ սխալվում…

– Այո: Սիրով եմ հիշում այդ գիտաժողովը: Դա իմ առաջին գիտաժողովն էր, որտեղ զեկույց էի կարդում: Երբ ծրագրում հայտնի մասնակիցների անուններ տեսա, բավականին վախեցա: Բայց այս վախը նաև օգնեց, որ ուժերս հավաքեմ, և փորձեմ գիտելիքներս ինչքան կարող եմ, ճիշտ ու լավ ներկայացնել: Հետո պարզվեց, որ այդ հայտնի մասնակիցները շատ բարի են և օգտակար մոտեցում ունեն երիտասարդների հանդեպ: Այսինքն վախենալու առիթ չկար:

– Դեպի ու՞ր տարավ քեզ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը, կամ ավելի ճիշտ դեպի ու՞ր բերեց:

– Իմ թեման ցեղասպանության հետևանքների հետ է կապված, բայց բռնության այս մակարդակը տեսնելիս ինձ պարտավորված էի զգում՝ փորձել հայտնաբերել, թե ինչպես է հնարավոր կանխել բռնությունը, կամ եթե արդեն տեղի է ունեցել բռնություն՝ բուժել դրա հետևանքով առաջացած վերքերը: Վերջերս գտել եմ հակամարտությունների լուծման մի ձև, կոչվում է Nonviolent Communication: Արդեն երկու տարի է, որ ուսումնասիրում եմ այս մեթոդը, և փորձում՝ կյանքին էլ այս մեթոդի օգնությամբ մոտենալ: Շատ է օգնում, և շատ էլ պիտի սովորեմ, զարգանամ: Համենայնդեպս ուրախությամբ եմ տեսնում, որ այս մոտեցումն աշխատում է ազգությունից անկախ, նաև՝ Հայաստանում:

– Մի փոքր էլ կմանրամասնե՞ս:

– Իմ կոնկրետ նպատակն այն էր, որ հայտնաբերեմ, թե ինչպիսի բնական հոգեբանական պահանջներ են կազմում ցեղասպանության ճանաչման պահանջի հիմքը: Շատ հետաքրքիր էր: Պետք է ասեմ, որ ամեն դեպքում հայտնաբերեցինք այդ հիմքը: Դա վերքերը բուժելու առաջին քայլն է: Նույնիսկ, եթե ես չկարողանամ այս գործը մնակ ավարտել, լավ է տեսնել, որ հնարավոր է օգնել:

– Այս տարվա Լեմկինի կրթաթոշակի առաջին շրջանավերտն ես: Ի՞նչ տվեց քեզ այս մեկ ամիսը:

– Շատ մեծ նշանակություն ուներ ինձ համար, որ կարողացա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին ներկա գտնվել, չնայած դա չէր իմ գլխավոր նպատակը: Հարցազրույցներ եմ անցկացրել, և շատ ուրախացա, երբ հայտնաբերեցի, որ իմ սովորած մեթոդի լեզուն կարողանում են նաև նրանք հասկանալ, ովքեր երբեք չեն ուսումնասիրել այս թեման, և ում լեզվով նույնիսկ այն դեռ թարգմանված չէ: Նաև շատ լավ էր զգալ այդ մտերմությունը զրուցակիցների հետ, որը ստեղծվեց հարցազրույցների ծամանակ:

– Դու հնարավուրություն ունեցար մասնակցելու Երևանում անցկացվող և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հյուրընկալվող 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովին: Քո տպավորությունները, խնդրում եմ:

– Շրջապատդ շատ տարբեր է, երբ այդ գործընկերներիդ հետ ես քննարկում, ովքեր քո հետազոտության թեմայից ավելի տեղյակ են: Հիմնական փաստերից շատ ավելի քիչ պիտի բացատրես, և կարողանում ես մանրամասների և խնդիրների խորության վրա կենտրոնանալ:

Ես հատկապես հավանեցի այն ելույթները, որոնք ցեղասպանական ծրագիր իրականացնող պետությունների հասարակ ժողովրդի մասնակցության մասին էին: Ապագայում ցեղասպանությունները կանխելու նպատակով պետք է այդ մարդկանց` ցեղասպանական գործողություններին մասնակցած հասարակ մարդկանց արարքների պատճառները հասկանալ, քանի որ միայն պետական համակարգերը քիչ են այսպիսի դաժանություն իրականացնելու համար, եթե ժողովուրդն իրենց ծրագիրը չի հովանավորում:

– Լեմկինի կրթաթոշակն արդեն հինգ տարեկան է: Մեծ չենք, բայց փոքր էլ չենք: Ի՞նչ կփոխեիր կամ գուցե կավելացնեիր ծրագրում:

– Շատ լավ կլիներ վերջում կիսվել գիտելիքներով Հայոց ցեղասպանության ինստիտուտի մեր գործընկերների հետ: Իհարկե, շատերը հետաքրքրվում էին, շատերի հետ զրուցել եմ, բայց մի քիչ ավելի լայն ֆորում եմ պատկերացնում: Ուսումնասիրության մասին հոդված նախապատրաստելու նպատակով լավ կլիներ մի քննարկում կազմակերպել, որովհետև գործընկերները կարող են շատ լավ հարցեր տալ, կամ քննադատությունների ու նկատառումների դեպքում նաև օգնել, որ վերջին ընթերցողն ավելի հեշտ և ճիշտ հասկանա հոդվածը: Ինչպես մենք հունգարերեն ասում ենք, ավել աչքեր ավել են տեսնում:

– Ի՞նչ կմաղթես հաջորդ կրթաթոշակառուներին:

-Որ Հայաստանի և հայերի հետ խորությամբ ծանոթանան, և իրենց ուսումնասիրություններով կարողանան օգնել կարևոր խնդիրների լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում