Ցավակցություն հայտնել, դեռ չի նշանակում ընդունել ինչ-որ բան. Ազնավուրը՝ Թուրքիայի «ընդհանուր ցավի» քաղաքականությունից (տեսանյութ)

Ցավակցություն հայտնել, դեռ չի նշանակում  ընդունել ինչ-որ բան. Ազնավուրը՝ Թուրքիայի «ընդհանուր ցավի» քաղաքականությունից (տեսանյութ)

«Իրականում ցավակցություն հայտնել, դեռ չի նշանակում  ընդունել ինչ-որ բան: Ցավակցություն կարելի է հուղարկավորության ժամանակ հայտնել բոլորովին անծանոթ մարդուն: Բայց սա այն իրադարձության հետ, որը Դուք նշում եք, որևէ կապ չունի: Այստեղ պետք է ավելի հստակ լինել: Եթե թուրքական իշխանությունները ներողություն խնդրեին, արդեն լրիվ ուրիշ բան կստացվեր»,-LifeNews-ին տված հարցազրույցում  նշել է Շառլ Ազնավուրն՝ անդրադառնալով Թուրքիայի ղեկավարության «ընդհանուր ցավի» քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Հռոմի պապի հայամետ հայտարարության  արդյունքներին և հետևանքներին Թուրքիայում ինչ-որ բան փոխելու առումով, Ազնավուրն ակնարկեց, որ շատ բան թուրք երիտասարդությունից է կախված՝ կամ կշարունակի լսել  իրեն մատուցած սուտը, կամ  ընդունել ճշմարտությունը:

Ըստ նրա՝ Թուրքիայում այսօր էլ կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ փաստը. «Երբ ես խոսում եմ Ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ դա չի ճանաչվում պաշտոնական մակարդակով։ Ես ցանկանում եմ նաև ասել, որ եթե ցեղասպանությունը չլիներ, ապա Թուրքիայում կլիներ մի շատ հայտնի երգիչ՝ ես։ Նրանք կորցրին հայ մտավորականությանը,  սակայն չհաջողվեց ոչնչացնել նրանց։ Մենք կարողացանք ողջ մնալ, բայց  նրանք կորցրին այնպիսի հզոր  անուններ, որոնք փախան այնտեղից, թեպետ կարող էին լինել այդ երկրի մի մասը»:

Ազնավուրի դիտարկմամբ այդ ամենն  անցյալում է,  հիմա 21-րդ դարում ենք, և եկել է  իրերին այլ կերպ նայելու  ժամանակը. «Մեր երկու ժողովուրդների միջև շատ ընդհանրություններ կան, ժամանակն է ընդունել դա, ինչ եղել է մեր միջև, հաղթահարել այդ պատնեշը և  շարժվել առաջ»:

Տեսանյութը դիտել այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում