Հայաստանը մասնատելու և հայերին միմյանց դեմ հանելու փորձն ուղղակի ստորություն է

Հայաստանը մասնատելու և հայերին միմյանց դեմ հանելու փորձն ուղղակի ստորություն է

Շատ հայեր են ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս: Այնուհանդերձ, մի բան է, երբ չեզոք կամ պրոհայկական բաներ ես ասում, միանգամայն այլ բան է, երբ բողոքում ես քո երկրից: Այ սա անընդունելի է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանի՝ ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցին:

Քոչարյանն ընդունում է՝ մարդը կիսվել է իր մտահոգություններով, բողոքել երկիր վիճակից, իրականացրել է ազատ խոսքի իր իրավունքը: Ամեն ինչ նորմալ է, բայց… «Ո՞ւմ է տվել այդ հարցազրույցը, ի՞նչ է ասել եւ ինչպե՞ս դա կօգտագործվի Հայաստանի դեմ»,-հարցադրում է անում փորձագետը եւ շտապում հավելել՝ «Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական քարոզչամեքենա համարվող կայքին, Բահրամ Բատիևին»: «Այսինքն՝ մի մարդու, որն ամեն օր, եթե հայերի չանպատվի վերջին բառերով, երևի հանգիստ չի քնի: Այսինքն՝ արձագանքել է այդ ստահակի խնդրանքին եւ բողոքել իր երկրից ու իշխանություններից: Այն դեպքում, երբ ադրբեջանցին քնից արթնանալուն պես, երազում է գտնել մի հայի, որը կանպատվի իր երկիրը, և ադրբեջանցին էլ կասի՝ տեսեք, ինչ վատ է Հայաստանում , արտագաղթ է, բոլորը փախչում են»,-ասել է նա:

Քոչարյանի համար հասկանալի չէ, որ այդ մարդիկ, որոնք Հայաստանում ունեն արտահայտվելու հարթակներ եւ բազմիցս արտահայտել են իրենց կարծիքը, Հայաստանին ավելի ուժեղ ցավեցնելու համար, չգիտես ինչու, վազում են ադրբեջանցիների մոտ: «Ի՞նչ տարբերություն կա Խզմալյանի և վերջերս դիրքերը լքած Անդրանիկի միջեւ: Մեծ հաշվով նույն արարքն է, եթե հաշվի առնենք, որ մեր դարում խոսքն ավելի ուժեղ զենք է: Ամեն դեպքում, ես ոչ մի հանգամանք չեմ գտնում, որ կարդարացնի Խզմալյանի արարքը»,-ընդգծել է բանախոսը: Նա նաեւ հավելել է, որ եթե խոսքը վնասում է պետության շահերին, ապա դրա համար պետք է պատասխանատվություն կրել:

Ինչպե՞ս կարելի է բնորոշել այդ արարքը՝ դավաճանությո՞ւն: Քոչարյանի պնդմամբ, արվեստագետների շրջանում շատ են այնպիսները, որոնք Հայաստանի հետ ինչ-ինչ խնդիրներ ունենալուց հետո, վազում են ադրբեջանցիների մոտ: Ըստ նրա՝ այդ մարդիկ ավելի շատ զգայական, քան բանական մակարդակի վրա են գործում, հետեւաբար՝ ինչ-որ բանից վիրավորված լինելու դեպքում կարող են միանգամից վազել հակառակորդի մոտ: «Եթե նրանք ուրիշներին ասում են «սուտի հայրենասեր», ուրեմն, իրենք էլ«սուտի արվեստագետներ» են: Իրական արվեստագետը Սոս Սարգսյանն էր, Արմեն Մազմանյանն էր, որոնք նվիրված էին ազգին և ազգային գաղափարախոսությանը»,-շեշտադրել է նա:

Նմանօրինակ երեւույթներն անընդունելի են հատկապես Հայաստանի պարագայում, որը պատերազմող երկիր է, գտնվում է շրջափակման մեջ, ունի գոյատևման խնդիր: Հետեւաբար՝ Քոչարյանն այս հարցում մեղադրում է ոչ միայն «գրանտակերներին կամ թուրքական ու ադրբեջանական ագենտների», այլեւ իշխանություններին: «Հայաստանը փորձել մասնատել և փորձել հայերին իրար դեմ հանել, իմ կարծիքով, ուղղակի ստորություն է: Եվ այստեղ ես պետք է մեղադրեմ նաեւ իշխանություններին, որոնք ոչ մի բան չեն անում՝ նման երեւույթները կանխելու համար»,-եզրափակել է Տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Հատկանշական է, որ Հայաստանին ու հայերին առնչվող հարցերում շատ ռուս բլոգերներ ցուցաբերում են ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն, քան որոշ հայ արվեստագետներ: Մասնավորապես՝ հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը երեկ ՝ «Ադրբեջանցիներ, կողմնորոշվեք՝ դուք մա՞րդ եք, թե՞ գազան» վերտառությամբ նյութ է հրապարակել, որում անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին: «Քանի դեռ այդ երկրում Սաֆարովն ազգային հերոս է, իմ ոտքն այնտեղ չի լինի»,-հայտարարել է նա: Նոսիկը նաեւ նշել է, որ մինչեւ Սաֆարովի արտահանձնումը, որպես պատվավոր հյուր, ինքը հրավիրված է եղել Բաքու: «Հրավերը, բնականաբար, ընդունել էի, սակայն դրանից հետո հաղթականորեն Ադրբեջան է վերադառնում Սաֆարովը: Ես մտափոխվեցի, քանի որ ինձ համար անընդունելի էր գնալ մի երկիր, որտեղ քնած զինակցին կացնահարող գազանին ընդունում են որպես ազգային հերոսի»,-գրել է Անտոն Նոսիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում