Դեր Զորից բերված մասունքները կամփոփվեն Ստեփանակերտի զանգակատանը

Դեր Զորից բերված մասունքները կամփոփվեն Ստեփանակերտի զանգակատանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միայն ապրիլի 24-ին հիշատակելով չեն սահմանափակվի: Միջացոումներ, գիտաժողովներ, մշակութային եւ քաղաքական հանդիպումներ նախատեսվում է անցկացնել ողջ տարվա ընթացքում: «Արմենպրես» -ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ ապրիլի կեսերին Արցախի մայրաքաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-զանգակատան բացման արարողությունը:

«Այն յուրատեսակ կառույց է եւ կդառնա Հայոց ցեղասպանությանը նվիրված կարեւորագույն հուշակոթողն Արցախում: Զանգակատան հիմքում կթաղվեն Դեր Զորից բերված մասունքները, որոնք մեզ է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը: Զանգակատունը կդառնա մի վայր, որտեղ արցախցիները կգան եւ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Տարվա ընթացքում կանցկացվեն գիտական միջոցառումներ, որին կմասնակցեն նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետներ: «Կքննարկվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին նյութերը, փաստերը, այլեւ ցեղասպան քաղաքականությունը Թուրքիայում եւ Ադրբեջանում: Հայոց ցեղասպանության շրջանը ընդգրկել է Արցախը. 1920թթ. տեղի են ունեցել Շուշիի ջարդերը: Այդ ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաեւ 20-րդ դարի վերջին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում: Այս ամենը դիտարկում ենք մեկ թեմայով: Մենք համոզված ենք, որ Ցեղասպանությունը հնարավոր եղավ պետականություն չունենալու պայմաններում: Հետեւաբար, միակ եւ ամենաարդյունավետ մեթոդը ցեղասպանությունից խուսափելու` ուժեղ պետության առկայությունն է, որը մենք այսօր ունենք: Մեկ հայրենիք երկու պետություն. սա մեր ամենամեծ նվաճումն է ամենամեծ ձեռքբերումը, որը պետք է կարողանանք պահպանել եւ զարգացնել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հայոց ցեղասպանության տարելիցին Արցախում ավելի քան երեք տասնյակ մշակութային եւ երիտասարդական միջոցառումներ կիրականացվեն: Դրանք համերգներ են, ներկայացումներ, ցուցահանդեսներ:

«Արցախի պետական կամերային նվագախումբը 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Լոս Անջելեսում եւ Բոստոնում: Կկայանա Հրայր Բազեի «100» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Շուշիում կկայանա նաեւ «Ռեքվիեմ» ներկայացումը, որի նախաձեռնողը Լյուբով Կազարնովսկայան է»,- ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը` հավելելով, որ միջոցառումների, գիտական քննարկումների ժամանակ պահանջատիրության հետ միասին կներկայացվեն ազգային-ազատագրական մարտերը, ինքնապաշտպանական մարտերը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում