Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին է պետք իրական անվտանգության գոտի ձևավորել. Արման Մելիքյան

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին է պետք իրական անվտանգության գոտի ձևավորել. Արման Մելիքյան

Times.am-ը արտաքին քաղաքական հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար  Արման Մելիքյանի հետ:

-ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Tert.am-ին տված հարցազրույցում  հայտարարեց.  «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է: Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»։ Սա որոշները սենսացիոն համարեցին, ոմանք՝ մասնակի անընդունելի,  ըստ  Ձեզ՝ սա միջազգային հանրության լեզվով  ինչ-որ բան հասկացնելու,  մեսիջ  ուղարկելու  փո՞րձ էր, թե՞ այսպես ասած՝ պատահական անընդունելի ձևակերպում՝ «ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին»:

— Պարոն Տոնոյանը ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա և ռազմական մասնագետ է ու, թերևս, թյուրմացաբար է կրկնում այլոց կողմից Արցախի սահմանադրական տարածքի մի զգալի մասի նկատմամբ շրջանառության մեջ դրված «անվտանգության գոտի» եզրույթը: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ասել, որ Արցախի հյուսիսային ու արևելյան սահմաններն առավել վտանգված են ու հանդիսանում են հակառակորդի մշտական հարվածների թիրախ: Արցախի ամբողջ տարածքի անվտանգությունն ապահովելու համար գուցեև անհրաժեշտ է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին իրական անվտանգության գոտի ձևավորել:

-Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հրամանատար  Մովսես Հակոբյանն ակնարկեց, որ եթե Ադրբեջանը պատերազմը վերսկսի, դրա ելքը դարձյալ հրադադարն է լինելու, բայց ավելի ցավոտ: Ավելին՝ ասաց, որ հրադադարն Ադրբեջանին պարտադրվել է: Եթե այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում հրադադար կնքելու առաջ կանգնեինք,  կունենայի՞նք  բովանդակային այլ համաձայնագիր կամ ինչպիսինը պիտի ունենայինք:

–Ոչ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե պատերազմի վերսկսման դեպքում իրադարձություններն ինչպես կընթանան: Կլինի զինադադար, թե տևական խաղաղության համար նախադրյալներ կստեղծվեն՝ առայժմ հայտնի չէ: Լավ կլիներ նաև, որ մեր անգամ բարձրագույն հրամանատարները զերծ մնան ցանկացած քաղաքական գնահատականներից՝ նրանց գործը պատերազմում հակառակորդի հանդեպ ջախջախիչ առավելության հասնելն է, իսկ թե դրանից հետո ինչ քաղաքական լուծումներ կընտրվեն, դա քաղաքական ղեկավարության որոշելիքն է:

– Հակամարտության կարգավորման  գործընթացում հայկական  կողմի մոտեցումները վերանայման կարիք ունե՞ն, գուցե  կոշտացնել է պետք:

–Ես համոզված եմ, որ հայկական կողմերը հնարավորություն ունեն նոր հարցեր մտցնել բանակցային օրակարգ, հանդես գալ սկզբունքորեն նոր առաջարկներով և դա ամենևին դիրքորոշման կոշտացում չի լինի:

Առհասարակ, այսօրվա աշխարհաքաղաքական վերաձևումների պայմաններում մեր արտաքին քաղաքականությունն ի՞նչ փոփոխությունների պիտի  ենթարկվի:

 –Այդ մասին իմաստ կունենա խոսել այն ժամանակ, երբ ձեռնամուխ լինենք պետական կառավարման համակարգի որակական փոփոխությունը իրականացնելու անշրջելի գործընթացին՝ սա է գերխնդիրը, որի համատեքստում հնարավոր կլինի անդրադառնալ նաև արտաքին քաղաքականության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների խնդրին:

-Ի՞նչ  շեշտադրումներ սպասել Ռիգայի գագաթաժողովից, արդեն  հայտնի է, որ շատ երկրներ նախագահի մակարդակով չեն մասնակցի, այդ թվում՝ Ադրբեջանը: Սա նոր որակ կհաղորդի՞ ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ հաշվի առնելով նաև ՌԴ-Արևմուտք երկխոսության ճիգերը:

-Կարծում եմ, որ Հայաստանի համար այժմ բարենպաստ պահ է ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար և իշխանությունները պետք է կարողանան օգտվել այս հնարավորությունից: Ադրբեջանն արտաքին կողմնորոշման և սեփական անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունի այսօր և նախագահ Ալիևի դիրքերն այս առումով  բավականին երերուն են:

-Մեկ հարց ներքաղաքական հարթությունից. և Արցախում,  և  ՀՀ-ում  նախագահական ընտրություններ կան առջևում,  չնայած դեռ բավականին ժամանակ կա, ամեն դեպքում  Ձեզ համար կռահելի՞ են  գլխավոր խաղացողները: ՀՀ երկրորդ նախագահն ակտիվություն  է  դրսևորում, որ ուղղությամբ կաշխատի՞:

– Դեռ շատ վաղ է կանխատեսումներ անելու համար, բայց կարծում եմ, որ պարոն Քոչարյանի քաղաքական պասիվության շրջանն իրոք ավարտին է մոտենում:

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում