Ղարիբաշվիլին տարածաշրջանների զարգացման ծրագրի շնորհանդեսն սկսել է Ջավախքից

Ղարիբաշվիլին տարածաշրջանների զարգացման ծրագրի շնորհանդեսն սկսել է Ջավախքից

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սամցխե-Ջավախքի մայրաքաղաքում՝ Ախլցխայում, ներկայացրել է «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, գործարարներ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վարչապետը հիշեցրել է, որ այդ նախագծի պատրաստման աշխատանքն ինքը տնտեսական թիմին հանձնարարել էր մի քանի ամիս առաջ եւ այսօր արդեն յուրաքանչյուր տարածաշրջանի համար պատրաստվել է իր առանձին ծրագիրը: Նա նշել է, որ ամեն շաբաթ կներկայացվի կոնկրետ տարածաշրջանի գործողությունների ծրագիրը:

«Գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լինի Վրաստանի տարածաշրջանների զարգացմանը, քանի որ ես եւ կառավարության անդամները համակարծիք ենք, որ առանց ուժեղ տարածաշրջանների հնարավոր չէ Վրաստանի գոյությունը: Հենց ելնելով դրանից՝ մենք նախաձեռնեցինք «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Մեզ համար դա կլինի գլխավոր շարժիչ ուժը: Դա հետաքրքրական կլինի յուրաքանչյուր գործարարի համար: Եվ այժմ, երբ մենք սկսում ենք այս նախագիծը, կարծում ենք, որ այն եւս մեկ հետաքրքիր քայլ է, որը պետք է իրական օգուտ բերել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում