ՀՀ վարչապետը տնտեսական աճին նպաստող ծրագրերի ակտիվացման քայլեր է ձեռնարկում

ՀՀ վարչապետը տնտեսական աճին նպաստող ծրագրերի ակտիվացման քայլեր է ձեռնարկում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երկրորդ կիսամյակում մի շարք ծրագրեր ակտիվանան, որոնք կնպաստեն տնտեսական աճին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են տարբեր այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր կանխատեսումները: Փոխվարչապետն այս տարվա համար կանխատեսում է 1 տոկոս տնտեսական աճ, վարչապետի կանխատեսումներն ավելի բարձր են՝ 2.5-4 տոկոս: «Ես կանխատեսում եմ՝ ելնելով այս պահի դրությամբ առկա միտումներից, իսկ վարչապետը լիահույս է, և ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի երկրորդ կիսամյակում մի շարք ծրագրեր ավելի ակտիվանան: Ես նույնպես այդ ուղղությամբ աշխատում եմ, սակայն ես առավել զգուշավոր գնահատականներ եմ տալիս, իսկ վերջնական արդյունքի մասին մենք կիմանանք տարվա ամփոփումից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Դիտարկմանը, թե միջազգային կառույցները Հայաստանում զրո տոկոս տնտեսական աճ են կանխատեսում, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Միջազգային կառույցների գնահատականներն անընդհատ փոխվում են, և դա գալիս է առկա աշխարհաքաղաքական իրավիճակից: Ես հասկանում եմ, որ ժողովուրդը հոգնել է անընդհատ լսել տարածաշրջանում տնտեսական իրավիճակի, ճգնաժամի մասին, սակայն դրանք իրողություններ են, որոնց պետք է անդրադառնալ, քանի որ մենք ապրում ենք այդ իրողությունների մեջ: Եթե դուք ուշադիր լինեք այն իրավիճակին, որ ստեղծվել է Ռուսաստանում, կտեսնեք, որ սկզբում ռուսական տնտեսության շատ ավելի խոր ճգնաժամ էին կանխատեսում միջազգային կառույցները, սակայն տեղի ունեցավ հարաբերական կայունացում, ինչի հետևանքով այդ գնահատականները փոխվեցին»,- ասաց փոխվարչապեռը:

Նա նշեց, որ իրենք ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ՝ վստահեցնելով, որ թե Հայաստանի, թե տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականները պարբերաբար ենթարկվում են փոփոխությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում