Ջավախքում կրթության ցածր մակարդակը խնդիրների շղթա է ծնում

Ջավախքում կրթության  ցածր մակարդակը  խնդիրների շղթա է ծնում

Տարածաշրջանի երկրներից եվրաինտեգրման ուղին, որպես արտաքին քաղաքականության կուրս, դրված է միայն Վրաստանի օրակարգում: Այս երկիրն արագ տեմպերով փորձում է փոփոխություններ իրականացնել` բարձրացնելու դեմոկրատացման և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Եվրոպական ընտանիքում հայտնվելու համար հարկավոր է նաև եվրոպական արժեհամակարգ ձևավորել, տալ ազատության և իրավունքների այն չափաքանակը, որպիսին առկա է Արևմուտքի ցանկացած երկրում: Այդ ազատությունների մեջ իր ուրույն տեղն ունի փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների ապահովումը: Վրաստանը բազմէթնիկ երկիր է, որի որոշ տարածաշրջաններում կոմպկակտ բնակվում են զանազան ազգային փոքրամասնություններ: Մտահոգվելով հնարավոր անջատողականության խնդրով` Վրաստանը բավականին սահմանափակում է էթնիկ փոքրամասնությունների հիմնարար իրավունքները: Նմանատաիպ տարածաշրջանների թվում է նաև հայկական Ջավախքը, ուր սուր է դրված հայերեն լեզվի պահպանության խնդիրը:

Go Group Media-ի նախաձեռնությամբ` այց կատարվեց Ջավախք, որտեղ հնարավորություն ընձեռվեց տեղում ծանոթանալու իրավիճակին և հանդիպումներ ունենալ ոչ միայն Ջավախքի հարցերով փորձագետների, այլ նաև տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս իրենց խոսքում տարածաշրջանի կենսական կարևորության խնդիրների շարքում առանձնացրեցին նաև հայերեն լեզվի պահպանության, սեփական լեզվով կրթություն և վարչարարություն իրականացնելու հարցը: Եթե ամփոփ ներկայացնենք ջավախահայության պահանջը, ապա նրանք ցանկանում են, որ Ջավախքում հայերենին տրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:

Վրաստանը, որ դեռևս 1999թ-ին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, ստորագրել է տարածաշրջանային լեզուների վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, սակայն տարիներ շարունակ ձգձգում է դրա վավերացումը:Կոնվենցիան ենթադրում է` էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում տվյալ էթնիկ փոքրամասնության լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, համաձայն որի կրթությունը, վարչարարությունը տեղական և տարածքային ինքնակառավարման մարմիններում պաշտոնական մակարդակում վրացերենին զուգահեռ կարող է օգատագործվել նաև հայերենը:

Այսօր Ջավախքում հիմնականում գործում են հայկական դպրոցներ, սակայն կրթության որակն այնքան ցածր է, որ չի նպաստում ո՛չ հայերենի, ոչ էլ վրացերենի տիրապետմանը: Նախկինում Ջավախքում ուսուցումն իրականացվում էր այն դպրոցական դասագրքերով, որոնք կիրառվում էին նաև Հայաստանի տարածքում: Սակայն ներկայումս վրացական կառավարությունն իր իրավասության ներքո է վերցրել հայկական դպրոցներում դասագրքերի պատրաստման հարցը: Ընդ որում` ուսուցիչների առջև խնդիր է դրված դասաժամի կեսն անցկացնել հայերեն, իսկ մյուս կեսը` վրացերեն լեզուներով: Ներկայիս դասագրքերում ևս թեմայի մի մասը գրված է հայերեն, իսկ մյուս մասը` վրացերենով:

Թեմայի առնչությամբ նախկին ուսուցչուհի Նազելի Դեմիրճյանը նկատեց, որ երկլեզվանի կրթության իրականացումը Ջավախքում անարդյունավետ է. «Նման իրավիճակ սկսվել է դեռևս Սաակաշվիլու ժամանակվանից, իսկ նոր իշխանությունները, չնայած որ փոփոխություններ են խոստացել, սակայն շարունակում են նույն կուրսը: Երկլեզվանի կրթության համակարգի ներդրումը հայական դպրոցներում շատ սխալ էր, քանի որ չկան ուսուցիչներ, ովքեր մասնագիտորեն կտիրապետեն երկու լեզվին էլ, բացի այդ երեխայի համար լրացուցիչ դժվարություն է ստեղծվում մեկ դասի ընթացքում երկու լեզվով էլ ընկալելու առարկան»: Բացի այդ նա հավելեց, որ եթե նույն նյութը տրվեր երկու լեզվով, ապա երեխայի համար ավելի հեշտ կլիներ յուրացնելու առարկան:

«Դա մեր կրթության ոլորտում գլոբալ խնդիր է: Փաստացի մեր շրջանավարտները հաշմանդամ են, քանի որ գիտելիք ձեռք չեն բերում. ո ՛չ հայերենն են սովորում ո ՛չ էլ վրացերենը»,-իր մտահոգությունն հայտնեց տիկին Դեմիրճյանը:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաև Ախալքալակի Գամգեոբայի ղեկավար Էդուրադ Աղասարյանի հետ: Վերջինս նշեց, որ դասագրքերի խնդիրը քննարկվում է ոչ թե մունիցիպալ, այլ երկկողմ կառավարությունների մակարդակով:

Խնդիրը հայ-վրացական երկկողմ հարաբերությունների օրակարգում է, սակայն անհայտ է` երբ լուծում կտրվի: Այդ մասին փատեց ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը: Վերջինս փաստեց, որ գրքերի խնդիրների կապակցությամբ երկկողմ բանակցություններ են ընթանում և ներկա պահին սպասում են վրացական կողմի պատասխանին, որը հետաձգվեց նաև Թբիլիսիում տեղի ունեցած աղետալի իրադարձությունների պատճառով:

Մեկ այլ կարևոր խնդիր է, որ վրացի սահմանապահները չեն թողում հայկական գրականություն տեղափոխել Ջավախք, մինչդեռ նմանատիպ խնդիր չկա ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում: Իսկ պատճառների հիմքում երևի թե ընկած է վրացական կառավարության մտավախությունը, որ մայրենի լեզվի պատշաճ ուսուցումը կարող է հանգեցնել ազգային ինքնագիտկացության բարձրացման, որն էլ կհանգեցնի անջատողականության շարժման տարածմանը Ջավախքում:

Արդյունքում ստանում ենք մի պատկեր, երբ վրացական իշխանությունները, վախենալով անաջատողական շարժման տարածումից, զրկում են հայ փոքրամասնությանը մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ հայկական կառավարությունը զգուշավորություն ցուցաբերելով Վրաստանի հետ հարաբերություններում, հաճախ չի ներկայացնում Ջավախքի հայության պահանջները: Ստացվում է, որ Ջավախքն այդ կերպ իրեն մեկուսացած է զգում և ՛ Հայաստանի, և ՛ Վրաստանի կողմից, մինչդեռ պետք է կապող կամուրջ հանդիսանար:

Ջավախքում խնդիր է ոչ միայն հայերեն, այլև վրացերեն լեզվի ուսուցումը:
Ջավախքը Վրաստանի կազմի մեջ է մտել 1921թ-ին, որին հաջորդեց տարածաշրջանի խորհրդայնացումը: Խորհրդային տարիներին տարածաշրջանում խոսել են միայն հայերեն և ռուսերեն, ուստի տեղի բնակչությանը գրեթե կարիք և պարտավորություն չի ունեցել սովորել վրացերեն: Խորհրդային միության փլուզումից հետո, երբ դեռևս պահպանվում էր Ախալքալակի ռուսական ռազմաբազան, բավականին մեծ էր ռուսերենի ազդեցությունը, սակայն Սաակաշվիլու վարած քաղաքականության արդյունքում այն կորցրեց իր դերն ու նշանակությունը, պարտադրվեց վրացերենը` առանց համապատասխան պայմաններ ստեղծելու: Ներկայումս Ջավախքի հայկական դպրոցներում առաջին դասարանից սկսած սովորում են վրացերեն, սակայն մասնագետների պակաս կա, քանի որ վրացիները, նույնիսկ հավելավճարների դիմաց, մեծ դժվարությամբ են համաձայնում տեղափոխվել Ջավախք:

Վրացերենի չիմացության պայմաններում Ջավախքի հայերը գերադասում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում կամ Ռուսաստանում, որն էլ իր հերթին հանգեցնում է մի նոր հիմնախնդրի` Ջավախքի հայաթափմանը: Երիտասարդների մեծամասնությունը, ովքեր կրթության նպատակով դուրս են գալիս, այլևս չեն վերադառնում Ջավախք:

Տեղացիները խնդրի լուծումը տեսնում են Ջավախքում հայ-վրացական համատեղ համալսարանի բացման մեջ, որը հնարավորության կտա հենց տեղում պահանջված կադրեր պատրաստել: Այս հարցում կարևոր է նաև, որ ՀՀ-ն նախաձեռնություն ցուցաբերի և պետական մակարդակով փորձի աջակցություն ցուցաբերել Ջավախքում կրթության որակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին շղթայական ռեակցիայով կկանխի մի շարք խնդիրների առաջացումը, հակառական պարագայում ստիպված կլինենք առերեսվել հայաթափ Ջավախքի հետ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում