Անկարան այլեւս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ. The Wall Street Journal

Անկարան այլեւս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ. The Wall Street Journal

Ամերիկյան ազդեցիկ The Wall Street Journal հանդեսը Իարքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից ստեղծված միջազգային կոալիցիային մասնակցությունից Թուրքիայի հրաժարումը խիստ քննադատող հոդված է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անկարան այլեւ ԱՄՆ-ի դաշնակիցը չէ» վերնագրով հոդվածում հանդեսը գրում է, որ շուրջ 60 տարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է մասնակցել այդ կոալիցիային, այլ նաեւ մերժել է այդ կոալիցիայի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ օգտագործել ԱՄՆ-ի ուժերին պատկանող իր տարածքում գտնվող Ինջիռլիքի ավիաբազան:

Հանդեսը հիշեցրել է, որ Թուրքիան 2003 թվականին հրաժարվել էր Սադամ Հուսեյնի կառավարությունը տապալելու համար օդային հարվածներ կազմակերպելու նպատակով իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ի եւ միջազգային ուժերին:

«Ամերիկյան բանակն ու կոալիցիոն ուժերը ԻԼԻՊ-ին օդային հարվածներ հասցնելու համար այլ ճանապարհներ կգտնեն: Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը մոտ 1200 կմ է: Բնական է, որ Թուրքիան չի կարող միայնակ դիմագրավել ԻԼԻՊ-ի հնարավոր գործողություններին: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այդ քայլը հերթական անգամ հիասթափություն է առաջացրել Վաշինգտոնում: Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնեն բացահայտ հավաստեց, որ թուրքական կառավարությունը հանդիպումներ է ունեցել Սիրիայում Ալ Կաիդայի թեւ «Ալ Նուսրա ճակատ» եւ այլ ահաբեկչական խմբավորում? ?երի ղեկավարների հետ, ինչի համար Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նրան անցանկալի անձ էր հայտարարել: Բացի այդ, ահաբեկիչ ջիհադականները Սիրիա եւ Իրաք մեկնելու համար բացահայտ կերպով օգտագործում են Թուրքիայի տարածքը:

Էրդողանի կառավարությունը Գազայում երկար ժամանակ բացահայտ կերպով աջակցություն է ցուցաբերում «Համաս» խմբավորմանը եւ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիր չի կատարում իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առաջ: Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային չմասնակցելու երկու պատճառ է բերում. Մոսուլում իր հյուպատոսության աշխատակիցների’ ԻԼԻՊ-ի մոտ պատանդ պահվելն ու ԻԼԻՊ-ին ուղարկվելիք զենքերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ձ եռքն անցնելու հնարավորությունը: Բայց չէ որ ԻԼԻՊ-ի ձեռքում միայն թուրքեր չեն պատանդ պահվում, իսկ Ինջիռլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի գործողությունների համար փակելը զենքերի հետ կապված պատճառ չի կարող հանդիսանալ», -գրում է հանդեսը:

Ամերիկյան հանդեսը նշում է, որ անհնար է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը իր համար նոր տարածաշրջանային դաշնակից չգտնի:

«Այստեղ ամենալավ այլընտրանքն ամերիկյան ուժերին աջակցություն ցուցաբերած եւ մյուս դաշանկիցներին հակառակ’ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար զորք ուղարկելու պատրաստ քրդերն են: Ակնհայտ է, որ եկել է շուրջ 60 տարի ամերիկյան օդուժի կողմից օգտագործվող թուրքական Ինջիռլիքի փոխարեն Հյուսիսային Իրաքի քրդական հողերում Վաշինգտոնի կողմից իր համար նման նոր ռազմաբազա ստեղծելու ժամանակը: Հնարավոր է’ ԱՄՆ-ն Անկարայում արդեն բարեկամներ չունի, բայց դա չի նշանակում, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի համար այլընտրանք չի մնացել», -ընդգծում է The Wall Street Journal-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում