Վիեննայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բարեգործական երեկո

Վիեննայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բարեգործական երեկո

Դեկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնի հանդիսությունների սրահում կազմակերպվել էր բարեգործական երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ավստրիայում անցկացված միջոցառումների ամփոփմանը և 2015թ. ընթացքում ծրագրված միջոցառումների իրականացմանը:

Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրիայի հանձնաժողովը՝ նախագահությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Իր ելույթում դեսպան Կիրակոսյանն ընդգծեց հանձնաժողովի և նրա կազմում ընդգրկված համայնքային կառույցների համընդհանուր ցանկությունն ու նպատակը՝ համատեղ ձեռնարկների միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրայնացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հայաստանի պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած և կատարելիք աշխատանքները, ծրագրած միջոցառումների բովանդակությունը, մասնավորապես՝ թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակության պատրաստվող գրքերի ու պատկերազարդ ալբոմների ցանկը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելուն միտված սույն ձեռնարկով հանձնաժողովը ակնկալում էր ավստրիաբնակ հայրենակիցների աջակցությունը` նպատակ ունենալով յուրաքանչյուր հայի կողմից նախատեսված միջոցառումների իրականացմանը նպաստելուն:

Միջոցառումն ուղեկցվում էր հայ դասական երաժշտության կատարումներով: Ելույթներով հանդես եկան երիտասարդ դաշնակահար Լևոն Ավագյանը, Գրացի լարային քառյակը, մեներգիչ, տենոր Դավիթ Վարդանովը:

Միջոցառումից հետո տեղի ունեցավ ընդունելություն և Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերի, ալբոմների, գեղանկարների բարեգործական աճուրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում