Օբաման Ադրբեջանում դեսպան է նշանակում ոչ թե դիվանագետի, այլ տնտեսագետի

Օբաման Ադրբեջանում դեսպան է նշանակում ոչ թե դիվանագետի, այլ տնտեսագետի

Ադրբեջանում զարմացած են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկությամբ Ադրբեջանում դեսպան է նշանակվում ոչ թե դիվանագետ, այլ տնտեսագետ: Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Ադրբեջանում դեսպանի թեկնածու Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի հարցը, ով մասնագիտացած է տնտեսական հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

Կայքը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանում դեսպանի պաշտոնում տնտեսագետի նշանակելով’ Վաշինգտոնը հասկացնել է տալիս Բաքվին, որ Ադրբեջանում իրեն հետաքրքրում է ոչ թե դիվանագիտությունը, այլ’ տնտեսական հարցեր:

Մինչ այդ Սեկուտան եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկայի, պատժամիջոցների եւ առեւտրի հարցերով տեղակալի օգնականը: 30 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Սեկուտան հիմնականում զբաղվել է տնտեսական հարցերով: Նա 2003-2007 թվականներին Բեռլինում, 2007-2009 թվականներին Տոկիոյում զբաղվել է տնտեսական հարցերով:

Գերմանիայում գտնվելու ժամանակ աշխատել է որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, զբաղվել է նաեւ ահաբեկչության եւ միջազգային հանցագործույունների դեմ պայքարի խնդիրներով:

Ռոբերտ Սեկուտան ԱՄՆ պետքարտուղարության էկոնոմիկայի եւ բիզնեսի հարցերով բյուրոյում աշխատել է նաեւ որպես խորհրդատու, տնտեսական քաղաքականության վերլուծությունների եւ հասարակական դիվանագիտության բաժնի տնօրեն, Իրաքի տնտեսական զարգացման խմբի եւ բիոտեխնոլոգիաների գծով հատուկ միջնորդ:

Ռոբերտ Սեկուտան ավարտել է Ջորջթաունի համալսարանը: Նա ազգային անվտանգության ռազմավարությունների գծով մագիստրոս է: Տիրապետում է գերմաներենին, ալբաներենին եւ արաբերենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում