Հայաստանը ՄԱԿ-ի համար ֆանտաստիկ գործընկեր է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Հայաստանը ՄԱԿ-ի համար ֆանտաստիկ գործընկեր է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող

Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել եւ իրավունք չունենք չընդունել այս իրողությունը: Երիտասարդ, ընդամենը 24 տարեկան երկիրը լուրջ ճանապարհ է անցել ժամանակակից հասարակություն, ժամանակակից տնտեսություն ունենալու, ժամանակակից իմաստով մարդու իրավունքներ եւ պարտավորություններ ստանձնելու առումով: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Միաժամանակ նա նշել է, որ դեռեւս կան բնագավառներ, որոնք բարելավման կարիք ունեն: 

«Արդեն երկար տարիներ սերտորեն աշխատում ենք կառավարության հետ՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքներ մասով: Մենք նաև գործունեություն ենք ծավալում այն ոլորտներում, որտեղ անելիք կա և գործակցում ենք թե կառավարության, թե քաղաքացիական հասարակության հետ: Ուղղություններից մեկը վերաբերում է գենդերային հավասարությանը, մի բնագավառ, որտեղ դեռ շատ անելիք կա՝ հասարակության մեջ կանանց ներառելու համար: Առանձակի ուշադրություն պետք է դարձնել գենդերային հավասարությանը և արդարադատության մատչելիությանը: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրման հարցը: Այնուհանդերձ, Հայաստանը երկար ճանապարհ է անցել մարդու իրավունքների հարցում, ինչի համար կարելի է նրան նաև ծափահարել»,-շեշտադրել է նա:

Ինչ վերաբերում է կառավարման եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրներին, ապա Բրեդլի Բուզետտոն նկատում է, որ այդ խնդիրները գոյություն ունեն ամենուրեք, ամբողջ աշխարհում, հետեւապես՝ Հայաստանը բացառություն չէ: «Վարչապետ վերջերս հայտարարեց հակակոռուպցիոն ռազմավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի մասին, որոնց օգնությամբ պետք է առճակատվեն խնդրահարույց ոլորտներին: Մենք, ինչպես և միջազգային մեր գործընկերները, գործակցում ենք կառավարության հետ այս հարցերում, եւ հուսով եմ, որ կգրանցվի առաջընթաց»,- նշել է բանախոսը:

ՄԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը ՄԱԿ-ի համար շատ կարևոր գործընկեր է: Հայաստանը մեծ դերակատարություն ունի ՄԱԿ-ում՝ գլոբալ մակարդակով: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է զարգացմանն առնչվող գլոբալ մարտահրավերների շրջանակում ընթացող գլոբալ քննարկումներին: «Նման փոքր երկրի համար՝ մեծ ձեռք բերում է մի շարք հարցերում առաջատարի դիրքում հանդես գալը: Հայաստանն ստանձնել է առաջատարի դերը և քննարկման միջոցով ստիպում է ամբողջ աշխարհին մտածել ծառացած մեծ մարտահրավերների և դրանց լուծումների մասին: Այնպես որ, ՄԱԿ-ում Հայաստանն ունի սովորականից ավելի մեծ և ակտիվ դերակատարություն: Կարծում եմ՝ այն ֆանտաստիկ գործընկեր է ՄԱԿ-ի համար»,- ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է համաշխարհային կառույցի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշմանը, ապա բանախոսը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լիովին տեղյակ է հարցի զգայուն կողմերին: Միաժամանակ, կառույցը կոչ է անում երկու երկրներին շարունակել աշխատել կապերի ամրապնդման ուղղությամբ: Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած կառուցողական հարաբերություն կարեւոր է ոչ միայն երկու ժողովուրդների, այլեւ խաղաղության, կայուն զարգացման խթանման, ինչպես նաեւ ողբերգական իրադարձությունների և ոճրագործությունների ճանաչման տեսանկյունից: «Հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Հայաստան էր ուղարկել Մայքլ Միլլերին՝ բարձրաստիճան իր պատվիրակին, ով Ժնևում ՄԱԿ-ի ամբողջ համակարգի ղեկավարն է: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ոգեկոչել այս դեպքերը, քանի որ այդպես կկարողանանք օգնել հետագա սերունդներին կանխելու նման սարսափելի իրադարձությունները»,- նկատել է նա:

Հայաստանի համար մեկ այլ կարեւոր խնդրի՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը չունի քաղաքական մանդատ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու համար, սակայն մեկ անգամ եւս փաստում են, որ այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Սա է ՄԱԿ-ի դիրքորոշումը եւ քաղաքականությունն այս հարցում»,-հիշեցրել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը եւ վստահություն հայտնել, որ խնդիրն ի վերջո լուծում կգտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում