Քարվաճառի շրջանի շրջանավարտներն օրհնություն ստացան Դադիվանքում

Քարվաճառի շրջանի շրջանավարտներն օրհնություն ստացան Դադիվանքում

Մայիսի 23֊ին ինչպես Արցախի Հանրապետության մյուս շրջաններում, Քարվաճառի (Շահումյանի) շրջանի դպրոցներում եւս հնչեց վերջին զանգը։ Այստեղ դպրոցին հրաժեշտ է տալիս 36 շրջանավարտ։
Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի ունի 3 շրջանավարտ։
Վերջին զանգի արարողությանը, որ կազմակերպել էր 12֊րդ դասարանի դասղեկ Ռոզա Սերոբյանը, շրջանավարտները շնորհակալության ու հրաժեշտի խոսքեր ուղղեցին իրենց դպրոցին ու ուսուցիչներին։
Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց ստացած գիտելիքների ու կյանքի փորձի համար։ Եղան նաեւ հումորային կատարումներ, երգ ու պար։ Միջոցառման ընթացքում շրջանավարտներին ողջունեցին դպրոցի առաջին դասարանցիները։ Փոքրիկները բարի երթ մաղթեցին իրենց ավագ ընկերներին։ Հրաժեշտի միջոցառման ընթացքում շրջանավարտները դպրոցի գիտության բանալին հանձնեցին 11֊րդ դասարանի աշակերտներին՝ ուսման մեջ հաջողություն մաղթելով նրանց։

Միջոցառման ավարտին շրջանավարտներին ողջունեց Քարվաճառի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանը՝ շնորհավորելով ու կանաչ ճանապարհ մաղթելով նրանց։

Շրջանավարտներին բարի երթ ցանկացան Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանն ու Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության եւ գիտության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը։

Շրջանավարտները նվերներ ստացան Քարվաճառի քաղաքապետարանի եւ ՀՀ ՊՆ N զորամասի կողմից։

Տոնական միջոցառումից հետո Քարվաճառի դպրոցի շրջանավարտները շրջանի մյուս համայնքների դպրոցների շրջանավարտների հետ այցելեցին Դադիվանք վանական համալիր, որտեղ օրհնություն ստացան Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսի կողմից։

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում