Չիգարովի հայցով ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա. Էդվարդ Նալբանդյանը՝ «Առավոտ» օրաթերթին

Չիգարովի հայցով ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել  բանակցային գործընթացի վրա. Էդվարդ Նալբանդյանը՝ «Առավոտ» օրաթերթին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ կողմից «Ադրբեջանի տարածքները Հայաստանի օկուպացնելու» վերաբերյալ պնդում չկա: Այդ մասին ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Հարց. Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանն ու դատարանի գործառույթների լիարժեք կատարմանը:

Հարց. Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի հրապարակման առաջին իսկ պահից Ադրբեջանը փորձեց շահարկել այն, տալ վճռի մեկնաբանության սեփական, յուրովի տարբերակը, մասնավորապես ասելով, թե Դատարանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մեջ: Արդյո՞ք դա այդպես է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին, վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին: Ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին:

Հարց. Պարոն նախարար դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ձեր արած մեկնաբանության մեջ Դուք նշում եք, որ փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդել բանակցային գործընթացի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ-ի որշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանն իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես՝ փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով՝ ըստ այդմ, խեղաթյուրելով գործի ողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին և չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Հարց. Դատավճիռը որևէ կերպ անդրադառնու՞մ է այն պայմաններին, որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի դիմումատուները լքեն իրենց տները:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում Դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն և որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն ապահովելու համար:

Հարց. Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Բաքվում ՄԻԵԴ-ի կողմից կայացրած՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի վճիռը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք ճիշտ եք, Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ Դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով Դատարանի վճռի որևէ հիշատակումից: Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում, ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Մանրամասները՝ ԱԳՆ կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում