Քարվաճառում օծվեց Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված խաչքար

Քարվաճառում օծվեց Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված խաչքար

Ապրիլի 23֊ին Արցախի Քարվաճառ քաղաքում տեղի ունեցավ ծառատունկ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին։ Ծառատունկին մասնակցում էին Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Շահումյանի շրջանի վարչակազմի եւ Քարվաճառի քաղաքապետարանի աշխատակիցները։ Միջոցառմանը ներկա էին նաեւ բնակիչներ Շահումյանի շրջանի այլ համայնքներից։ Նորատունկ ծառերի վրա կախվեցին Քարվաճառի դպրոցի աշակերտների անունները։ Ծառատունկն իրականացվեց այն տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված խաչքար։ Խաչքարը տեղադրվել է Շահումյանի շրջանի բնակիչների համատեղ ուժերով։

Ծառատունկից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն։ Խաչքարն օծեց Դադիվանք վանական համալիրի քահանա Տեր Հովհաննեսը։ Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով։ Օծման արարողությունից հետո քահանան աղոթք հղեց առ Աստված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների փրկության համար։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը․ այսօր Հայոց Ցեղասպանության 100֊ամյա տարելիցն է, սակայն սրանով ոչինչ չի ավարտվում։ Մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել ամբողջ աշխարհում եւ ճանաչում ու հատուցում պահանջել Թուրքիայի իրականացրած ոճրագործության համար։ Մենք հիշում ենք եւ պահանջում», ընդգծեց տեր հայրը՝ դիմելով Քարվաճառի բնակիչներին։

Այնուհետ ներկաները ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում