Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են Կաթողիկոսի օրհնությամբ. Բագրատ Սրբազան

Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են Կաթողիկոսի օրհնությամբ. Բագրատ Սրբազան

Էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին օրեր շարունակ ցուցարարների կողքին են եղել նաև հոգևորականները: Նրանք դա արել են` հաշվի առնելով անհանգստություններն ու մտահոգությունը, որ ունեին Ամենայն Հայոց Հայրապետն ու ողջ հոգևոր դասը: «Արմենպրես»-ը զրույցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածն ի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան Հայր, մի քանի օր շարունակ Երևանում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Մենք տեսանք, որ հիշյալ գործընթացին մասնակից էիք նաև Դուք և որոշ հոգևորականներ. ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

-Առաջին հերթին կուզեմ արձանագրել, որ այս գործընթացին հոգևորականներիս ներկայությունը պայմանավորված է այն մտահոգությամբ ու անհանգստությամբ, որ ունեն Ամենայն Հայոց Հայրապետը և մեր ողջ հոգևոր դասը՝ կապված դեպքերի հնարավոր վատթար զարգացումների հետ:

-Իսկ ի՞նչ է Ձեր դիրքորոշումը սակագնի բարձրացման առնչությամբ:

-Այո՛, ես ցանկանում էի անդրադառնալ այս հարցին, բայց Դուք ինձ կանխեցիք:

Ակնհայտ է, որ մեր երկիրը բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև է կանգնած: Սա գիտակցում են ամենքը: Սակագների բարձրացումը սոցիալական հավելյալ բեռ է ենթադրում: Մենք մտահոգված ենք նաև, որ սոցիալական հարցը այլ շահարկումների ենթարկվելով՝ չհանգեցնի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների: Մենք մեր առաքելությունն այստեղ տեսնում ենք հենց դրանում, որպեսզի մեր հովվական խնամքով և ծառայությամբ նպաստենք գործընթացների մեջ հանդարտության, խոհեմության ու զգոնության պահպանմանը, երկխոսության շարունակականությանը՝ բացառելով բախումներն ու բռնությունները:

-Սրբազան Հայր, լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հարցադրումներ են կատարվում նաև կապված նրա հետ, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով հանդես չի գալիս այս իրավիճակում: Ի՞նչ է Ձեր պատասխանը:

-Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգևորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը և ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մի դիտարկում ևս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են Եկեղեցին հարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից` ոստիկանապետը Եկեղեցու սպասավորներին հարցադրում է կատարում նրանց մոլորված լինելու մասին, մյուս կողմից` որոշ ակտիվիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանություններից պատվիրակված լինելու մեջ, շատ հաճախ խոչընդոտում են նրանց հովվական գործունեությունը և այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպես արդեն իսկ Ձեր հարցադրման մեջ արտահայտում եք, պահանջում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսի, այս կամ այն գործողությունները ձեռնարկի: Այս ամենի մեջ ես տեսնում եմ մի կարևոր բացթողում. հավանաբար անդրադարձ չի կատարվում, որ Եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մոտեցումները և գործում է համապատասխանաբար: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև այս պահը անհրաժեշտը իրականացրել է և շարունակելու է իրականացնել:

-Սրբազան, լրատվամիջոցներում տեսանք Կիրիլ Պատրիարքի անունից շրջանառվող մի հայտարարություն, որում բացասական երանգներով է խոսվում հայության մասին: Ինչ է այս մասին Ձեր կարծիքը:

-Այս հայտարարությունը որևէ կապ չունի Ռուսաց Պատրիարքի հետ: Այս մասին Մայր Աթոռի կողմից պարզաբանման նպատակով կատարված հարցմանն ի պատասխան հավաստիացում կատարվել է նաև Մոսկվայի Պատրիարքարանի կողմից: Եվ հայտարարության բովանդակությունը ինքնին արդեն վկայում է, որ այն կեղծ է, և եթե չեմ սխալվում, տարածվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ փորձելով ստվեր նետել այս շարժման սոցիալական բնույթի վրա:

– Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

-Փառք Տիրոջը, որ մինչ այս պահը հնարավորինս պահպանվել է խոհեմությունն ու շրջահայացությունը: Ես կարծում եմ, որ ցանկացած հանգուցալուծում պետք է նպաստի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի առաջընթացին և մեր պետականության առավել ամրապնդմանը: Աղոթում ենք, որ առկա իրավիճակը շուտափույթ լուծումներ գտնի և ժողովուրդը վերադառնա իր բնականոն կյանքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում