Այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ ԼՂ-ի. Շավարշ Քոչարյանը ՄԻԵԴ-ի որոշումների մասին

Այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ ԼՂ-ի. Շավարշ Քոչարյանը ՄԻԵԴ-ի որոշումների մասին

Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործում ուղղակի չկան: Այս մասին նշել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

Հարց. Պարոն ‪Քոչարյան‬, Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը։ Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը։

Շավարշ Քոչարյան. Գիտեք, արդեն բավական երկար ժամանակ է՝ ես հրաժարվում եմ որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում, նույնը և խորհուրդ եմ տալիս Ձեզ: Մարդու իրավունքներն ամեն օր հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ‬ որոշմանը շարունակական հղումներ անելը նմանվում է մղձավանջի։

Ավտորիտար երկրներում հաճախ իշխանությունների գործունեությունը տրամաբանության չի ենթարկվում, այլ թելադրված է անհատական շահերով, պատեհապաշտությամբ: Կարող եմ միայն ենթադրել, որ չստանալով ՄԻԵԴ-ի Ձեր նշած գործի վերաբերյալ իրենց ակնկալած արձագանքը և առերեսվելով հայկական կողմի տրամադրած հիմնավոր փաստարկներին` ադրբեջանական քարոզչության պատասխանատուները հրահանգ են ստացել փրկել իրավիճակը` միջոցներ ձեռք առնել իրենց կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:

Դուք ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանում առաջին արձագանքներից հետո որոշ դադար պահանջվեց՝ կրկին մեկնաբանություններով հանդես գալու համար: Հավանաբար փորձել են լավագույնս նախապատրաստվել, սակայն ինչպես հայտնի է` «հալվա, հալվա» ասելով բերանը չի քաղցրանա: Առավելագույնը, ինչ ադրբեջանական կողմը կարողացավ անել, դա իրենց առաջին հայտարարության դրույթների կրկնությունն է:

Այս անգամ էլ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան: Ադրբեջանական կողմը պնդում է, թե՝ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»: Կարծում եմ՝ ավելորդ է ամեն անգամ կրկնել, որ նման պնդումներ դատավճռում ուղղակի չկան: Ավելին, խոսելով հակամարտության պատմության մասին, Դատարանն անդրադառնում է ԼՂ-ի ժողովրդագրական պատկերին, ԼՂ ազգաբնակչության խաղաղ ձգտումներին, Ադրբեջանի կողմից դրանց մերժմանը, ԼՂԻՄ-ի ինքնավարության վերացմանը, ԼՂ-ում անցկացված ռեֆերենդումին և անկախության հռչակմանը և շատ այլ գործոնների, որոնք ադրբեջանական քարոզչամեքենային դժվար կացության մեջ կարող էին դնել, այդ պատճառով էլ անտեսվել են դրա կողմից: Ավելին, ՄԻԵԴ-ի՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճռում նկարագրվում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը:

Դատարանին վերագրելով այնպիսի դրույթներ, որոնք գործում չկան, բացահայտ կերպով փորձելով ապատեղեկացնել իր քաղաքացիներին՝ Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ դատավճռի, թե՛ հենց իր քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը հարցին վերաբերում է զուտ քարոզչական շահարկումների տեսանկյունից: Այլ կերպ անհնար է բացատրել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Դատարանը հրահանգել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները: Նման դրույթ գործում ևս չկա:

Իրականում, ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող անհատական իրավունքների պաշտպանությանը: Ստիպված եմ ադրբեջանցի «մասնագետների» համար հղում կատարել Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 147-րդ հոդվածին, որում հստակ նշվում է՝ «Դատարանը պետք է հաշվի առնի Կոնվենցիայի յուրահատկությունը՝ որպես Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք` անհատ անձնավորություններին պաշտպանելու համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես փախստականների հարցերին, ապա Դատարանը դրա հստակ պատասխանը ևս տվել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում՝ շեշտելով, որ դրանց «համապարփակ լուծումը … կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով»: Դատավճռում նույնիսկ նման հստակ ձևակերպումները արգելք չեն հանդիսանում, որ Ադրբեջանը իր ցանկացած ձևով փորձի խեղաթյուրել փաստերը:

Այս առումով բերեմ ևս մեկ ցայտուն օրինակ: Չիրագովի գործի 198-րդ հոդվածում նշվում է, որ «Դատարանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղահանված անձանց հարցերով ընթացող բանակցությունները իրավական արդարացում չեն հանդիսանում միջամտելու դիմումատուների իրավունքներին»: Ադրբեջանական կողմն անդրադառնալով այս ձևակերպմանը՝ ընդամենը «դիմումատու» բառը փոխարինում է «Ադրբեջանի ներքին տեղահանվածներով»` ստանալու համար իրեն ձեռնտու ձևակերպումը: Եվ նման օրինակները շատ են, ես չեմ անդրադառնա բոլորին, միայն հավելեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշման նկատմամբ նման անպատասխանատու, ես կասեի նաև՝ մանկամիտ մոտեցումը տարակուսանք է առաջացնում:

Զավեշտալի է, որ ՄԻԵԴ-ի որոշումներից և դրանց կշռից համարձակվում է խոսել մի երկիր, որը, ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, ցուցադրաբար, տարբեր պատրվակներով ձգձգում և, ըստ էության, հրաժարվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության տակ գտնվող՝ Ադրբեջանի դեմ կայացրած 123 վճիռները, դրանցով պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները: Նախարարների կոմիտեից բացի այս իրավիճակին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ն իր 2015թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձևի 11.2 կետով՝ Ադրբեջանին կոչ անելով ամբողջությամբ իրականացնել ՄԻԵԴ վճիռները՝ նախարարների կոմիտեի բանաձևերին համապատասխան։

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացման ֆոնի վրա և անհրաժեշտ բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության պայմաններում Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների իրականացումը դառնում է գրեթե անհնարին։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին շահարկել և իր ցանկացած ձևով մեկնաբանել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որը Բաքուն փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով:

Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբր Չիրագովի գործով դատավճիռը՝ ըստ իրենց ձևակերպման, «աննախադեպ է»: Պետք է նշել, որ սա ևս ապատեղեկատվություն է: Առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է նույն դատավճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

Իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, մասնավորապես հղում է կատարում ՄԱԿ ԳԱ 1974թ. բանաձևին, որով սահմանվում է ագրեսիան: Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի գրչակները կարդային այդ փաստաթուղթը, կհասկանային, որ իրականում այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Նախ բանաձևը վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ զինված ուժեր չօգտագործել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դեմ: Ավելին, բանաձևի համաձայն՝ ագրեսիայի կարող են ենթարկվել ինչպես միջազգայնորեն ճանաչված, անպես էլ՝ չճանաչված երկրները: Հենց սա է տեղի ունեցել ԼՂ հակամարտության պարագայում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա իր անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ: Ուստի, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ԼՂ ազգաբնակչության իրավունքների լիակատար ճանաչման և իրագործման մեջ:

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում … հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, դատավճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա: Այստեղ մեզ առավել հետաքրքրում է այն, թե ինչպես է Բաքուն փորձում օգտագործել իր իսկ ապատեղեկատվության վրա հիմնված փաստարկը` խաթարելու համար ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե դատավճիռը պետք է ուղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Թե ինչպես է Բաքվի ապատեղեկատվությունը ուղորդելու եռանախագահների գործունեությանը, թողնենք ադրբեջանական ստրատեգներին: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարով:

Մյուս կողմից, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը:

Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Պետք է նշել, որ համանախագահները կատարել են մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև՝ համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը: Բաքուն երբեք չի աջակցել դրանց, սակայն այժմ բացահայտ հայտարարում է դրանց հետ իր անհամաձայնության մասին:

Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում