Թուրքիայի հայկական դպրոցները մի շարք խնդիրների առաջ են կանգնած

Թուրքիայի հայկական դպրոցները մի շարք խնդիրների առաջ են կանգնած

Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների նման հայկական համայնքն ևս ունի կրթական խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս խնդիրների վերաբերյալ «Ակոս» պարբերականը զրուցել է «Թուրքիայում բնակվող հայերի կրթական խնդիրները» աշխատության հեղինակ Գյոզդե Յըլմազի հետ:

Խոսելով կրթական համակարգում առկա բացթողումների մասին’ Յըլմազը նախ նշել է, որ փոքրամասնությունների դպրոցները գերազանցապես տեղակայված են հին շենքերում, որոնք վերականգնելու կարիք ունեն, մինչդեռ համայնքների նյութական միջոցները չեն բավականացնում դպրոցների շինությունները վերանորոգելու համար:

Որպես հայկական համայնքի կրթական մեկ այլ խնդիր են մատնանշվում դասագրքերը, որոնք հայերեն են թարգմանվում և հրատարակվում Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից: Ակնհայտ երևում է, որ թուրք հեղինակները դասագրքերում որպես առաջնային պլան են մղում թուրքական ինքնությունը: Բացի այդ, գրքերում տեղ են գտնում այնպիսի աղբյուրներ, որոնցում կան խտրականություն կամ ատելություն սերմանող արտահայտություններ:

Հայկական դպրոցներում հայերեն անցկացվող առարկաները դասավանդում են պայմանագրային ուսուցիչները, իսկ արդեն թուրքերեն և մշակույթ դասավանդող ուսուցիչները նշանակվում են կրթության նախարարության կողմից: Դպրոցի տնօրենի օգնականը պարտադիր լինում է թուրք’ կրկին նշանակված նախարարության կողմից, ինչը ոչ հազվադեպ պատճառ է դառնում էթնիկ կամ ինքնության խնդրի:

Քանի որ քննություններն այս դպրոցներում պարտադիր անցկացվում են թուրքերեն, աշակերտները ստիպված են լինում սովորելու ժամանակ նախապատվություն տալ հենց թուրքերենին, այլ ոչ թե հայերենին:

Յըլմազը որպես հայկական դպրոցների առջև ծառացած խնդիրների լուծում առաջարկում է պետական բյուջեից մշտապես հատկացումներ կատարել դպրոցներին’ հաշվի առնելով այն, որ դրանք գտնվում են Թուրքիայի Հանրապետության տարածքում, իսկ այդ դպրոցների սաները Թուրքիայի քաղաքացիներ են: Բացի այդ, Յըլմազի համոզմամբ, ճիշտ կլինի, եթե որևէ արգելք չդրվի վերոնշյալ հայկական դպրոցներում Հայաստանից եկած հայերի երեխաների սովորելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում