Կառավարությունն ունի երկրում առկա խնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր. Վաչե Գաբրիելյան

Կառավարությունն ունի երկրում առկա խնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր. Վաչե Գաբրիելյան

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի հերքում, որ երկրում կան խնդիրներ, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է, որ կան նաև դրական տեղաշարժեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել: «Մենք չենք հերքում, որ կա արտագաղթ, կա աղքատություն: Այդ թվերը հրապարակվում են, իսկ մենք ուշի ուշով հետևում ենք այդ թվերի դինամիկային և այն ոլորտներին, որտեղ առկա խնդիրների լուծման համար մենք իրականացնում ենք միջոցառումներ: Ես չեմ ցանկանում տպավորություն թողնել, որ պատկերը վարդագույն է: Գիտեք, երբ ես ասում եմ, որ մենք կունենանք տնտեսության շատ դրական փոքր աճ, սկսում են ասել, թե վիճակն ահավոր վատ է: Երբ ես ասում եմ, որ դա ամեն դեպքում դրական աճ է լինելու, ասում են, թե ամեն ինչ վարդագույնով է ներկայացվում: Կառավարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են երկրում առկա խնդիրների լուծմանը, և այդ ուղղությամբ էական ջանքեր են գործադրվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը կոչ արեց չխոսել չեղած բաների մասին, «չսարքել խրտվիլակ և ոչնչացնել այն»: «Որևէ մեկը չի պնդում, որ ամեն ինչ երկրում լավ է, և որևէ խնդիր չկա: Չկա նման բան, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, ինչպես հաճախ ներկայացվում է: Երբ մենք նայում ենք թվերին, տեսնում ենք, որ իրավիճակը բոլորովին էլ այդպիսին չէ»,- ասաց Գաբրիելյանը:

Դիտարկմանը, թե հանրությունը չի վստահում Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված թվերին, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Գիտեք, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը ցույց է տալիս վատ վիճակագրություն, դուք միանգամից դրան հավատում եք, սակայն երբ լինում են լավ ցուցանիշներ, չեք հավատում»:

Փոխվարաչապետը նշեց, որ մամուլը նրա համար չէ, որ միայն վատը տեսնի և վերհանի: Նրա կարծիքով՝ մամուլը պետք է տեսնի և քննադատի վատը, սակայն պետք է նաև տեսնի լավը և դրվատի: «Եթե մենք գնանք միայն վատը վեր հանելու և լավն անտեսելու ճանապարհով, երբեք չենք կարողանալու հաջողություն արձանագրել»,- նշեց Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում