Եվրոպան չի վստահում առաջատար ԶԼՄ-ների տեղեկատվությանը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող ճգնաժամի լուսաբանման վերաբերյալ

Եվրոպան չի վստահում առաջատար ԶԼՄ-ների տեղեկատվությանը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող ճգնաժամի լուսաբանման վերաբերյալ

ICM Research բրիտանական հայտնի ընկերությունը, «Սպուտնիկ» գործակալության հետ համատեղ, հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքանով են Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի բնակիչները վստահում իրենց երկրների առաջատար ԶԼՄ-ներին՝ ուկրաինական ճգնաժամի լուսաբանման հարցում:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Գերմանիայում ու Հունաստանում հարցմանը մասնակցած բնակչության կեսից ավելին չի վստահում առաջատար ԶԼՄ-ների տեղեկատվությանը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող ճգնաժամի լուսաբանման մասին: Ազգային լրատվամիջոցների օբյեկտիվությանը կասկածում են նաև ֆրանսիացիների մոտ կեսն ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեկ երրորդը:

Այն հարցին, թե որքանո՞վ եք վստահում ձեր երկրի առաջատար ԶԼՄ-ներին՝ ուկրաինական ճգնաժամի անկողմնակալ իրազեկման առումով, հարցվածների կեսից ավելին՝ 54 տոկոսը, ասել է, որ չի վստահում: Սեփական երկրի ԶԼՄ-ներին ամբողջությամբ վստահում է միայն հարցվածների չորս տոկոսը:

Ինչո՞ւ են եվրոպացիները, մասնավորապես՝ հարցմանը մասնակցած երկրների քաղաքացիները, ավելի շատ հակված հավատալու այլընտրանքային լրատվամիջոցներին, քան սեփական երկրի առաջատար ԶԼՄ-ներին՝ Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատել է, որ տվյալ պարագայում լրատվամիջոցները կարող են արտացոլել այն դիրքորոշումը, որն ավելի համահունչ է երկրի կողմից իրականացվող քաղաքականությանը: «Իրական խնդիրն այն է, որ չնայած խոսքի ազատությանը, որը բնորոշ է լրատվամիջոցներին, ամեն դեպքում, դրանք որոշակի սահմանափակումներով են գործում՝ պայմանավորված և խմբագրական քաղաքականությամբ, և ընդհանուր դիրքորոշմամբ: Բնականաբար, խնդիրն այն չէ, թե արդյոք կարելի է հավատալ կամ չհավատալ, այլ այն է, որ ինչպես այս երկրներում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում կան լրատվության այլընտրանքային միջոցներ»,-պարզաբանում է քաղաքագետը:

Ժողովրդավարության հիմնական դրույթներից մեկը այլընտրանքային լրատվամիջոցն է, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս տեղեկություն ստանալ այլ աղբյուրներից եւս: «Հետեւաբար հետաքրքրվող քաղաքացին կարող է ունենալ հնարավորություն՝ լսելու ոչ միայն մեկ տեսակետ, այլ նաեւ օգտվել այն աղբյուրներից, որոնք կարող են այլ տեսակետ ներկայացնել տվյալ իրադարձության վերաբերյալ: Կյանքը չի ավարտվում մեկ օրում. անցնում է ժամանակ և իրադարձությունը ստանում է ավելի օբյեկտիվ, գուցե, ավելի ճշմարիտ պատկեր: Նույն իրադարձության վերաբերյալ ավելի չեզոք և օբյեկտիվ տեսակետ է ձեւավորվում: Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունները կարող են հանդես գալ որպես դրա վառ օրինակ»,-նշել է Մարկարովը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ուկրաինական հակամարտության վերաբերյալ արեւմտյան լրատվամիջոցների լուսաբանման օբյեկտիվությանը, ապա քաղաքագետի համոզմամբ, փաստերն ամենուր էլ նույնն են. խնդիրն այն է, թե ինչպես են դրանք վերլուծվում, մեկնաբանվում: «Իսկ այստեղ լրատվամիջոցները և լրագրողները արդեն գործում են համապատասխանաբար՝ կամ սահմանների մեջ, կամ մասնագիտական խղճի շրջանակում»,-նկատել է քաղաքագետ Մարկարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում