ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անուշադրությունը մեծ խնդիր է ամբողջ քաղաքական դաշտի համար. Կարեն Քոչարյան

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անուշադրությունը մեծ խնդիր է ամբողջ քաղաքական դաշտի համար. Կարեն Քոչարյան

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բացի ընտրությունների մասնակիցներից, Հայաստանում ոչ ոքի ուշադրության կենտրոնում չեն լինում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հանրապետության մի շարք համայքներում կիրակի օրն անցկացված ընտրություններին: Փորձագետը ցավով նշում է, որ այս ընտրություններն անգամ Ալավերդիի, Աբովյանի և Արտաշատի բնակիչների ուշադրության կենտրոնում չէին: «Ընտրությունները միայն լրագրողների ուշադրության կենտրոնում էին, բուն մասնակիցների և այս անգամ միայն ՀՀԿ-ի: Բոլոր տեղերում միայն հանրապետականներ էին, անգամ մրցակիցներն էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Սա դարձել է մեծ խնդիր ամբողջ քաղաքական դաշտի համար»,-ընդգծել է բանախոսը:

Ամբողջ աշխարհում քաղաքական գործընթացը սկսվում է տեղական ինքնակառավարումից, այսինքն՝ ոչ ոք հենց այնպես, միանգամից չի կարող մտնել քաղաքականություն: Մինչդեռ Հայաստանում, ինչպես հավելում է Քոչարյանը, կամ մասնակցում են Ազգային ժողովի ընտրություններին, կամ ընդհանրապես չեն մասնակցում: «Դա մեծ խնդիր է նաև իշխող Հանրապետական կուսակցության համար, որովհետև դաշտը ամայանում է»,-ահազանգում է նա:

Կարեն Քոչարյանի պնդմամբ՝ մեր քաղաքական դաշտում չկա համակարգված մոտեցում, կշռադատված ու ծրագրած քայլեր: «Ես չեմ լսել ոչ իշխանության, և ոչ էլ ընդդիմության կողմից, թե ինչ են անելու: Ենթադրենք՝ «Ա» կետից ո՞նց պետք է հասնել «Բ» կետի: Մեխանիզմը, թե ինչպես պետք է դա իրականացնել, չկա:Մեզանում քաղաքականությունը շատ նման է այն կենցաղին, որով ապրում են քաղաքական գործիչները, այսինքն՝ «քյաբաբային, տնավարի» ,- նկատել է նա:

Քաղաքական դաշտում չի իրականացվում սերնդափոխություն: Քոչարյանը նշում է, որ ինքն այն եզակի մարդկանցից է, որ տասը տարի շարունակ «գոռում» է սերնդափոխության անհրաժեշտության մասին: «Այստեղ խնդիրն այն է, որ երիտասարդը, ենթադրենք ունի այլ մտածելակերպ, նա արդեն թվային սերունդ է, թվային մտածելակերպով, բայց երբ համակարգը չի ցանկանում, որ նա իրականացնի այդ փոփոխությունը, ապա այդ երիտասարդը դառնալու է համակարգի զոհը: Նա չի կարողանալու համակարգից ավելի մտածել և գործել: Համակարգը կուլ է տալիս այդ երիտասարդներին»,- բարձրաձայնել է քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը կողմնակից է սերնդափոխությանն անգամ այն պարագայում, եթե այդ երիտասարդ սերունդը լավը չլինի: «Բայց եթե նրանք շատ լինեն, այլ ոչ թե կաթիլ-կաթիլ, դոզա-դոզա մտցրած, ապա կարող են ինչ-որ բան փոխել, որովհետև ավելի լավ է վատ երիտասարդը, քան «նաֆթալինոտ» դեմքեր, որոնց անգամ էսթետիկորեն է տհաճ նայելը»,-ասել է նա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը վստահեցնում է՝ երիտասարդների մեջ կարծրատիպեր առաջանում են այն ժամանակ, երբ նրանք դառնում են համակարգի «մեխանիզմի վինտիկ»: «Սկզբում նա չի ունում կարծրատիպ, ինքը երիտասարդ է, ունի իր մտածելակերպը, իր ռոմանտիկան, տեսածը և սովորածը: Կարծրատիպերն առաջանում են հետագայում»,-եզրակացրել է Կարեն Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում