Պրոբացիոն ծառայության ռիսկերն ու վտանգները Հայաստանում

Հունիսի 17-ից Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Պրոբացիոն ծառայության ներդրման պիլոտային ծրագիրը: Ծրագրի ընթացքի և հետագա քայլերի, ինչպես նաև հնարավոր ռիսկերի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ծրագրի խորհրդատուներ, միջազգային փորձագետներ Քրիս Ֆրոսթի, Իոհան Դուրնեսկուի և Էնդի Բերնհարդտի և ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանի հետ:

-Պրոբացիոն ծառայության փորձնական ծրագրի մեկնարկը, թեև հունիսի 17-ից պաշտոնապես տրվել է, բայց հայաստանյան օրենսդրությամբ առայժմ նման մարմնի գոյությունը նախատեսված չէ: Որքանո՞վ է իրավական դաշտի բացակայությունը խանգարում այս նոր մարմնի կայացմանը:

Քրիս Ֆրոսթ– Իրավական դաշտը, իհարկե, շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ պիլոտային ծրագրերը, որոնք արդեն մեկնարկել են, կկարողանան որոշ բաներ անել այդ կերպ, բայց, իհարկե, կպահանջվի մեծ էնտուզիազմ աշխատողներից և ներգրավված անձանց կողմից: Եթե նայենք Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը, խնդիրը հիմնականում կայանում է նրանում, որ դատավորները կարող են ռիսկ տեսնել առ այն, թե արդյո՞ք նշանակեն պատիժ, թե՞ ուղարկեն Պրոբացիոն ծառայություն: Հատկապես դատավորների համար շատ դժվար է պարտադրել նման որոշում կայացնել, քանի որ նրանք պետք է մի քիչ ավելի լայն մտահորիզոն ունենան և նշանակեն համայնքային պատժամիջոցներ:

Իոհան Դուրնեսկու– Մի բան, որ տեղի է ունենում շատ երկրներում, այն է, որ պրոբացիոն ծառայությունը պետք է շատ կենտրոնանա վերականգնման վրա, և սա շատ դժվար է, որովհետև պետք է դուրս գալ պատժողական մտածելակերպից և շատ ավելի կենտրոնանալ իրավախախտի վերականգնողական հարցերի շուրջ:

Էնդի Բերնհարդտ– Բացի դատավորներից ու պրոբացիոն աշխատողներից, նաև խնդիր է ընդհանոր հասարակությունը: Հասարակությանը պետք է լավ իրազեկել, թե ինչ է նշանակում պրոբացիա, որովհետև քաղաքական գործիչները չեն ցանկանա սատարել այս գաղափարին, եթե հասարակությունը չսատարի դրան: Իսկ հասարակությունը պետք է տեսնի և հասկանա, թե ինչ է նշանակում համայնքային ծառայություն, երբ որ թիմը գաիս է և աշխատում և ինչ-որ լավ բան է անում:

-Պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ձևավորվեց Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հիմքի վրա: Արդյո՞ք մտավախություն չկա, որ այն այդպես էլ կմնա որպես այս ծառայության կցորդ մարմին:

Քրիս Ֆրոսթ– Ներկայում լավ փորձ կա Այլընտրանքային ծառայությունում իրավախախտների հետ աշխատելու առումով, բայց նաև կա մտավախություն, որ այն, ինչ իրենք անում են այս վերջին տարիներին, ճիշտ է եղել, ուրեմն՝ ինչո՞ւ փոխել: Բայց այդ փոփոխությունն անհրաժեշտ է, և այն պետք է շատ զգույշ իրականացնել, որովհետև, եթե այս փոփոխությունը ճիշտ կատարվի, մենք կունենանք այնպիսի պրոբացիոն ծառայողներ, որոնք կկարողանան ճիշտ կայացնել ծառայությունը:

Իոհան Դուրնեսկու– Կարծում եմ, որ սա ճիշտ պրակտիկա է՝ սկսել արդեն գոյություն ունեցող ինչ-որ բանից: Դա տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ, Մոլդովայում և մի շարք այլ երկրներում: Ճիշտ է սկսել գոյություն ունեցող կառույցից, ու զարգացնելով դարձնել մի այնպիսի ծառայություն, որը կհամապատասխանի ՀՀ հասարակության պահանջներն, կարիքներին:

Իմ պատկերացմամբ, այս ծառայությունները պետք է առանձին լինեն, քանի որ ունեն տարբեր փիլիսոփայություն և մտածելակերպ, սակայն Հայաստանն ինքը կորոշի, թե որն է առավել հարմար տարբերակը:

-Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կան պրոբացիոն ծառայության աշխատանքում:

Էնդի Բերնհարդտ– Կարծում եմ, եթե պրոբացին ծառայությունում լինի կոռուպցիոն ռիսկ, դա պետք է շատ արագ վերացվի, այլապես կվերանա դրա գոյություն պայմանը: Նման կազմակերպություններում չպիտի լինեն կոռուպցիոն ռիսկեր, բայց երբեմն լինում են, և դրանք պետք է շատ արագ վերացվեն:

Իոհան Դուրնեսկու– Պրոբացիոն ծառայությունը վակուումում չի գտնվում, այն հասարակության մի մասն է, և եթե հասարակության մեջ կա կոռուպցիա, ապա հնարավոր է, որ այն սողոսկի նաև պրոբացիոն ծառայություն: Բայց կան մեխանիզմներ դրա վերահսկման համար, օրինակ ՝ պրոբացիոն ծառայողների եկամուտների հայտարարագրում և այլն, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել:

Էնդի Բերնհարդտ– Կոռուպցիայից բացի, մեկ այլ հանգամանք էլ կա, դա վստահությունն է: Պետք է լինի վստահություն պրոբացիոն ծառայության հանդեպ: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում բացարձակ վստահություն չկար ոստիկանության, բանտերի ծառայության և պրոբացիայի միջև, նրանք միմյանց թշնամի էին համարում և հաճախ հարաբերությունները շատ լարված էին: Սակայն, իրենք նստեցին կլոր սեղանի շուրջ և որոշեցին, որ պետք է ավելի լավ աշխատեն՝ միմյանց նկատմամբ վստահությունը խթանելով:

-Պրոբացիոն ծառայության աշխատանքի մի կարևոր բաղադրիչն իրավախախտի մասին զեկույցի ներկայացումն է դատարան: Սակայն, Հայաստանում այն պարտադիր չի լինելու և թողնվել է վարույթ իրականացնող մարմնի հայեցողությանը: Իսկ հնարավոր չէ՞, որ վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես նման զեկույց չպատվիրի:

Էնդի Բերնհարդտ– Այստեղ դարձյալ հարցը վստահությանն է վերաբերում: Միացյալ Թագավորությունում դատավորները մտածում էին, որ մենք դատավորներ ենք, մենք դրա կարիքը չունենք, բայց երբ որ նրանց սկսեցին ավելի լայնածավալ տեղեկություններ տալ իրավախախտի մասին, նրանք կարողացան պատկերն ավելի ամբողջական տեսնել՝ նրանց ընտանիքը, հասարակական դիրքը, և համակարգն սկսեց ավելի լավ աշխատել:

Հայկ Խեմչյան- Այդ նույն մտահոգությունը բոլորի կողմից կար՝ թե ինչ գործ ունի մեկը, կլինի դա պրոբացիան աշխատող, թե մեկ ուրիշը, որ դատավորին խորհուրդ տա՝ ինչպես վարվել: Բայց երբ որ ժամանակի ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ եկանք նրան, որ պրոբացիոն ծառայությունը կոչված է օգնելու ճիշտ որոշում կայացնելու: Ճիշտ է, ես չէի ասի, թե բոլոր դատավորներն այս պահին այդ նույն պատկերացումն ունեն, բայց շատերի մոտ արդեն կա այն համոզմունքը, որ դա իսկապես կարող է օգնել կայացնելու օբյեկտիվ պատժամիջոցի մասին որոշում: Վերաբերմունքը զգալիորեն փոխվեց:

Իհարկե, ես որևէ ձևով չեմ բացառում կոռուպցիոն ռիսկերը, բայց հաշվի առնելով այն, որ եզրակացությունները կամ զեկույցները, որ ներկայացվելու են դատավորին, պարտադրող չեն և դատավորի հայեցողությանն է թողնվելու որոշում կայացնելը, այստեղ գոնե զեկույցների մասով կոռուպցիոն ռիսկերը մի փոքր նվազում են:

Բայց, իհարկե, ես որևէ ձևով չեմ ուզում բացառել դա: Կուզեի նաև նշել, որ այս պահին գոնե անչափահասների մասով զեկույց պահանջելը լինելու է պարտադիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում