Ներքին Կարմիրաղբյուրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթող է բացվել (ֆոտո)

Ներքին Կարմիրաղբյուրում Ցեղասպանության զոհերի հիշատակին  հուշակոթող է բացվել (ֆոտո)

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ  տարելիցի միջոցառումներից անմասն չի մնացել  Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը:

Times.am-ին Ներքին Կարմիրաղբյուրից փոխանցեցին, որ այսօր՝ ապրիլի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում  տեղի բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների ջանքերով  բացվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակման հուշակոթող: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես Ներքին Կարմիրաղբյուրից, այնպես էլ բազմաթիվ հյուրեր Տավուշի մարզի մյուս բնակավայրերից և  արտերկրից, այդ թվում՝ զինվորականներ: Հուշակոթողի բացման արարողությունից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել նաև գյուղի դպրոցում: Իսկ ուշ երեկոյան  հուշակոթողի մոտից երիտասարդները խորհրդանշական հարյուր օդապարիկ բաց կթողնեն երկինք:

Մինչ այդ գյուղացիները նշել են, որ հուշարձանը լոկ քար չէ, այլ  զգոնություն պարտավորեցնող  կոթող. «Մեր գյուղն այսօր փորձեց մաքրել արցունքը, հերի՛ք է  լացենք: Մեր 100 տարվա ցավն այսօր մեզ համար դարձավ ոգեկոչման ու վերածննդի խորհրդանիշ, այսօրվա միջոցառումներով մենք ողջ աշխարհին ուզեցանք հասկացնել, որ մենք ապրում ենք և թուրքին չհաջողվեց իրականացնել իր ցանկությունը՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Այսօր բոլորս համախմբված էինք ու հատկապես՝ սահմանում, ինչն ամենակարևորն է, մենք ուրիշ տարբերակ չունենք»,-շեշտում է Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի փոխտնօրեն Նարա Պապյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում