Անիի ավերակների և Արարատ լեռան վերադարձը կարող է համարվել Թուրքիայի ներողության խորհրդանշական քայլ. Թեսա Հոֆման

Անիի ավերակների և Արարատ լեռան վերադարձը կարող է համարվել Թուրքիայի ներողության խորհրդանշական քայլ. Թեսա Հոֆման

Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Գերմանիայի կողմից հստակ դիրքորոշման փոխարեն խուսափոխական վերաբերմունքը պայմանավորված է ոչ այնքան Թուրքիայի ազդեցությամբ, այլ այն հանգամանքով, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են ընտրությունների ժամանակ զրկվել երկրի թուրք ազգաբնակչության ձայներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց հայտնի գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը, ում խորին համոզմամբ դաշնային կառավարության նման դիրքորոշումը ոչ միայն վնասում է Գերմանիայի հայերի զգացմունքները, այլև վիրավորում է այն էթնիկ թուրքերին, ովքեր ճանաչել են կատարվածը որպես Ցեղասպանություն:

-Ինչպե՞ս կգնահատեք Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

-Գերմանիայի կառավարությունը խուսափողական դիրքորոշում է որդեգրել: Դաշնային կառավարությունն իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար հրաժարվել է որևէ իրավական բնորոշում տալ, թե արդյոք 1915 թվականի «վտարումն ու կոտորածները» ցեղասպանություն են, թե ոչ: Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ դա երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի խնդիրն է՝ սկսելու երկխոսություն՝ հաստատելու պատմական ճշմարտությունը «վտարման և կոտորածների» վերաբերյալ: Այս կերպ Գերմանիան ոչ միայն իր վրայից օտարել է պատասխանատվությունը` իր հստակ դիրքորոշումն ունենալու ցեղասպանության հարցում, որը համապատասխանում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի սահմանմանը, այլև խուսափում է իր հստակ սեփական դիրքորոշումից: Բացի այդ, պաշտոնական Գերմանիայի «վտարման» մասին բնորոշումը ամբողջությամբ չի համապատասխանում «արտաքսման» և «բնակչության բռնի տեղահանման» այն իրավական հիմքերի հետ, որոնք ամրագրված են Միջազգային քրեական դատարանի՝ 1998 թվականին ընդունված Հռոմի Կանոնադրության մեջ՝ որպես «հանցագործություն մարդկության դեմ», իսկ Կանոնադրության մեջ ասվում է, որ արտաքսումն ու բռնի տեղահանումները հանցագործություն են մարդկության դեմ, մինչդեռ վտարումը՝ ոչ: Օսմանյան կայսրության հայազգի բնակիչները ոչ միայն ուղղակի արմատախիլ են արվել և տարվել դեպի մոտակա սահմանները, այլև զինված պահակախմբի ուղեկցությամբ տարվել են երկրի խորքերը, նրանք մատնվել են զանգվածային սովամահության: Բռնի տեղահանության իրականացման պայմանները ցույց են տալիս, որ աքսորյալների փրկությունը նախատեսված չի եղել:

Երկրորդը, Դաշնային կառավարությունը ձևացնում է, թե դեռևս կա ակադեմիական հաստատման անհրաժեշտություն, թե արդյոք արտաքսումն ու կոտորածները ցեղասպանություն են եղել: Այդ կերպ, նա հերքում է առնվազն երեք տասնամյակների ցեղասպանագիտական և պատմագիտական ոլորտում ակադեմիական նվաճումները: Այդ ուսումնասիրությունների մեջ ներգրավվել են ինչպես հայ և թուրք, այնպես էլ այլ էթնիկ պատկանելության գիտնականներ:

Երրորդը, նման կերպ գերմանական կառավարությունը մտադրված և շարունակական կերպով մերժում է Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նվաճումները, որոնք արձանագրվել են Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից (ICTJ): Իսկ վերջինս իր զեկույցում նշել է, որ 1915-ի «դեպքերը» համապատասխանում են Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ձևակերպմանը:

-Գերմանիայի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է 1915 թվականի դեպքերն անվանել «ցեղասպանություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ նման դիրքորոշում ունի մի երկիր, որն իր պատմության ընթացքում ևս ունեցել է ցեղասպանություն, սակայն քաջություն է ունեցել առերեսվելու իրականությանը և ներողություն խնդրելու Հոլոքոստի համար:

-Ինչպես նշեցի, Դաշնային կառավարությունը, ինչպես նաև գերմանական օրենսդիր մարմինը երբևէ չի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը «վտարման և կոտորածների» համար: Գերմանիան պատասխանատու է ոչ միայն Հոլոքոստի, այլև այն ցեղասպանության համար, որը տեղի է ունեցել Նամիբիայում 1904-1908 թթ. ընթացքում: Հերերո և Նամա ցեղախմբերի դեմ իրականացված ցեղասպանությունը շատ զուգահեռներ ունի Հայոց ցեղասպանության հետ: Պարտվելով գերմանական գաղութային ուժերի կողմից՝ Հերերո ցեղախմբի ներկայացուցիչները տարվել են Օմահեկե անապատ, որտեղ տասնյակ հազարավորները զոհվել են սովից և ծարավից: Հերերոյի տղամարդիկ մահանում էին գերմանական համակենտրոնացման ճամբարներում ստրկական աշխատանքից և բռի վերաբերմունքից: Մինչ օրս գերմանական կառավարության միայն մեկ անդամ՝ Հայդե Վիսցողեկ-Զոյլն է 2004 թվականին՝ այդ դեպքերի հարյուրերորդ տարելիցին ներողություն խնդրել ցեղասպանության համար: Ո՛չ գերմանական կառավարությունը, ո՛չ էլ գերմանացի օրենսդիրները երբևէ չեն ընդունել Հերերոյի կողմից հնչեցված պահանջները տարածքի և անասունների համար, որոնք բռնագրավվել էին գերմանացի գաղութարարների կողմից 20-րդ դարասկզբին և ե րբեք այլևս չեն վերադարձվել: Գերմանիայի պատմության պետական թանգարանը «դեպքերն» անվանում է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ զինված ապստամբություն ընդդեմ գերմանական գաղութարար իշխանությունների և որպես պատերազմ:

Ճիշտ նույն ձևով Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կոտորածների և մահվան երթերի ցեղասպանական մտադրությունը՝ հենվելով «Վանի ապստամբության վրա»: 1915-ին Գերմանիան ոչ միայն իր թուրքական դաշնակցի կողքին գտնվող աջակից էր, որը քաջատեղյակ էր ողջ երկրում տեղի ունեցող կոտորածներից, այլև այն իր օգուտը քաղեց Բաղդատի երկաթգծի վրա հայ տղամարդկանց, կանանց և երեխաների անվճար ստրկական աշխատանքներից:

Դժվար է սահմանել, թե որն է Գերմանիայի նման խուսափողական դիրքորոշման պատճառը: Ես չեմ կարող հավատալ, որ այս ամենը Թուրքիայի ազդեցության հետևանքով է, քանի որ Գերմանիան հզոր, ժողովրդավար երկիր է, որն ամբողջական տնտեսական կախում Թուրքիայից չունի: Նախորդ տարիների ընթացքում գերմանացի խորհրդարանականների ելութներից ենթադրում եմ, որ նրանք վախենում են կորցնել թուրք ընտրազանգվածի ձայները: Սակայն գերմանացի պատգամավորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց խուսափողականությունը և անկողմնորոշվածությունը ոչ միայն մշտական ցավ են պատճառում Գերմանիայի հայ համայնքին, այլև վիրավորում են թուրքական էթնիկ պատկանելություն ունեցող այն անձանց, ովքեր ճանաչում են պատմական ճշմարտությունը:

-Փոխհատուցման խնդիրը կարևոր դեր ունի միջազգային իրավունքի ոլորտում: Ի՞նչ քայլերով Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հարցում իր պատասխանատվությունը:

-Թեև ես իրավաբան չեմ և չունեմ իրավասություն պատասխանելու այս հարցին, սակայն թույլ տվեք սկսել այն երեք հիմնական պահանջներից, որոնք ի հայտ են եկել մարդու իրավունքների բնագավառում իմ ունեցած փորձառության ժամանակ: Առաջինը, 2011 թվականից ի վեր ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պարբերաբար կոչ է արել Թուրքիային վերադարձնել բռնագրավված և դեռևս թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող եկեղեցական գույքը հայ առաքելական, հույն ուղղափառ և ասորական եկեղեցիներին: Երկրորդը, պետք է անմիջապես վերջ դրվի հայկական եկեղեցական և աշխարհիկ ճարտարապետական ժառանգության ոչնչացմանը կամ դրանք բախտի քմահաճույքին թողնելուն: Հայկական ճարտարապետական ժառանգության վերականգնումը պետք է իրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և չդառնա այդ հուշարձաններից հայկական ինքնությունը վերացնելու փորձ: Երրորդը, ամոթալի է, որ չնայած երկար տարիներ շարունակ միջազգային և ներպետական շրջանակների կողմից հնչեցված քննադատությունների՝ Թուրքիայի պատմության դասագրքերը դեռևս պարունակում են պատմության խեղաթյուրման բազմաթիվ դեպքեր, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումն ու նվաստացումը: Բայց վատագույնն այն է, որ հայերը ներկայացվում են որպես թուրքական պետական անվտանգության մեծագույն սպառնալիք: Այս ատելություն սերմանող կրթությունը հայկական փոքրաթիվ՝ 50 հազարի հասնող համայնքին և շուրջ 15 հազար ապօրինի աշխատանքային ներգաղթյալներին լուրջ վտանգի տակ է առնում:

Պատմական հայրենիքի կորուստը, որն անվանվում է «հայրենազրկում», Հայաստանում և հայկական սփյուռքում համարվում է իրենց նախնիների նկատմամբ կիրառված ցեղասպանության արդյունք: Հայրենիք ունենալու անհատական իրավունքը միջազգայնորեն ընդունված և անբեկանելի տարրական իրավունք է: Հայերը պետք է իրավունք ունենան օգտվելու այս իրավունքից ազատ և անվտանգ կերպով: Բացի այդ, Անիի ավերակների և Արարատ լեռան վերադարձը կարող է համարվել Թուրքիայի ներողության խորհրդանշական քայլ և հաշտեցման կամք: Հայկական տեղանունների վերականգնումը քաջալերելը ևս պետք է տեղի ունենա պատմական հայկական բնակավայրերում: Զանգվածային կոտորածների վայրերում պետք է սկսել կանգնեցնել հուշարձաններ, ինչպես նաև կրթական կենտրոններ: Ցեղասպանության ոճրագործների, ինչպիսիք են Թալեաթը, Էնվերը և այլոք, անձի պաշտամունքը պետք է դադարեցվի և փոխարենը հիշատակվեն նրանք, ովքեր փրկել են կամ փորձել են փրկել հայերի կյանքը:

Իր ժամանակակից պատմության ընթացքում Թուրքիան ցեղասպանությունն ու մասնավորապես տեղահանությունն օգտագործել է որպես իր ժողովրդագրական քաղաքականության գործիք, իսկ դրա իրականացման մեջ ներառվել է մուսուլմանների, հատկապես սունիների լայն զանգված: Նմանօրինակ դեպքեր են տեղի ունեցել 1895-1896, 1909, 1912-1922, 1955 թվականներին: Թուրքիայում քաղաքական որոշումներ ընդունողները և հասարակական առաջնորդները պետք է գիտակցեն, որ ցանկացած հասարակություն և պետություն, որը հիմնված է նման մեթոդների վրա, թուլացնում է քաղաքակրթությունը, մարդասիրությունն ու նաև կայունությունը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ո՞րն է Ձեր կոչը միջազգային հանրությանն ու Թուրքիային:

-Անմարդկային դեպքերի ճանաչումից հրաժարվելը կարող է հանգեցնել դրանց կրկնությանը: Այս կոնտեքստում պետք է հիշատակել Հիտլերի ցինիկ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Հիտլերի այս հռետորական հարցը հնչեց 1915-ից ընդամենը 24 տարի անց, երբ նա պատրաստվում էր հարձակվել Լեհաստանի վրա և ցանկանում է համոզել գերմանացի ռազմական առաջնորդներին չվախենալ միջազգային արդարադատությունից կամ վրեժից: Հարյուր տարի անց մեկ առերեսվում ենք հետևյալ իրադրությանը. մարդու իրավունքների բնագավառում հայերի համառ պահանջների շնորհիվ 1915-ի Հայոց ցեղասպանությունը մոռացված չէ, հակառակը, միջազգայնորեն լավ հիշվում է: Միևնույն ժամանակ մենք բախվում ենք այնպիսի քաղաքական գործիչների հետ, ում համառ խուսափողականությունը խարխլում է ցեղասպանության հիշողության դրական ազդեցությունը: Կարո՞ղ է երեք միլիոն մարդ սպանվել, իսկ կազմակերպիչները դրանից հետո հանգիստ ապրեն. օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ 3 միլիոն քրիստոնյաների դեպքում, ովքեր սպանվեցին 1912-1922 թթ. ընթացքում, դրանց կազմակերպիչներն իրենց կյանքն ավարտեցին առանց արդար հատուցման: Բայց նրանց հանցագործությունները կարող է և պետք է համապատասխան կերպով գնահատականի արժանանան ժամանակակից քաղաքական գործիչների և պետական անձանց կողմից: Ցեղասպանության կոնտեքստում խուսափողականությունը փոխակերպվում է հետագա հանցագործությունների քաջալերման:

-Որպես գիտնական` ինչպե՞ս եք պատրաստվում նպաստել գալիք սերունդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը:

-Հայոց ցեղասպանությունը շատ լավ ուսումնասիրված դեպք է: Միաժամանակ այն ունի շատ որոշակի գենդերային առանձնահատկություններ: Հայոց ցեղասպանության ընթացքում կանանց ասպեկտները շատ ավելի քիչ են ուսումնասիրվել: Ժամանակն է եկել լրացնել այս բացթողումը, և անել դա համեմատական ճանապարհով: Որպես սկզիբ` մենք վերջերս Բեռլինում կազմակերպել էինք միջազգային սեմինար «Գենդեր, բռնություն, ցեղասպանություն» խորագրով, որտեղ խոսվում էր հայերի և բոսնիացիների, ԻԼԻՊ-ի ռեժիմի պայմաններում եզդիների հետ կատարվածի, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի վերջ ում գերմանացի կանանց ճակատագրի մասին: Որպես գերմանացի գիտնական` ես ինձ պարտավորված եմ զգում իմ ներդրումն ունենալ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ գերմանացիների դերի և դիրքորոշման ուսումնասիրություններում:

Առաջիկայում նախատեսո՞ւմ եք այցելել Հայաստան:

-Ես ստիպված էի մերժել ապրիլի 24-ին հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերը Բեռլինում ունեցած զբաղվածության պատճառով: Սակայն ես մասնակցելու եմ Երևանում հուլիսի կեսերին կայանալիք Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հավաքին:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում