AM | RU
USD
EUR
RUB

«Մեզ ինչ էլ լիներ, ոչինչ. կարեւորը` էրեխեքս փրկվեին». հայաթափված Գետաշենից մինչեւ ազատագրված Քարվաճառ

 

1991 թ. մայիսի մեկի առավոտյան Գետաշեն գյուղի բնակչուհի տիկին Գրետան գնացել էր հարեւանի տուն` միս գնելու: «Տուն գնալիս տեսա` վերեւի թաղից փոքր երեխաներ էին վազելով իջնում: Կանգնացրի, ասացի Մինաս, առավոտ շուտ ու՞ր եք վազում: Ասաց` Գրետա տոտա, տանկը մեր դռան առաջ կանգնած ա, մեր շուշաբանդը կրակեցին, շուշեքը թափեցին: Ասացի` հիմա տանկը ձեր դռան առաջն ա, ասաց` հա: Ասացի, ուրեմն գյուղի վերեւից մտել են..մենք մեր ավտոն վերցրինք ու իջանք գյուղամեջ», հայրենի գյուղը կորցնելու ու գաղթի ճամփան բռնելու ծանր պատմությունն է սկսում այսօր արդեն Քարվաճառի բնակչուհի Գրետա Մարկոսյանը:

«Մենք որ շուտ իջանք գյուղամեջ, հետո իմացանք, որ մեր թաղից կանանց են առեւանգել, երեխաների.. ճիշտ է` բաց են թողել հետո, բայց դե ջարդած, թակած…մենք որ գնացինք գյուղամեջ, դրանով այդ օրը հարձակումից փրկվեցինք»:

Հայկական Գետաշեն գյուղում անհանգստություններ զգացվել են արդեն 1988-ից, արցախյան շարժման սկզբից: «Մի երկու տարի մեր կապը Հայաստանի հետ միայն ուղղաթիռով է եղել, անհանգստություններ շուտ ենք զգացել, բայց հենց մեր գյուղի վրա հարձակում մայիսի մեկին եղավ», հիշում է տիկին Գրետան:

Չարաբաստիկ այդ օրը շեն ու բարգավաճ Գետաշենն ավերվել է ադրբեջանական ու խորհրդային զենքից:

«Առավոտը տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով հարձակվեցին: Ինչպես արդեն ասացի, մենք գնացինք գյուղամեջ: Էդտեղ ահագին կռիվ եղավ: Թաթուլ Կրպեյանն էր մեզ հետ: Կին, էրեխեք հավաքվեցինք մի տեղ, ֆիդայինները մեզ պաշտպանում էին: Այդ օրը երեկոյան ադրբեջանցիները հետ քաշվեցին: Հաջորդ առավոտ գնացինք մեր տուն, գնացինք տեսանք, որ էլ տուն չկար, էնքան տանկով կրակել էին, պատերի սվաղն էլ էր թափվել: Բայց թե ինչ շեն տուն ունեի, չեմ կարող նկարագրել. ամբողջն ավերել էին»:

Չնայած տեղում ինքապաշտպանություն կազմակերպվում էր, բայց հատկապես ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո գետաշենցիները հասկանում են, որ պետք է գոնե երեխաներին տեղափոխել ապահով վայր. ուժերն անհավասար էին:
«Ուղղաթիռներ եկան, որ երեխաներին տանեն: Ես իմ երեք երեխաներին, երկու աղջկաս ու մի տղայիս, այդ օրը ճանապարհեցի: Տղաս այդ տարին տասներորդ դասարանում էր սովորում, Թաթուլ Կրպեյանն իր հետ պատմություն էր պարապում, շատ լավ էր սովորում տղաս», պատմում է տիկին Գրետան ու ավելացնում. արդեն Ծաղկաձորում դպրոցն արծաթե մեդալով է ավարտել ու ընդունվել ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, Թաթուլի ֆակուլտետը, ինչպես տիկին Գրետան է ասում:

Երեխաներին ուղարկելուց հետո հանգիստ էր, կարելի է ասել` ուրախ, որ կարողացել է նրանց ապահով վայր ճանապարհել:

«Մենք ինչ կլինեինք, ոչինչ, կարեւորը` էրեխեքս փրկվեին: Սակայն լուր տարածվեց, թե երեխաների ուղղաթիռը թուրքերը շրջափակել են ու իջեցրել են: Անտանելի ապրումներ ունեցանք, այդ անհանգստությունը նկարագրել հնարավոր չի: Ուղղաթիռն իջեցրել էին, մի օր երեխաները մնացել են թուրքերի մոտ, բայց ոչ մի վնաս չէին տվել: Երեւանից եկել էին, երեխաներին տարել Ստեփանակերտ»:

Գետաշենից հայերին դուրս բերող վերջին մեքենան հայկական գյուղը լքել է մայիսի յոթին: «Մենք դուրս ենք եկել գյուղից ամսի յոթին, գյուղից դուրս եկող վերջին մեքենան է եղել: Մեզ բերեցին Կիրովաբադ (Գանձակ), այդտեղ իջեցրին: Այդտեղից մեզ ուրիշ ավտոբուսներով պետք է բերեին Երեւան: Կիրովադաբից Երեւան փախստականներին տեղափոխող շատ ավտոբուսներ թալանել են, մարդկանց վնաս տվել, ծեծել, փող, ոսկիներ են վերցրել: Մի թուրք եկավ մեզ մի ավտոբուս ցույց տվեց, թե այստեղ կնստեք: Ամուսինս թուրքերեն շատ լավ է հասկանում, ասաց, որ էդտեղ է ուղարկում, մենք մի ուրիշ ավտոբուս նստենք, երեւի մի բան կանեն: Բոլոր ավտոբուսների վարորդները թուրք էին. մի հոգի եկավ, հաշվեց, մեր ավտոբուսում 36 հոգի էինք: Վարորդին ասաց` այս մարդկանցից եթե մի հոգի պակասի, դու ես պատասխանատու, ոչ մի տեղ չկանգնես, ուղիղ կքշես, կգնաս մինչեւ վերջ: Ճանապարհով գնում ենք, բոլորը թուրքեր էին, մեծ-մեծ քարեր էին շպրտում ավտոբուսների վրա, սարսափելի ճանապարհ էր: Բայց վարորդն իրոք ոչ մի տեղ չկանգնեց, մեզ ապահով տեղ հասցրեց: Բայց դրանից հետո լսեցինք, որ ավտոբուսներ են շեղել ճանապարհից, թալանել են, ծեծել են մարդկանց…»:

Վախի ու արհավիրքների ճանապարհով գետաշենցի փախստականներին տեղափոխողող ավտոբուսը հասել է Հայաստան:

«Սահմանին սարսափելի տեսարան էր. մայրը երեխային էր կորցրել, կինն` ամուսնուն, լաց, կոծ… մի երեք-չորս ժամ մնացինք այդտեղ, ավտոբուսներ եկան, տարան պանսիոնատներ: Մեզ Ծաղկաձորում սենյակ տվեցին:

Ես ու ամուսինս եկանք, հասանք Հայաստան, բայց երեխաներս դեռ չկային: Ամեն օր մարդ ու կին գնում էինք Երեւան, Զվարթնոց օդանավակայան, որ տեսնենք, թե երեխաներին երբ կբերեն: Մի օր մի ինքնաթիռ իջավ, երեք երեխաներս իրար հետ իջան: Էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ ուրախություն էր…»:

Մարկոսյանների ընտանիքը Ծաղկաձորում ապրել է մոտ մեկ տարի: «Հետո որոշեցինք գնալ մի տեղ տեղավորվել, հիմնավորվել: Եկանք Վարդենիսի Նորաբակ գյուղում տեղավորվեցինք, մի տուն վերցրինք, կեղտոտ, հին տուն էր, մի կերպ մաքրեցինք, կամաց-կամաց ամեն ինչ ձեռք բերեցինք, քսան տարի էնտեղ ապրեցինք:

Աղջիկներիս ամուսինները, ովքեր եւս Գետաշենից են, Քարվաճառում զինծառայողներ են, աղջիկներս ընտանիքներով տեղափոխվեցին այստեղ, մենք էլ եկանք Քարվաճառ»:

Տիկին Գրետայի հինգ թոռնիկներն այժմ ապրում են Քարվաճառում, այստեղ են դպրոց գնում: Քարվաճառում բնակվող թոռնիկներից ամենամեծը` Արայիկը, շուտով զորակոչի տարիքի կլինի:

Հայրենի Գետաշենը մի վայրկյան անգամ մտքից չհանող կինն այսօր իր երեխաներով, իր թոռնիկներով ամրացել է հայոց ազատագրված Քարվաճառում: Գետաշենում բոլոր հայերն էին լավ ապրում, մեծ տնտեսություններ ունեին: 1991-ին ամեն ինչ թողել են թշնամուն ու մի կերպ միայն իրենց կյանքն են փրկել. «Ոչինչ չենք վերցրել մեզ հետ, տղաս միայն մեր նկարներն է վերցրել, տան նկարները, ու վերջ: Ես միայն մտածում էի էրեխեքիս փրկեմ, ինձ ուրիշ բան պետք չէր»:

Ու հիմա էլ, ապրելով ազատագրված Քարվաճառում, միայն խաղաղ երկինք է ուզում իր զավակների համար. ազատ ու խաղաղ Քարվաճառը սեփականը տունը մի անգամ կորցրած գետաշենցու իրավունքն է, նրա թոռնիկներն իրավունքը…

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan