Ջավախքն իր դիրքով ու նշանակությամբ մեր ազգի ապագայի արտացոլանքն է….. Հովհ. Մութաֆյան

Ջավախքն իր դիրքով ու նշանակությամբ մեր ազգի ապագայի արտացոլանքն է…..
Հովհ. Մութաֆյան

Բնավորությամբ չափազանց համեստ, պարզ ու շիտակ, մեծ հումորով, իսկական հայ մտավորականին վայել նիստուկացով ու հայրենիքն անսահման պաշտող ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանին անհնար է չսիրել ծանոթության առաջին վայրկյաններից սկսած: Մեծ և իմաստալի ուղի անցած Հ. Մութաֆյանը դեռ 1975-ականներից ի վեր մասնակցել է Հանրապետության մայրաքաղաքի, մարզերի մի շարք բնակավայրերի, Արցախի ու Ջավախքի մի շարք հաստատությունների, շենքերի ու պատմական նշանակության համալիր նախագծերի կազմմանը, անձամբ հեղինակել կամ ղեկավարել հարյուրավոր նման նախագծեր:

Վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կազմավորման առաջին իսկ օրերից դարձավ կազմակերպության ջերմ համակիրն ու մտերիմ գործընկերը: Ինչպես ամեն ստեղծագործ մարդու, Հ. Մութաֆյանի պարագայում ևս հարցազրուցի համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է Ջավախքին, ճարտարապետից մերժում չէինք կարող ստանալ:

Պարո՛ն Մութաֆյան, մի փոքր պատմեք Ձեր արմատների մասին:

Ես երեք բան ունեմ հպարտանալու. առաջինը, որ մերոնք պոլսահայեր են, եկել են Պարտիզակ գավառից: Մեծ Եղեռնի ժամանակ գնացել են Հունաստան՝ Կավալա ծովափնյա քաղաք, որտեղից էլ 1946 թ. վերադարձել են Մայր Հայաստան: Ուրիշները կարող է նեղվեն «ախպար» արտահայտությունից, բայց ես դրանից հպարտացել և հպարտանում եմ: Երկրորդը՝ որ ես ծնվել, ապրում և ստեղծագործում եմ իմ Հայրենիքում՝ Մայր Հայաստանում: Երրորդը՝ ես հպարտանում եմ իմ ծնողներով, նրանք երկուսն էլ եղել են արհեստագործներ, մայրս եղել է դերձակ, հայրս՝ խառատ: Հայրս սովորել էր Հունաստանում, գիմնազիայում, բավականին բարձր կրթություն էր ստացել, սակայն Հայաստան գալով չի ստացվում ուսումը շարունակել, և նա աշխատել է որպես խառատ: Ամբողջ Նոր Արեշ թաղամասում ճանաչում և հարգում էին Վարպետ Զավենին և հաճախ դիմում էին խորհուրդ ստանալու համար: Ես ծնվել եմ Երևանում՝ 1952 թ., Նոր Արեշ թաղամասում, շատ լավ միջավայր էր, ժողովուրդն աղքատ էր, նեղությունը և առօրյա հոգսերը չէին փչացրել մարդկանց: 1946 թ. կառուցվող տները երևի շատերը կհիշեն, կայանում էր արյան գնով. ամեն մեկն ինչ ճարում, դրանով սարքում էր: Բայց այդ միջավայրի մեջ կար սեր, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մեկի հոգսը դառնում էր բոլորինը: Հարգանք կար մեծի հանդեպ, կանանց, դրացու, ուսուցիչների և փոքրերի հանդեպ: Երբ, օրինակ, փողոցում ուսուցիչ էինք տեսնում, փախչում էինք, որ չերևանք աչքին, մտածում էինք, թե մեզ կեղտոտ շորերով տեսնի, ինչ կմտածի, իսկ հիմա ուսուցչին տեսնում են, վազում բարևում են, մի հատ էլ կմճտում. փոխվել են արժեքները: Հարևանները բոլորն իրար հետ կիսվում էին հոգսերն ու ուրախությունները: Այս երանելի միջավայրը տևեց մինչև 70-80-ական թթ., որից հետո շատ բան փոխվեց:

Ես սովորել եմ Պարույր Սևակի անվան համար 123 միջնակարգ դպրոցում, շրջանի լավագույն դպրոցներից մեկն էր այն՝ իր ավանդույթներով և լավագույն ուսուցչական կազմով: Ավարտելուց հետո մեր դասարանի (10ա) 90%-ն ստացան բարձրագույն կրթություն, իսկ մնացյալ 10%-ը դարձան լավագույն արհեստավորներ: Ես դպրոցում սովորելու հետ զուգահեռ հաճախում էի Պիոներ պալատ՝ նկարչության դասերի, որտեղ մեզ դասավանդում էր շատ տաղանդավոր մի մանկավարժ՝ Գագիկ Ղազարյանը: Ինչպես իմ ընկերները, ես նույնպես ուզում էի ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտ, դառնալ նկարիչ, սակայն Գագիկ Ղազարյանը, խորհուրդ տալով հորս, ասաց՝ Հովհաննեսին տվեք ճարտարապետական: Այդ ժամանակ ոչ ծնողներս, ոչ ես չգիտեինք, թե ինչ բան է ճարտարապետությունը, սակայն Գ. Ղազարյանը պնդեց՝ ասելով, թե տղայիդ մեջ բոլորովին այլ մտածելակերպ է: Այդպես մերոնք՝ ծնողներս, որոշեցինք, որ ես պետք է ընդունվեմ պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետական բաժինը: Երբ այդ մասին տեղեկացան մեր բարեկամներն ու հարևանները, շատ նախատեցին, նշելով, որ այնտեղ շատ դժվար է ընդունվել՝ ասելով, գիտեք ովքեր են ընդունվում և ոնց են ընդունվում: Այդուհանդերձ, հորս հետ գտանք պոլիտեխնիակական ինստիտուտի տեղը, տվեցինք գործերս, ես ընդունվեցի: Շատ բախտավոր եմ ինձ համարում, որ 3-րդ կուրսում ինձ դասավանդեց անվանի ճարտարապետ Ռ. Ջուլհակյանը, որը եթե չլիներ, ես կարող էի դառնալ կամ չդառնալ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ և հնարավոր է մնայի որպես գրասենյակային սովորական աշխատող: Ինստիտուտն ավարտելուց հետո կրկին բախտս բերեց. ընդունվեցի Հայպետնախագիծ ինստիտուտ, ավելին՝ երկրորդ արվեստանոց: Ինչու՞, որովհետև բոլորը ձգտում էին 5-րդ արվեստանոց, որտեղ նախագծվում էր այդ ժամանակվա համար ճանաչված կառույցներ՝ կինոթատրոն «Ռոսսիան», Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը, Մեծ եղեռնի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում և այլն: Ահա եթե ես էլ ընդունվեի 5-րդ արվեստանոց, ապա այս կայացած ու փորձառու ճարտարապետների (Թարխանյան, Պողոսյան Խաչիկյան եվ այլն) միջավայրում պետք է աշխատեի որպես տեխնիկ, սպասարկող և ինձ մոտ ստեղծագործական ջիղը կվերանար: Իսկ 2-րդ արվետանոցում առավել մեծ ճակատ կար աշխատելու, այն շատ դասական արվեստանոց էր, և շատ բաներ սովորեցի այնտեղ: Այն ղեկավարում էր տաղանդավոր ճարտարապետ Զավեն Բախշինյանը, աշխատում էին ճարտարապետներ Ալբերտ Ժամհարյանը, Երվանդ Մելիքյանը, Լուսյա Ինճիկյանը որն իր ամուսնու՝ Նորայր Ալավերդյանի հետ նախագծեց «Հրազդան» մ/դ-ը: Երկրաշարժից հետո ես տեղափոխվեցի 5-րդ արվեստանոց և մեկ տարի հետո դարձա նրա ղեկավարը: 6 տարի ղեկավարեցի արվեստանոցը, որից հետո երկիրը, համակարգը քանդվեց: Այժմ Հայնախագիծ ինստիտուտում (Հայպետնախագիծ) ես ամենամեծ բաժնետերերից եմ: Ընթացքում հիմնադրել եմ իմ նախագծային կազմակերպությունը, որը կոչվումէ «ԱՇՆվիքս» (հապավումը նշանակում է արտադրություն, շինարարություն, նախագիծ, իսկ «վիքսը» արդյունք էր գրանցման արհեստական ձգձգման, մինչև որ իքսին մի տառ ավելացնելով ստացանք այդ պատահական անունը), որը հետո դարձավ «ԱՇՆփրոջեքտ»:

Իսկ ի՞նչ արդյունքներ ունեցաք Հայպետնախագծում:

Հայպետնախագիծ ինստիտուտում մի օր նստած ցանկացա վերհիշել, թե ինչ նախագծեր ենք արել, 3 գործ միտքս եկավ, բայց հետո, երբ վերցրեցի թուղթը եվ հեթականությամբ նշեցի բոլոր գործերը, մոտ 100 նախագիծ դուրս եկավ, այսինքն՝ ահռելի աշխատանք էր կատարվել: Հետո, երբ մասնավոր կազմակերպությունը գրանցեցինք, նախագծեցի բնակելի տներ, թաղամասեր, հիվանդանոցներ, սրճարան – ռեստորաններ, հյուրանոցներ, էլի մանր-մունր գործեր, մինչև որ սկսեցինք զբաղվել ծավալուն մի գործով, դա հայտնի Հյուսիսային պողոտան էր, որի առաջին լոտի նախագծմանը հրավերք ստացա Ն. Սարգսյանից: Արդյունքում՝ ես, Գ. Հովհաննիսյանը և ինքը՝ Ն. Սարգսյանը, նախագծեցինք պողոտայի առաջին երեք լոտերը և միաժամանակ կազմեցինք ողջ Հյուսիսային պողոտայի կոնցեպցիան (ուրվագիծը): Չորորդ լոտի շինաշխատանքների ժամանակ (որի կառուցապատողը Ս. Մայրապետյանն էր) տարբեր պատճառներով ես դուրս եկա այդ խմբից և հետագայում պողոտայի նախագծերին այլևս չմասնակցեցի: Այդ ընթացքում կատարել ենք այլ նախագծեր ևս, օրինակ, ԱՄՆ դեսպանատան հետևում գտնվող «Արարատ» բնակելի համալիրը (պատվիրատուն պարսկահայ էր), «Տաշիր» ընկերության պատվերով նախագծել եմ «Էրեբունի» պլազան և «Դալմա» առևտրի համալիրը, «Դալմա» ա/կ-ի հարևանությամբ գտնվող բնակելի համալիրը (պատվիրատուներ՝ Ն. Ազիզյան և Դ. Վարագյան) և այլն:

Այսինքն՝ ներկայումս Դուք պատվերներն իրականցնում եք Ձեր վերոհիշյալ «ԱՇՆփրոջեքթ» կազմակերպության միջոցո՞վ:

Այո, ասեմ ավելին, որ 2000 թվականից բախտ ունեցա համագործակցել Արմեն Մկոյանի և վերջինիս ընկերության՝ «Էլիտ գրուպի» հետ: Այժմ շատերն ինձ համարում են այս ընկերության ճարտարապետը, ասեմ, որ ես ոչ թե ընկերության ճարտարապետն եմ, այլ «Էլիտգրուպը» իմ կազմակերպության ամենագլխավոր պատվիրատուներից է: Եվ այս համագործակցությունից ծնվեցին քաղաքի մի շարք հայտնի կառույցներ, որոնք և՛առանձին շենքեր են, և՛ համալիր ծրագրեր: Վերջիններիս շարքին է դասվում «Հյուսիսային ճառագայթը»:

Թամանյանական նախագծի ավարտի մասի՞ն է խոսքը:

Այո, ըստ Թամանյանական Երեվանի գլխավոր հատակագծի՝ Հանրապետության Հրապարակի կառավարական շենքը օպերայի շենին կապող-միացնող Հյուսիսային պողոտան, օպերայի շենքից դեպի հյուսիս շարունակվում է Թամանյանի փողոցով, Կասկադով, որից սկսած Հյուսիսային Պողոտան կոչվում է Հյուսիսային ճառագայթ: Բաբայան փողոցից սկսված՝ Հյուսիսային ճառագայթի վրա կառուցվեցին 2-3 հարկանի բնակելի շենքեր (ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հեղինակությամբ), շարունակությունը 5-6 հարկանի շենքեր՝ հեղինակը Ալբերտ Աճեմյանն է, որից հետո նախագծեցինք «Հյուսիսային ճառագայթ 2, 3» համալիրները, որն ավարտվում է Ն. Զարյան փողոցի վրա իրար մոտեցող երկու մեծ շենքերով (որոնք ժողովրդի կողմից համբուրվող կամ բաջանաղների շենքեր անվանումն են ստացել): Սա քաղաքաշինական լուրջ համալիր է, վերջինիս կայացման դեպքում հյուսիսային ճառագայթը քաղաքի համար կդառնա քաղաքաշինական լավագույն նախագծերից և միջավայրերից մեկը: Հետիոտնը, փաստորեն, առանց մեքենայի ճանապարհ հատելու, կարող է Կոմիտասի պողոտայից հասնել մինչև Թամանյան փողոց՝ անցնելով այգիների զվարճա-առեվտրական տարածքների, մանկական սրճարանների և ռեստորանների, խանութների հարեվանությամբ. այս հետիոտն ճեմուղին շատ է անհրաժեշտ քաղաքին:

Պարո՛ն Մութաֆյան, Ձեզ հետ շփումների վերջին ամիսների ընթացքում գոնե ես՝ ոչ մասնագետս, ակնհայտորեն տարբերում եմ քաղաքի շենքերի Մութաֆյանական ոճն այլ շենքերից: Այս ամենով հանդերձ՝ գաղտնիք չէ, որ մշակույթի, արվեստի շատ գործիչներ կամ պարզապես քաղաքացիներ քննադատում են Երևանի կառուցապատումը. ցածրերի կողքին շատ բարձր շենքեր, իրար վրա լցված ու բետոնապատված միջավայր, կանաչապատ տարածքների անխնա և անօրինական զավթում և այլն: Նման իրավացի քննադատություններն արդյոք չե՞ն նսեմացնում Ձեր աշխատանքը:

Չեն նսեմացնում: Ճիշտ են անում, պետք է քննադատել, որովհետև 2800 տարեկան մեր Երևանն իրականում սկսել է կառուցապատվել 1830-40-ական թվականներից, մինչև այդ կար Երևանի բերդ-ամրոցն իր շրջակայքում հողաշեն գետնափոր և կիսագետնափոր խրճիթներով և մասամբ քարե մեկ կամ երկու հարկանի շենքերով, քարավանների իջևանատեղի-սպասարկման հատվածներով («Ղանթարը» և այլն) և վերջ:

Հիշենք ռուսական Նիկոլայ I ցարի՝ Երևանին ուղղված բացականչությունը, որտեղ նա քաղաքն անվանեց «կավե աման»:

Երևանը քաղաքի կարգավիճակ սկսեց ընդունել, երբ քաղաք մտավ երկաթուղին և սկսվեց կառուցապատումը: Քաղաքի առաջին գենպլանն արել են ռուսները՝ իրենց ավանդական ռուսական կառուցապատման մեթոդներով. փոխուղղահայաց փողոցներ հյուսիս արեվելք – հարավարեվմուտք ուղվածությամբ տիպային քարե և չթրծված աղյուսե մեկ և երկու հարկանի կառույցներով: Այսպես էր մինչև ցարական կարգերի վերացումը, մինչև հեղափոխությունները: Այնուհետև Երևանի ճակատագիրը կապվում է մեծն Թամանյանի հետ, որը Երևան գալով տեսավ մի խղճուկ գյուղաքաղաք: Թամանյանի խնդիրն էր Երևանին տալ քաղաքի շունչ: Այդ ժամանակ կար Աստաֆյան, Սվերդլովի փողոցները, որոնք կառուցված էին ցարական տիպարային նախագծերով, սև քարերով, հայկական ոճը բացակայում էր այնտեղ, կար այսօրվա Հանրապետության Հրապարակի տեղում ուղղանկյուն կոնֆիգուրացիայով Երևանի հրապարակը, որը եզրափակող շենքերի մեջ կար կինոթատրոնը, ակումբը, Սպայի տունը, փոստատունը, հյուրանոց և այլն: Թամանյանը նախագծեց Երեվանի գլխավոր հատակագիծը: Սկսեց նախագծել հանգույցային կառույցներ՝ Լենինի հրապարակը կառավարական շենքով, օպերայի շենքը, օղակաձև զբոսայգին, լուծեց քաղաքի էկոլոգիական՝ կանաչապատման խնդիրները, որովհետև Երևանը շատ վատ տեղ է գտնվում, և Սևանի կողմերից փչող քամիները ողջ փոշին բերում և լցնում են քաղաք, դրա համար քաղաքի բոլոր սարալանջերը ծառապատվեցին՝ կանաչապատվեցին: Հատուկ շենքերի կառուցապատմամբ շեշտվեցին նախատեսված փողոցների և պողոտաների խաչմերուկները: Այս ամենին հաջորդեց պատերազմը, որը կանգնեցրեց ամեն ինչ: Հետպատերազմյան բուռն վերելքի տարիներին ժողովրդին բնակարաններով ապահովելու խնդիր դրվեց, առաջացան հայտնի «խռուշչովկաները», որոնք անհամեմատ լավ նախագծեր էին, քան ռուսաստանյան շենքերը: Զարկ տրվեց ինդուստրիալ շինարարությանը, դա Սովետական Հայաստանի ծաղկման շրջանն էր. կտրուկ վերելք կար և՛շինարարության, և՛ արտադրության ոլորտներում, ծաղկում էր արվեստն ու մշակույթը, նկարչությունը, գրականությունը, դրամատիկական և կինոարվեստները, բոլոր ոլորտներում էլ կար ծաղկում՝ իր թերությունների և բացթողումների հետ միասին: Հայտարարվում էին մեծ մրցույթներ, որոնք նախատեսում էին մեծ, շատ մեծ նախագծեր, դրանցից շատերը չիրականացան խորհրդային տարիներին: Ահա Նարեկ Սարգսյանը, ստանալով նախագահ Քոչարյանի դրական արձագանքը, ձեռնամուխ եղավ այդպիսի մեկ նախագծի իրագործմանը, խոսքը Հյուսիսային պողոտայի մասին է: Ասեմ, որ պողոտան այդ ժամանակ ուներ ոչ թե քաղաքաշինական, այլ քաղաքական նշանակություն: Կոնկրետ ես այն համարում էի ճարտարապետական լուրջ թերություն, քանի որ լինելով կլիմայական այնպիսի գոտում, ինչպիսին Հայաստանն է, պողոտան իր դիրքով մշտապես գտնվում է արևի տակ: Դուք եթե նկատում եք, Երևանն այնպես է կառուցված, որ գոնե շենքերից մեկը ստվերի մայթերը՝ մարդկանց հարմարավետ զբոսանքի համար: Ես դեմ էի, բայց, կրկնում եմ, ինքը՝ պողոտան, ունեցավ քաղաքական նշանակություն, որի նպատակը շինարարության զարկ տալն էր և կենտրոնից այդ աղբանոցը վերացնելը: Նախագիծն առաջացրեց շատերի դժգոհությունը, սակայն մարդիկ նաև հասկացան, որ այդպես թողնելը ևս անկարելի էր: Բացի դրանից, ողջ տարածքով մեկ անցկացվեցին նոր ինֆրոստրուկտուրաներ՝ էլեկտրական, կոյուղու գծեր և այլն: Այժմ այն շատերին է դուր գալիս՝ կազմակերպվում են հանդեսներ, երեկոներ, միջոցառումներ, ակտիվ և պասիվ հանգիստ և այլն:

Ինչ վերաբերում է քաղաքի կառուցապատման շուրջ ժողովրդի դժգոհություններին, դա ևս բնական եմ համարում, հատկապես եթե քաղաքը չունի իր կառուցապատման սխեման, նախագիծը, առանձին հատվածներում՝ տեղերում առաջանում են շենքեր, ինչու բարձրահարկ, որովհետև հողը թանկ է, մարդիկ չեն կարող ավելի շատ ներդրումներ անել և դիմացը ստանալ քիչ արդյունք: Այդ երևույթը աշխարհում տարածված է, երբ քաղաքում բարձրահարկերը շատ են, իսկ ցածրահարկերը քաղաքից դուրս են, որտեղ հողը շատ է և համեմատաբար էժան: Ուրիշ բան, որ կառուցապատումը տեղի ունեցավ շատ քաոսային ձևով, և այդ խնդիրն իսկապես կա: Մեր գործարարների մոտ կա իմիջի վերածված մտածողություն՝ ով ավելի բարձր կառուցի, նրա անունն ավելի բարձր կհնչի: Ինձ մոտ այդ սկբունքը բացակայում է, և, ի ուրախություն ինձ՝ և՛ «Էլիտ գրուպի», և՛ Արմեն Մկոյանի մոտ էլ չկային այդ պատկերացումները: Ես շատ պատվիրատուների հետ եմ աշխատել և ասեմ, որ ի պատիվ Ա. Մկոյանի՝ նրա հետ աշխատելը, նրան համոզելը շատ հեշտ է, բավական է մեկ երկու փաստարկ կամ ապացույց և նա զիջում է, ի վնաս իր բյուջեի՝ գնում է թանկացման և այլ բաների, բայց անում է այն, ինչ որ ճարտարապետությունն է պահանջում:

Երևի այս երևույթի համատարած չլինելն է նաև պատճառ հանդիսանում, որ Երևանում ունենք այն, ինչունենք:

Շատերի հետ դժվար է աշխատելը, գիտեք՝ մարդիկ շատ դեպքերում մտածում են, որ, եթե փող ունեն, ուրեմն խելք էլ ունեն և քեզ կարող են ղեկավարել, թելադրել, եթե տալիս է 100 $, կարող է ասել՝ արի, կոշիկս էլ սրբի: Այդպիսի մի դեպք եղավ «Գոլդեն փելեսի» նախագծման ժամանակ: Մեր պատվիրատու-կառուպատողներից շատերի մոտ կա այն չարաբաստիկ մտածողությունը, որ ճարտարապետ-նախագծողներն իրենց ծառաները կամ ստրուկներն են ու պատրաստ են հնազանդվելու և կատարելու ամեն մի հրաման: Ցավոք մենք դեռ շատ պետք է կրթվենք, իսկ կրթվել չի նշանակում, որ ֆիզիկա կամ քիմիա գիտես, ուրեմն կրթված ես, տատիս խոսքն էր՝ հոս ուսում կա, կրթություն չկա, այդպես էլ մեր օլիգարխները, որոնք մի քանի կոպեկ փող ունեն, մտածում են՝ էս է, որ կա: Այդ տեսակետից իմ բախտը բերել է. Արմեն Մկոյանը շատ խելոք մարդ է, պատրաստված, հասկացող, գրագետ, չի եղել խնդիր, որ ես առաջադրեմ և ինքը չզիջի, և այդ ամենը թեկուզ ի վնաս իր բյուջեի, քանի որ այդ ամենն իրեն իմիջ է բերում: Եվ այդպես էլ եղավ. երբ մենք ընկանք ոչ թե մի քանի կոպեկի, այլ՝ շենքի կառուցապատման որակի հետևից, դա և՛ հաճախորդներ գրավեց, և՛ ընկերության կշիռը բարձրացավ, արդյունքում՝ շատ լավ ընդունվեց միջազգային կազմակերպությունների կողմից. նրանք համոզվեցին, որ մաքուր և գրագետ աշխատանք է արվում, ինժեներական բոլոր խնդիրները լուծվում են, չկա խաբեություն և այլն: Մկոյանն առաջիններից էր, որ գնաց սեյսմիկ անվտանգության ամենաբարձր միջոցների կիրառմանը. ռետինեմետաղական բարձիկները, որոնք դրված են տասնյակ շենքերի տակ, այսօր աշխարհում համարվում են սեյսմիկ անվտանգության լավագույն մեթոդներից մեկը: Իհարկե, այդ ամենը բերում է շենքի և՛ թանկացմանը, և՛ շենքի նախագծային գործընթացների դանդաղեցմանը, բարդացմանը, առաջանում են շատ մեծ խնդիրներ հատկապես այն պահին, երբ շինարարությունը հասնում է բարձիկների գոտի, կարծես շինարարությունը մեռնում է. այստեղ պետք է մանրազնին աշխատել հանգույցների և այլնի վրա, որից հետո շինարարությունը կրկին թափ է հավաքում, արդյունքում՝ շենքը դառնում է անվտանգ:

Պարո՛ն Մութաֆյան, գաղտնիք չէ, որ Ձեր գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է ևընդգրկում է ոչ միայն ՀՀ–ն և Արցախը: Վերջին ամիսներին ամենայն սիրով ու նվիրումով հանձն առաքՋավախքի մի շարք կարևորագույն մշակութային հաստատությունների նախագծման աշխատանքները,որոնց մեջ առանցքային տեղ ունի մեծանուն աշուղ Ջիվանու տուն–թանգարանի նախագծումը հենց աշուղի հայրենի Կարծախում: Ընթացքի մեջ են նաև Դամալայի մշակույթի տան վերանորոգման,Ախալցխայի մեծերի թանգարանի, Ծալկայի Ղուշչի գյուղում մշակութային կենտրոնի կառուցմաննախագծերը: Եվ այդ ամենը բացառապես բարեգործական հիմունքներով, որպես նվիրատվություն«Ջավախքին աջակցություն» հիմնադրամին և ջավախահայությանը: Ե՞րբ է Հայրենի Ջավախքը հայտնվել Ձեր տեսադաշտում:

Ջավախքին ես նվիրվել եմ վաղուց, դեռ 1990-ական թթ. վերջերին, երբ Հայ Օգնության Միության Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի հետհամագործակցության արդյունքում ցանկանում էինք Ախալքալաքի նախկին հիվանդանոցի շենքի վայրում ստեղծել Երիտասարդական կենտրոն: Ես այդ հիվանդանոցը չափագրեցի, երիտասարդական կենտրոնի շենքի նախագծումն արեցի, հետո Ա. Մկոյանի միջոցով արել ենք Դիլիսկայի հին դպրոցի վերակառուցման նախագիծը, նույն գյուղի հին եկեղեցու վերակառուցման նախագիծն ենք արել և էդպես: Հենց առիթը լինում է՝ բաց չեմ թողնում, գնում եմ և բարեգործական հիմունքներով իմ գործով աջակցում եմ, եթե էն լավ ժամանակները լինեին՝ փողով էլ կօգնեի, ժամանակին այդպես էլ եմ արել՝ շատ եմ օգնել մարդկանց և կազմակերպություններին:

Բայց Ձեր այդ նախագծային աջակցություններն էլ քիչ փող չեն:

Ես այդ կերպ օգնել եմ Արցախին նույնպես: Ժամանակին գիշերներ ենք անցկացրել հիվանդանոցների և այլ հաստատությունների նախագծերի առջև, որոնք պետք է օտարերկրյա ներդրումների միջոցով վերակառուցվեին կամ հիմքից կառուցապատվեին: Ցավոք, շատ ներդրումներ արդյունավետ չծախսվեցին, եղան չարաշահումներ, ցավով եմ հիշում այդ մասին, արդյունքում շատ նախագծեր մնացին թղթերի վրա:

Եվ, կրկին վերադառնանք Ջավախք. Ձեզ և մեծն Ջիվանուն փոխադարձաբար պատիվ է ընձեռվել«համագործակցելու», որի արդյունքում Դուք նախագծել եք մեծ աշուղի տուն–թանգարանը Հայրենիգյուղում՝ Կարծախում:

Ջավախքը տվել է շատ մեծեր, և ջավախահայությանն օժանդակելիս նյութականի հետ պետք է կենտրոնանալ նաև հոգևոր ոլորտների վրա: Ջավախքում կան շատ արժեքներ, որոնք պետք է ոչ միայն պահպանել, այլ նաև մատուցել, ցույց տալ, քանի որ ժամանակը շատ բան է մեռցնում, կորում է ամեն ինչ և հետո շատ դժվար է լինում վերականգնել: Ջավախքում որքան ես գիտեմ կա միայն Վահան Տերյանի տուն թանգարանը և Ախալքալաքի գավառագիտական թանգարանը, որոնք այնքան էլ բավարար չեն ջավախահայության ստեղծած արվեստը, գրականությունը, երաժշտությունը և այլ արժեքներ ներկայացնելու և պրոպագանդելու համար, դրա համար էլ ես սիրով արձագանքեցի ՋԱՀ-ի առաջարկին՝ նախագծել Ջիվանու տուն-թանգարանը: Շատ ոգևորվեցի, երբ Կարծախում տեսա այն տունը, որտեղ ծնվել է Ջիվանին. կարծես 21-րդ դարից միանգամից մտնում ես 19-րդ դար, որտեղ ամեն ինչ պահպանված է կուսական վիճակով՝ այնպես, ինչպես ժամանակին եղել է: Այդպիսի հետքեր շատ քիչ են մնացել Հայաստանում: Ես միանգամից մտածեցի, որ այդ հատվածը պետք է դառնա տուն-թանգարան, իսկ 1960-ական թթ. կից շինությունը կարող է ծառայել որպես հիանալի ցուցասրահ: Կառույցում կարելի է և հնարավոր կլինի ժամանակի ընթացքում հավաքել Ջիվանու հետ կապված ամեն ինչը, և անգամ այն կարող է վերածվել ինստիտուտանման ինչ-որ բանի: Օրինակ՝ Թումանյանի տուն-թանգարանը գրեթե վերածվել է ինստիտուտի, որտեղ կազմակերպվում են գիտաժողովներ, ներկայացումներ, զանազան միջոցառումներ, արվում են լուրջ հետազոտական աշխատանքներ, հրատարակություններ և այլն, Ջիվանին ևս արժանի է այս ամենին:

Պարո՛ն Մութաֆյան, բազմաթիվ այցելությունների արդյունքում, ըստ Ձեզ, ներկայումս առավել շատ ինչի՞կարիք ունի ջավախահայությունը և այդտեղից ելնելով ի՞նչ կհորդորեք համայն հայությանը:

Ջավախքը շատ բաների կարիք ունի: Ջավախահայության մեջ պետք է առաջնահերթորեն ամուր մնա այն գիտակցումը, որ Ջավախքը լինի Վրաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի թե Եվրամիության կազմում, դա առաջնահերթորեն իրենց հայրենիքն է, հենց որ հայությունը պակասեց՝ վակուումը կլցվի: Դրա համար պետք է մշակութային, կրթական կյանքի նիշը բարձրացնել, Ջավախքը տարբեր ոլորտներում պետք է այնքան գրավիչ դարձնել, որ Վրաստանի այլ վայրերից, ՀՀ-ից ու դրսից բոլորը գան Ջավախք, այլ ոչ թե հակառակը: Իսկ դրա համար շատ մեծ ներդրումներ է հարկավոր, հոգի է պետք դնել, ցավոք, այդ երկուսը քիչ են մեկտեղվում, շատ դեպքերում մարդիկ առաջնային են համարում փողը, որն օգտագործում են այլ նպատակներով՝ չհասկանալով, որ միջոցները պետք է ներդնել ոչ միայն այսօրվա որովայնի, այլև՝ քո ազգի, պետության երկարաժամկետ զարգացման ու հարատևման համար, քո ծոռան ապագա հարսի համար, որը կարող է լինել ջավախքցի: Մեր տեսակի հարատևման և նեգր կամ հնդիկ չդառնալու համար պետք է հեռուն տեսնել: Ջավախքն իր դիրքով ու նշանակությամբ մեր ազգի ապագայի արտացոլանքն է: Ջավախահայությանը պետք է օժանդակի յուրաքանչյուր հայ, ով ինչով կարող է, ամենակարևորը պետք է ամեն ինչի մեջ անշահախնդրություն լինի: Այդ իմաստով՝ ձեր հիմնադրամի գործը ևս շատ կարևոր ու դժվարին է, ելնելով մեր պայմաններից, մարդկանց գիտակցության աստիճանից՝ դժվար է շատերին հասկացնել, որ նրանք իրենց Անթալիայի լողափերում ծախսվելիք միջոցներից մի փոքր կտրեն և ուղղեն Ջավախքին, բայց պետք է հասնել դրան: Ես կոչ եմ անում հատկապես ջավախահայ բարերարներին, որ նրանք իսկապես հայրենասիրական մղումներով մոտենան այս գործին, արված բարեգործությունը չվերածեն կենացների, այդ ամենը պետք է լինի սրտից բխած, ինչպես մարդ օգնում է իր որդուն կամ թոռանը, այդ համեստությունն է, որ կուզենամ շատ լինի: Եթե ծնունդով ջավախքից լինեի, ավելի խիստ կխոսեի: Լինում են դեպքեր, երբ մեկը հպարտորեն ասում է ՝ես Ջավախքից եմ, բայց երբ ասում ես՝ այս ծրագրին օգնի, ասում է՝ ես փոքր ժամանակ եմ եղել, ահա այդ տեսակին վերափոխել է պետք, այդպիսիները շատ վտանգավոր են, եթե այսօր իր ծննդավայրից են հրաժարվում, վաղը իրենց հայրենիքից ու ազգից կհրաժարվեն, կդառնան Սահակաշվիլիներ:

Պարո՛ն Մութաֆյան, ավարտին թույլ տվեք ջավախքահայությանը սիրով տեղեկացնել, որ իրենց նվիրյալբարեկամ և մեր զրուցակից Հովհաննես Մութաֆյանը 2015 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է վաստակավոր ճարտարապետի կոչմանը, որի համար ի սրտե շնորհավորում ենք:

Խորապես շնորհակալ եմ:

Հարցազրույցը վարեց Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում