ՀՀ-ում և Արցախում ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ.նախարար

ՀՀ-ում և Արցախում ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ.նախարար

Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

«Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը’ ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում