Մեր նպատակն է հեշտացնել ընդունելությունը, դժվարացնել ավարտելը. Արմեն Աշոտյան

Մեր նպատակն է հեշտացնել ընդունելությունը, դժվարացնել ավարտելը. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն գոհ է 2015 թվականի ընդունելության գործընթացից: Նախարարի խոսքով` թեպետ նախարարությունն ուղղակի պատասխանատու չէ ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման համար, բայց ավանդաբար իր աչքը պահում է գործընթացի վրա: «Արմե նպրես»-ը ներկայացնում է այս տարվա ընդունելության և այլ հարցերի շուրջ Արմեն Աշոտյանի հետ ունեցած հարցազրույցը:

Ընդունելության քննությունները` բացառապես կրթական գործընթաց

Ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս ընդունելության քննություններն անցան որպես բացառապես կրթական գործընթաց` չհարուցելով հասարակության ավելորդ, իսկ նախորդ տարիներին` նաև հիվանդագին դրսևորումները: Անգամ ամենակոշտ լրատվական դաշտից արվում էին դժգոհ հարցադրումներ, թե այս տարի գրելու բան չկա: Եվ սա երևի թե ամենալավ գնահատականն է մեր աշխատանքին:

Այս տարվա ընդունելությունը շարունակեց նախորդ տարիներին ամրագրված ձեռքբերումների շարքը և անցավ բացառապես որպես կրթական, լավ կազմակերպված, բովանդակային և վարչական առումով գրեթե անթերի, իսկ արդյունքների մասով` գոհացուցիչ: Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք հնարավորություն ստեղծենք մեր երեխաների համար բացահայտել իրենց գիտելիքները, նվազեցնել սուբյեկտիվությունը, կոռուպցիոն ռիսկերը և հանրային ուշադրությունը սևեռել գործընթացի վրա բացառապես որպես կրթական բարեփոխումների շրջանակում իրականացված ևս մեկ դրական քայլ, որի արդյունքը կայուն է: Ա յնպես չէ, որ միայն այս տարի է այդպես անցել: Ընդունելության քննությունները բացառապես դարձել են ընթացիկ գործառույթ և ոչ թե ամառվա տապին մեր հասարակությանը գրգռող խնդիր, որն իր սրությամբ ժամանակին միայն զիջում էր ընտրական գործընթացներին:

Ընդունվեցին արժանի երեխաները

Մենք գրեթե չենք ստացել լուրջ դժգոհություններ և մամուլի մոնիթորինգը, իմ անձնական շփումները, սոցցանցերում մեր ունեցած լրահոսը վկայեցին այն մասին, որ անցնցում և մակարդակով կազմակերպված գործընթացն ավարտվեց հազարավոր երիտասարդներին բարձրագույն կրթության իրավունք տալու որոշումներով:

Այս տարվա ընթացքում մենք ունեցանք միջբուհական առավել մեծ մրցակցություն: Եվ սա նույնպես իրականացված բարեփոխումների արդյունքներից մեկն է: Ուսանողները, դիմորդներն ու իրենց ծնողներն ավելի գիտակցված ընտրություն են անում: Սա նաև ապագայում պարտադրելու է բուհերին աշխատել իրենց կրթական ծրագրերի որակի վրա:

Առաջնայնություներ, դրական ստացած դիմորդներ

Պետպատվերի շրջանակներում մեր առաջնահերթություններն էին արվեստի, մշակույթի ոլորտները, մարզային բուհերը, գյուղատնտեսությունը, հայագիտությունը, ճշգրիտ գիտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները: Նաև հնարավորություն տվեցինք այն դիմորդներին, որոնք ստացել էին դրական գնահատական, սակայն դուրս էին մնացել ընդունելության գործընթացից, վերահայտագրվել և ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ` ունենալով դրական գնահատականներ: Այս տարի ընդլայնեցինք դեռ նախորդ տարի ներդրված փորձը, երբ որոշ մասնագիտությունների գծով ընդունում են ք նաև դպրոցական ատեստատների գնահատականներով` պարզեցնելու և խրախուսելու համար: Այդ նորամուծությունը նույնպես իր արդյունքը տվել է:

Մրցույթ` որոշ մասնագիտությունների գծով

Իհարկե, ավանդաբար մեծ մրցույթ է եղել որոշ մասնագիտությունների` իրավագիտության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության գծով, նաև բժշկական համալսարանում: Ավելացած պահուստային տեղերը բաշխեցինք` հաշվի առնելով գերակայությունները, որպեսզի կարողանանք նաև սոցիալական խնդիրները թեթևացնել: Ես սոցցանցերի միջոցով փորձեցի դիմորդներին մեկ-երկու օր առաջ տեղեկացնել նախնական արդյունքների մասին. սա այս ընթացքում ամենադիտված և տարածված գրառումներից մեկը եղավ: Բնական է, որ կա հանրային հետաքրքրություն, մնում է, որ հաջորդ տարիներին ևս շարուն ակենք այս գործելաոճը` մինիմումի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը, սուբյեկտիվությունը և հնարավորություն տալով մեր աշակերտներին դրսևորել իրենց իրական գիտելիքները:

Շահարկվում էր դիմորդների և տեղերի քանակի թեման

Նորից կրկնեմ` մենք դիտավորյալ ենք տալիս ավելի շատ տեղեր, քան կանխատեսում ենք դիմորդներ, որովհետև այդ հոգեբանական հնարքը աշխատեց դեռ տարիներ առաջ, երբ իրականացվեց իմ առաջարկությամբ, և ծնողները տեսան, որ եթե իրենց երեխան դրական ստանա, անպայման կընդունվի: Փոքրացնել տեղերի թիվը չի նշանակում միայն հարվածել բուհերին, այլև նշանակում է արհեստական լարվածություն ստեղծել` խթանելով կոռուպցիոն դրսևորումները: Տեղերի ավելացումը թույլ է տալիս լավ երեխաներին ընդունվել, և բուհերում գործընթացը կազմակերպելիս կերևա` ով դուրս կմնա, ով կավարտի:

Դիմորդների համար պայքարելու կարևորությունը

Դիմորդների համար պետք է պայքարել. կրթական ծառայությունները նաև շուկա են, բնական է, որ սպառողները` ծնողներն ու դիմորդները, փորձում են գտնել լավագույն որակի ծառայություն: Բուհերը պետք է աշխատեն իրենց որակի բարելավման վրա և ճիշտ հարաբերվեն հասարակության հետ, մարքեթինգային քաղաքականություն իրականացնեն, արդիականացնեն նյութական բազան, պայքարեն կոռուպցիայի դեմ, երիտասարդացնեն դասախոսական կազմը:

Մուտքը դեպի բուհ պետք է թեթև լինի, ելքը` դժվար

Մենք տալիս ենք ազատ մուտքի հնարավորություն: Իրականում մուտքը դեպի բուհ պետք է մաքսիմալ թեթևանա, կարևորը, որ դժվարանա ելքը: Մեր բանաձևը հետևյալն էր` հեշտացնել ընդունելությունը, դժվարացնել ավարտելը: Գործի առաջին կեսն արել ենք` հեշտացրել ենք ընդունելությունը, հիմա շատ կարևոր է ավարտական քննությունների փուլը: Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ բուհերից շատերը միջազգայնացման, հավատարմագրումների շնորհիվ ճիշտ ճանապարհի վրա են:

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում