Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդակենտրոն Սահմանադրության ստեղծումն է

Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդակենտրոն Սահմանադրության ստեղծումն է

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել մասնագիտական մոտեցումները, կարող են գերակշռել նաև քաղաքական մոտեցումները: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Սահմանադրական հանձնաժողովը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, քանի որ 1995թ. ստեղծված Սահմանադրությունը իշխանակենտրոն Սահմանադրություն է և ոչ թե մարդակենտրոն: 1995թ. Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ հանրապետության նախագահը իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր ունեցած գերիշխող դիրքով: 2005թ. սահմանադրական փոփոխությունները, կարև? ?ր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման և պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան լուծել մարդակենտրոն Սահմանադրության ստեղծման պատասխանատվությամբ օժտված իշխանական համակարգի հիմնախնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ անկախության ձեռքբերումից գրեթե քառորդ դար անց մենք չենք կարող արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, կա կառավարման արդյունավետ համակարգ, և դատարաններն անկախ ու համաչափ են: «Սա մենք արձանագրել ենք ուղղակիորեն մեր հայեցակարգի նախագծում, և դա է պատճառը, որ հայեցակարգի ելակետը հենց համակարգային փոփոխություններն են: Այդ փոփոխությունների հիմնական նպատակներն են ժողովրդավարական իրավական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքների գերակայության երաշխավորումը»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ իրավական պետությունում իշխանությունը սահմանափակվում է մարդու անմիջական գործող հիմնական իրավունքներով, իսկ պետական իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: «Մեր Սահմանադրությունում դա ամրագրված է, սակայն ամրագրված է այնպես, որ իրական կյանքում չունենք իշխանությունների իրական հավասարակշռում, այլ ունենք գերկենտրոնացված իշխանություն հանրապետության նախագահի ձեռքում»,- նշեց սահմանադրական հանձնաժողովի անդամը:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 15-ը: Արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել արդեն հրապարակված և բոլորի դատին ներկայացված հայեցակարգի նախնական տարբերակում, որոնք առաջիկայում կդառնան քննարկման առարկա: «Մենք մոտակա ժամակներում հայեցակարգը քննարկելու ենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Հոկտեմբերի 10-11-ին Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը պետք է իր դիրքորոշումը հայտնի սահմանադրական բարեփոխումների վե րաբերյալ, իսկ հոմտեմբերի 15-ին հայեցակարգը ներկայացվելու է հանրության դատին: Ելնելով հանրապետության նախագահի վերջին ելույթից՝ պարզ է դառնում, որ սկսվելու է քաղաքական քննարկումների փուլը»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում