Ապրանքաշրջանառությունը կդյուրացվի ԱՏԳ-ները միավորող նոր կազմակերպության շնորհիվ

Ապրանքաշրջանառությունը կդյուրացվի ԱՏԳ-ները միավորող նոր կազմակերպության շնորհիվ

Ազատ տնտեսական գոտիներում գործող բիզնեսների համար առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը դառնում է իրատեսական: 2014 թվականին ստեղծված Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպությունը (World Free Zones Organisation http://www.worldfzo.org), որի անդամ է դարձել նաև Հայաստանը, կփորձի կարգավորել ազատ տնտեսական գոտիների համագործակցությունն ու պաշտպանել նրանց շահերը: Նորաստեղծ կազմակերպությունում Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչն է հայազգի Նիկա Մանուկովան, ով նաև «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու տնօրենի առաջին տեղակալն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկա Մանուկովան պատմել է կազմակերպության, դրա գործառույթների ու նպատակների, Հայաստանի անդամակցության, ինչպես նաև «Մերիդիան» ԱՏԳ-ի մասին:

Տիկին Մանուկովա, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կազմակերպության ստեղծումը: Կա՞ր, արդյոք, անհրաժեշտություն վերահսկել և կարգավորել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:

-Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպությունը հիմնվել է 2014 թվականին Ժնևում, իսկ դրա գլխամասային գրասենյակը տեղակայված է Դուբայում: Այն հիմնվել է Դուբայի կառավարության հովանու ներքո, որն անմիջական աջակցություն է տրամադրում կազմակերպությանը՝ կայանալու համար: Կազմակերպությունը կմիավորի բոլոր ազատ գոտիներն ամբողջ աշխարում, ինչը դրանց թույլ կտա համատեղ ուժերով պաշտպանել իրենց շահերը: Այս հարթակում ցանկացած խնդիր կարող է բարձրաձայնվել և համատեղ ջանքերով լուծում ստանալ: Համաշխարհային ազատ գոտիների կազմակերպությունը բացառիկ հնարավորություններ է ընձեռում նաև փորձի փոխանակման, նոր գործընկերների ձեռքբերման և շահավետ փոխգործակցության հաստատման առումով:

-Որո՞նք են կազմակերպության ռազմավարական ուղղությունները:

-Ինչպես արդեն նշեցի, առաջին խնդիրն այն է, որ կարողանանք պաշտպանել կազմակերպության անդամների շահերը: Երկրորդ խնդիրը ներդրողների ներգրավումն է և աջակցությունը: Որպեսզի տվյալ երկիրը կամ ազատ տնտեսական գոտին գրավիչ լինի ներդրողների համար, այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Կազմակերպությունն օգնելու է, որ բարձրանա ԱՏԳ-ների պրոֆեսիոնալիզմը և մատուցվող ծառայությունների որակը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել նաև հատուկ ակադեմիա, որտեղ կրթություն կստանան բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը պատկերացնում են ԱՏԳ-ներում: Անշուշտ, կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ:

-Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվելու հենց ներդրողների առումով:

-Կազմակերպության տարեկան ժողովներին հրավիրելու ենք ներդրողների, որոնց կտրամադրվի ամբողջակաան տեղեկատվություն կազմակերպության անդամ ԱՏԳ-ների մասին: Օրինակ, եթե ներդրողը փնտրում է կոշիկի արտադրություն, նա կտեսնի, որ երկրի ազատ գոտում կա կոշիկի զարգացած արտադրություն և կկողմնորոշվի` ուր գնալ: Այսինքն՝ կստեղծվի մի հարթակ, որտեղ ներդրողները կգտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Մյուս կողմից՝ պաշտպանված կլինեն նրանց շահերը և իրավունքները, քանի որ նրանք կաշխատեն մասնագետների հետ:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի մասնակցությունն այս կազմակերպության աշխատանքներին:

-Ազատ տնտեսական գոտիների կազմակերպությանն անդամակցության հայտ է ներկայացրել դեռևս միայն «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտին: Իսկ ընդհանրապես կա անդամակցության երեք կարգ` քվեարկող անդամ, մասնակից անդամ և դիտորդ: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում անդամակցության իր կարգը: Դրա համար չկան չափորոշիչներ, քանի որ եթե ազատ գոտին գործում է, նշանակում է` այն արդեն իսկ համապատասխանում է որոշակի չափանիշների:

-Ի՞նչ են շահելու գործարարները այս ամենից: Ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում նրանց համար:

-Ամենակարևորն այն է, որ ազատ գոտին առանց սահմանի տարածք է, և եթե բոլոր գոտիները համագործակցեն, ապրանքաշրջանառությունը կհեշտանա: Այստեղ պետությունների համագործակցությունը որոշիչ դեր չի ունենալու: Ազատ տնտեսական գոտիների առավելությունն էլ այն է, որ այնտեղ չեն առաջանում ներմուծման և արտահանման մաքսատուրքերի հարցեր:

Մայիսին սպասվում է մեծ համաժողով, որին մասնակցելու են աշխարհի բոլոր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՏԳ ղեկավարներ և այլն: Ի՞նչ նպատակ է հետապնդելու այդ համաժողովը:

-Մայիսին 11-13-ը Դուբայում կայանալու է Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության առաջին համաժողովը և ցուցահանդեսը: Այս միջոցառումն աչքի է ընկնում մասնակիցների ներկայանալի կազմով, այն շատ գրավիչ է և հեռանկարային ցանկացած մասնակցի համար, քանի որ հագեցած է կլոր սեղան-քննարկումներով, սեմինարներով, երկուստեք գործարար հանդիպումներով, Արաբական Էմիրություններում գործող ազատ գոտիներ այցելություններով և այլն: Ի դեպ, տեղեկացնեմ, որ մայիսին կայանալիք համաժողովի և ցուցահանդեսի մասնակիցները ներկայացնում են ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող ազատ գոտիները, այնպես էլ համակարգող պետական կառույցները, ներդրումային գործակալությունները, առևտրաարդյունաբերարական պալատները, գործարար ասոցիացիաները և միությունները:

-Իսկ ի՞նչ կարգավիճակում է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտին, որո՞նք են ապագա ծրագրերը:

-Ապրիլի 27-ին «Մերիդիան» ԱՏԳ-ն ստացավ երկար սպասված մեկնարկը: Այժմ շատ ակտիվ զբաղվում ենք շահագործող ընկերությունների ներգրավման աշխատանքներով և, հուսով եմ, մինչև տարեվերջ կունենանք արդեն գրանցված ընկերություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում