Թուրքիայի Սահմանադրական դատարանում մերժման դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ

Թուրքիայի Սահմանադրական դատարանում մերժման դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ազգային պահանջատիրությունը պահանջում է ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցում: Այս մասին Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթոիկոսը՝ խոսելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսորանը վերադարձնելու համար դատական հայց ներկայ ացնելու մասին: «Արմենպրես»-հաղորդմամբ` հարցեին, թե ինչ դրդապատճառներ են մղել Կիլիկիո կաթողիկոսությանը դատական հայց ներկայացնել Թուրքիայի սահմանադրական դատարան, Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի մեր ուսման օրերից սկսած, Հայոց ցեղասպանությունը ու հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերատիրացումը մեր ամենօրյա ապրումների, տագնապի, մտածողության ու երազների անբաժանելի մասն էր: Այլ խոսքով` մեր հոգ եմտավոր կազմավորման մեջ, մեր ազգային պահանջատիրությունը միշտ եղել է կարևոր գործոն: Բնականաբար երկու կարևոր ազդակներ մղել են մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը առանցքային ներկայություն դարձնելու մեր կյանքում. առաջին՝ սփյուռքյան իրականությունը, որը պարտրադրված իրավիճակ է ցեղասպանի կողմից, երկրորդ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արտաքսումը Սիսի իր դարավոր կաթողիկոսարանից: Մեր Ս. Աթոռն իր հայրապետների, միաբանների, ժողովական կառույցների ու թեմերի միջոցով առաջնահերթ կարևորություն է տվել մեր ազգային պահնաջատիրությանը: Չմոռանանք երբեք, որ մեր եկեղեցին ազգի եկեղեցին է և հոգևորի կողքին նաև ունի ազգային նկարագիր ու առաքելություն: Այժմ ազգի տագնապը նաև եկեղեցու տագնապն է, ազգի պահանջը՝ նաև եկեղեցու պահանջը: Դեռ հիշում ենք 1965-ին Հայոց ցեղասպանության հիսունամյակին որպես պատանի մեր արտասանած Դանիել Վարուժանի կիլիկյան ջարդերին նվիրված բանաստեղծությունը. ի դեպ, հիսուն տարի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր պատգամը սկսել ենք նույն բառերով. «Պիտի գա հանուր կյանքի արշալոյսը վառ հագած և մենք զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նո՜ր արշալույս…»: Երբ սկսեցինք մոտենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մտածեցինք, թե ինչ պետք է անել, որ մեր ժամանակակից պատմության այս կարևոր հանգրվանը լինի եզակի, պատմական ու մեր հարյուր տարիների պահանջատիրական պայքարի առջև նոր հորիզոններ բացող ու նոր ընթացք ճշտող: Այս մտածմունքը մեզ մղեց 2012թ. Անթիլիասի մայրավանքում կազմակերպելու միջազգային համագումար «Ճանաչումից դեպի հատուցում թեմայով»: Համագումարին հրավիրեցինք միջազգային օրենքի ու ցեղասպանության 30 արտասահմանցի մասնագետների: Թե՛ հրապարակային քննարկումների, և թե՛ նրանց հետ մեր ունեցած առանձին զրույցների ընթացքում ցանկացանք իմանալ մեր պահանջատիրությունը իրավական շրջանագծի մեջ դնելու հնարավորությունները: Մասնագետների մոտեցումները ընդհանրապես երկդիմի էին, սակայն նշեցին, որ արժե նման հանդուգն քայլի դիմել: Մենք անձնապես համոզված էինք, որ տասնամյակներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքը նոր ընթացք կստանար՝ շեշտը դնելով հատուցման վրա: Հիրավի, միջազգային օրենքի համաձայն՝ ճանաչումն ու հատուցումն իրար հետ սերտորեն առնչվում են: Հետևաբար, այս մոտեցումով պետք է շարունակենք մեր աշխատանքը հարյուրամյակից հետո»:

Այն հարցին, թե ինչու կաթողիկոսարանի վերադարձի դատական հայցն ուղղակիորեն ներկայացվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, կաթողիկոսը պատասխանել է. «Ցանկացած երկրի պարագայում, դատավարական կառույցը բաղկացած է նախադատ, վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններից: Մի շարք երկրներ ունեն նաև Սահմանադրական դատարան: Բնականաբար, յուրաքանչյուր դատարան իր գործունեության ու իրավասության սահմաններն ունի: Նկատի ունենալով, որ Սիսի քաղաքապետարանը մերժել է պարզ կալվածաթղթի պահանջը, իրավաբաններն անիմաստ են համարել դիմել տեղական դատարան և հայցը ներկայացվել է ուղղակի Սահմանադրական դատարան: Վերջինից մերժվելու պարագայում, պետք է կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են նաև այս հեռանկարով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ կաթողիկոսարանի կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում