Սփյուռքի հայկական դպրոցների գրականության ողջ պահանջարկը կբավարարվի

Սփյուռքի հայկական դպրոցների գրականության ողջ պահանջարկը կբավարարվի

ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվա­կանի «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրով կբավարարվի Սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի դպրոցների ողջ պահանջարկը կբավարարվի:

Տրամադրվող գրականությունը մշակվել է ըստ համապատասխան երկրների, համայնքների, կրթօջախների առանձնահատկությունների, կրթական կարիքների բազմազանության, արևմտահայերեն խոսող սփյուռքահայ հատվածի պահանջների:

«Հատուկ ուշադրության կենտրոնում են հատկապես արևմտահայերեն դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի մշակման խնդիրները, գնալով ավելանում է սփյուռքին անհրաժեշտ մանկական գրականության, ազգային երգի ու պարի ձեռնարկների, ժամանակակից մեթոդական ու դիդակտիկ նյութերի, բառարանների, ինքնուսույցների, զրուցարանների պահանջարկը:

Վերջին տարիներին գնալով ավելանում է գրականության ձեռքբերման խնդրով դիմող Սփյուռքի կրթական հաստատությունների, գրադարանների, ուսումնական, մշակութային, համայնքային կազմակերպությունների, այլ հաստատությունների թիվը, աճում է հայտերի և պահանջվող նյութերի թիվը, որը պայմանավորված է կրթական գործի կազմակերպման որակական փոփոխություններով, ինչպես նաև մեկօրյա դպրոցների ստեղծմամբ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում