Թուրքագետը կարևորում է փոքր, բայց մեծ կշիռ ունեցող Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքագետը կարևորում է փոքր, բայց մեծ կշիռ ունեցող Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ 2015 թվականին կշարունակվեն տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները: «Փաստը, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իմ կարծիքով, կարևոր է: Այն ցույց է տալիս, որ ապրիլի 24-ից հետո շարունակվում է Հայոց ցեղպասանության ճանաչման գործընթացը, և համոզված եմ, որ այս տարի մի շարք այլ երկրներ կճանաչեն ցեղասպանությունը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանն  «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Թուրքագետը նշեց, որ չնայած Լյուքսեմբուրգը փոքր երկիր է, բայց մեծ դերակատարում ունի Եվրամիության գործընթացներում, և այդ առումով, կարևոր նշանակություն ունի մայիսի 6-ին ընդունված բանաձևը:

Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` հիմք ընդունելով 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Բանաձևն ընդունվել է նաև` հաշվի առնելով պատմական փաստերի, արդարության և Թուրքիայի պետության կողմից Օսմանյան Կայսրության իրականացրած գործողություններին առերեսման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում