ՀՅԴ-ն լիահույս է, որ սահմանադրական բարեփոխումները կգնան խորհրդարանական մոդելի ուղղությամբ

ՀՅԴ-ն լիահույս է, որ սահմանադրական բարեփոխումները կգնան խորհրդարանական մոդելի ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության` կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մոտեցումն անփոփոխ է, և քաղաքական ուժը քայլեր է ձեռնարկում դրան հասնելու համար: Այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՀՅԴ-ն ավելի է համոզվել, որ խորհրդարանական համակարգին օր առաջ անցնելը Հայաստանի համար ամենաճիշտ լուծո ւմը կլինի: Մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ուղղությամբ ընթանա սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Մենք 10 կետ ենք դեռևս հունվարին ներկայացրել այն հայեցակարգի ուղղությամբ, որ հրապարակվեց մասնագիտական խմբի կողմից: Մենք այդ հայեցակարգը դրական ենք գնահատել, քանի որ այն ամբողջությամբ հենված էր խորհրդարանական համակարգի առաջարկի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` այն, որ ՀՀ Նախագահը հավանություն է տվել այդ հայեցակարգին, իրենց հույս է ներշնչում, որ պետք է շարունակվի խորհրդանական համակարգին անցնելու գործընթացը: «Նախատեսվում է, որ մայիսին որոշակի պատկեր կձևավորվի արդեն նախագծի հետ կապված, որովհետև հայեցակարգը մի բան է, իսկ նախագիծը, որը պետք է ներկայացնի սահմանադրական փոփոխությունների ամբողջական պատկերը, արդեն այլ բան է: Նախագիծը լիարժեք ցույց կտա, թե որքանով են դրանում արտացոլված մեր առաջարկությունները»,- նշեց պատգամավորը:

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եկամտահակի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն իր բովանդակությամբ վատը չէ, բայց սխալ է ներկայացվել ու ընկալվել: «Եթե խորը ուսումնասիրեն օրենքը, կտեսնեն, որ այն նպաստավոր պայմաններ է ստեղծում կազմակերպված ու վերահսկելի աշխատուժի արտահանման համար: Մեր շինարարաները, որոնք կաշխատեն այլ երկրներում, հարկ կվճարեն Հայաստանում, այլ ոչ թե այն երկրներում, որտեղ աշխատում են: Բնականաբար, որոշակի արտոնություններ են նախատեսված այդպիսի շինարարանական ընկերությունների համար եկամտահարկի մասով, կարծում եմ` ընդհակառակը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որ չկարգավորված դաշտը դառնա շատ վերահսկելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց պատգամավորը:

Արմեն Ռուստամյանի խոսքով` այս օրենքի ընդունմամբ հետագայում կարելի է կարգավորում սահմանել այլ երկրում աշխատող հայերի առողջապահական խնդիրների առումով: «Հայտնի է, որ մեր շատ հայրենակիցներ վերադառնում են արտագնա աշխատանքից տարբեր վիրուսակիր հիվանդություններով: Դրա հետ կապված կարող ենք որոշակի վերահսկություն իրականացնել, որը ևս հնարավորություն է տալիս այս կարգավիճակը ունենալով»,-հայտնեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց, որ օրինագծին իրենք ձեռնպահ են քվեարկել ոչ թե դեմ լինելու համար, այլ` այսպիսի օրենքները չպետք է անցկացվեն շտապողականության մթնոլորտում: «Քանի որ այն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, պետք է նախապես քննարկվի»,-նշեց Արմեն Ռուստամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում